Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոնֆորմիզմը մերժողների ժամանակը

Կոնֆորմիզմը մերժողների ժամանակը
01.10.2013 | 15:55

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեման առաջիկայում Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվելիք համաներումն է:

Այսօր արդեն ակնհայտ է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկին: ԱԺ պատգամավորներն էլ 104 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանության են արժանացրել մշտական հանձնաժողովի առաջարկը:
Հասարակության քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող հատվածին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ազատ կարձակվի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Հիշեցնենք, որ նա երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ և մեղադրվում է խուլիգանության, իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ (ՀՀ քրօր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 316 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ի ընդունած չափորոշիչներով Տիգրան Առաքելյանը համարվում է քաղբանտարկյալ: Տիգրանին ազատ արձակելու պահանջով բազմիցս հանդես են եկել իրավապաշտպան կազմակերպությունները, անհատները, ամեն ուրբաթ օր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպել են ակցիաներ: Սակայն իշխանություններն անտեսել են բոլոր պահանջները, հորդորները, քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությունները՝ չխորշելով իրենց ճակատին պետության մեջ քաղբանտարկյալ ունենալու խարանը կրելուց:
Հիմա, երբ Տիգրանն ազատ արձակվի, մեր երկրում չեն լինի քաղբանտարկյալներ: Շատ կարևոր է, որ իշխանությունը դադարեցնի քաղաքական հետապնդումը ՀԱԿ-ի մյուս ակտիվիստների՝ Սարգիս և Արեգ Գևորգյանների, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ: Ցանկացած նորմալ իշխանություն ոչ թե պետք է հետապնդի արդարության ծարավի և հանուն այդ արդարության պայքարող, քաղաքական լարված իրադարձությունների կիզակետում մշտապես հայտնվող այդ երիտասարդներին, այլ խրախուսի ամեն գնով, ի հակադրություն իշխանական կերակրատաշտին կառչած կոնֆորմիստների: Ի վերջո, հասարակության, պետության առաջընթացի համար վտանգ են ներկայացնում հենց այդ կոնֆորմիստները, որոնց ծառայություններից օգտվել ու նրանց խրախուսել են ՀՀ բոլոր իշխանությունները: Հիմա ժամանակն է, որ Տիգրանի, Սարգսի, Արտակի ու նրանց տեսակի երիտասարդների օրինակը դառնա վարակիչ՝ անկախ այն բանից՝ նրանք բանտո՞ւմ կլինեն, թե՞ ազատության մեջ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ