«Վերջերս չորս տարեկան երեխան իր տատիկի պատճառով մահացել է, քանի որ աղանդավոր տատիկը թույլ չի տվել երեխային տեղափոխեն հիվանդանոց` արյան փոխներարկում կատարելու համար»,-այսօր «Հենարան» ակումբում նման փաստ ներկայացրեցին «Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպության համանախագահներ Սևակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և Դանիել ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Նրանք հրապարակեցին հայտնի մարդկանց անուններ, ովքեր հարում են աղանդավորական տարբեր կառույցների: «Հայ էստրադային երգիչներ Լիլիթ Հովհաննիսյանն իր ամուսնու հետ, Արմինկան, Մհերը, Անդրեն, Սոֆի Մխեյանը հաճախում են աղանդավորական ակումբներ և այդ ակումբներն անվանում են եկեղեցիներ»,-մտահոգվեց Սևակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Մհերը մի առիթով ասել է, որ «Կյանքի խոսք»-ն իրեն ֆինանսավորում է, դրա համար էլ գնում է այնտեղ, եթե իրեն ֆինանսավորի Առաքելական եկեղեցին` կգնա այնտեղ: Ս.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ռուսաստանից նոր կրոն է թափանցել Հայաստան, թե ինչ է անունը` դեռ հայտնի չէ: Բանախոսներն ասացին, որ «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի կունենա նրանց առաջին հավաքը: Կազմակերպության ներկայացուցիչները տարակուսում են, որ մեր երկրում մեծ արտոնություններ են տրված աղանդավորականներին, նրանք անում են ինչ ուզում են և, փոխանակ արգելելու նրանց գործունեությունը, չեզոք դիրք են բռնել: «Մենք խստացնելու ենք մեր հսկողությունն ու պայքարը, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա վտանգավոր բան է»,-նշեց Դ. Պետրոսյանը և հավելեց, որ վերջերս 15 տարեկան մի աղջկա են փորձել բռնի կերպով տանել «Կյանքի խոսք» աղանդավորական հավաքի:
Ըստ «Լիգայի» համանախագահների, «Կյանքի խոսք»-ն ունի երգի, պարի ստուդիաներ և օգնում է մասնակիցներին առաջ գնալ: Այս աղանդի մեջ ամենավտանգավորն այն է, որ ոչ մի զիջումներ չի թույլատրում «եկեղեցին»` ոչ հանուն ընտանիքի, ոչ հանուն երեխայի, ոչ հանուն սիրո: Նրանց խոսքով` աղանդավորական կառույցների հարում են ոչ միայն երգիչներ, դերասաններ, այլև պարողներ ու անգամ պաշտոնյաներ: «Առայժմ պաշտոնյաների անուններ չենք հրապարակի, քանի որ ոմանց մասին դեռ բավարար ապացույցներ չունենք»,-ասացին նրանք:
Հիշեցնենք, որ վերջերս նշված կազմակերպությունը 25 հայ հայտնի մարդկանց ցուցակ էր հրապարակել, որի համաձայն, նրանք բոլորն «աղանդավոր» են: Ավելի ուշ ցուցակում նշված մարդիկ հերքեցին այդ լուրեր: «Մենք հայտարարել ենք, որ գրեթե 150 հոգի հարում են տարբեր աղանդների, չնայած շատերը հերքեցին տեղեկությունները: Բացի այդ 150 հոգին, մենք ունենք նաև նոր տվյալներ և տեղեկություններ»,-ասաց Դ.Պետրոսյանը` հավելելով, որ շուտով իրենք սկսելու են Միացյալ Երիտասարդական Լիգայի պաշտոնական բլոգում հրապարակել թե՛ լուսանկարներ, թե՛ տեսանյութեր այն մասին, թե որ աստղերն են հարում այլ աղանդների:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ