Ով սիրեց իր անունը,
Պախարակեց իր գրպանը։
Ով սիրեց իր գրպանը,
Պախարակեց իր անունը:
(եզդիական առած)
«Իրատես de facto-ի» սույն թվականի թիվ 36-ում տպագրվեց «Շնորհիվ ՀՀԿ-ի՝ Երևանի եզդի համայնքն ունի մայրաքաղաքի ավագանու անդամ» հոդվածը, որն ԱՐՄԵՆ ԱՄՈՅԱՆԻ մասին էր, որում կար նրա հետևյալ միտքը. «Աշխատանքիս ընթացքում և հետո դրվատանքի արժանի հետք թողնեմ»։
Չնայած շատ ժամանակ չի անցել, ինչ Արմեն Ամոյանն ընտրվել է մայրաքաղաքի ավագանու անդամ, սակայն նրա աշխատանքի, մարդկային վեհ զգացումների և եզդի համայնքն արժանիորեն ներկայացնելու վերաբերյալ արդեն կան բազմաթիվ գովասանքի և դրվատանքի արժանի արձագանքներ։
Վերջին օրերին Արմեն Ամոյանը մեկ անգամ էլ հաստատեց իր վերոնշյալ հավատամքը. Երևան քաղաքի պատվիրակության կազմում մասնակցելով ՌԴ Կրասնոդար քաղաքի օրվան, հավուր պատշաճի ներկայացրեց ոչ միայն հայոց ոստանը, այլև եզդի համայնքը` հանդիպումներ ունենալով ինչպես Կրասնոդար քաղաքի, այնպես էլ Կրասնոդարի երկրամասի եզդի ստվար համայնքի ներկայացուցիչների հետ։
Վերջիններս ուրախությամբ ու երախտագիտությամբ ընդգծեցին, որ հայ-եզդիական փոխհարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել անթերի և անբասիր դրվագներով, որոնց վառ արտահայտություններից մեկն էլ Արմեն Ամոյանի ընտրվելն է ՀՀ մայրաքաղաքի ավագանու կազմում, ինչի նախադեպերը հազվադեպ են ամբողջ աշխարհում։ Այս առնչությամբ Կրասնոդար քաղաքի և երկրամասի եզդի համայնքի ներկայացուցիչները խնդրեցին իրենց երախտագիտությունը հայտնել Երևան քաղաքի իշխանություններին, հատկապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով, ինչպես իրենք տեղեկացան Արմեն Ամոյանից, առանձնահատուկ և ջերմ վերաբերմունք ունի եզդի համայնքի նկատմամբ։
-Ճիշտ է, ես իմ իրավասության շրջանակներում, ինչպես նաև մարդկային պարզ փոխհարաբերություններում, ամեն ինչ անում եմ բազմահազարանոց եզդի համայնքն արժանիորեն ներկայացնելու ոչ միայն քաղաքապետարանում, այլև ամենուր, սակայն ինձ համար ամենամեծ խնդիրներից մեկը համարում եմ աջակցությունը մեր ժողովրդի դպրոցական և կրթական գործին։ Թաքցնելու բան չէ. այս բնագավառում մեր համայնքը որոշ չափով կաղում է։
Եզդի համայնքի համար հազվադեպ ու ընդօրինակման արժանի երևույթ. Արմեն Ամոյանի երկու տղաները ստանում են համալսարանական կրթություն (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում), ովքեր մեկ-երկու տարի անց լրացնելու են համայնքի ոչ մեծաթիվ բարձրագույն կրթության տեր անձանց շարքը, որոնց կարիքը համայնքը, իսկապես, շատ ունի։
Նաև համալսարանական երկու որդիների ցանկությունն էր, որ օրերս Արմեն Ամոյանը, ինչպես ինքը համեստաբար ասաց, մի փոքր օգնություն ցուցաբերեց ՀՀ Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկի համայնքի դպրոցին. երեք ուսուցչական սեղան, ութ փափուկ աթոռ և քառասուն հազար դրամի գրենական պիտույքներ։
Ինքս էլ, որ մասնակցեցի վերոնշյալ գույքը դպրոցին հանձնելու արարողությանը, ինչպես դպրոցի տնօրենի, ուսուցչական կազմի, այնպես էլ դպրոցականների ու վերջիններիս ծնողների շուրթերից լսեցի, հասկանալի է, շնորհակալական խոսքեր, իսկ բարերարը՝ Արմեն Ամոյանը, համեստորեն չխոսեց իր արածի մասին, այլ ասաց.
-Մեր համայնքի հնարավորություն ունեցող անձինք, որտեղ էլ ապրեն, առաջին հերթին պետք է օգնեն դպրոցներին, եզդի սովորողներին ու ուսանողներին, իսկ վերջիններս էլ պետք է փայլեն իրենց ուսման առաջադիմությամբ։
Հասան ԹԱՄՈՅԱՆ
ՀՀ վաստակավոր լրագրող,
Հանրային ռադիոյի «Եզդիների համար հաղորդումների»
ավագ խմբագիր