Մենք` գյումրեցի մի խումբ վարորդներ, այլ ելք չունենալով պայքարելու մեր իրավունքների համար, որոշեցինք հանդես գալ նաև բողոք-նամակով:
Ինչ վերաբերում է մեր` վարորդներիս կազմակերպած բողոքի ակցիային, որին անդրադարձել էին լրագրողները, ապա պետք է նշենք, որ դրա հիմքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշումն է: Վերջինս արգելել է թիվ 20 երթուղու մրցույթը շահած «Ամուր հիմք» ՍՊԸ-ի գործունեությունը: Քաղաքապետը, իբր, հայտնաբերել է օրենքի խախտում, ըստ որի, նշյալ կազմակերպությունը պետք է որպես սեփականություն ունենա շահագործվող մեքենաների թվի կեսը:
ՈՒզում ենք հիշեցնել, որ դեռ մի քանի ամիս առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, թե «թիվ 20 երթուղին սպասարկող «գազելները» խանգարում են թիվ 1 երթուղու ավտոբուսների երթևեկությանը, և առաջիկայում քաղաքապետարանն ամեն ինչ անելու է թիվ 20 երթուղու աշխատանքը դադարեցնելու համար»: ՈՒրեմն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարդկանց հացից զրկելու նպատակային քաղաքականություն է իրականացնում հանուն իր ընտանիքին պատկանող գծերի շահագործման:
Իսկ Գյումրու քաղաքապետին և նրա ընտանիքին են պատկանում քաղաքի գրեթե բոլոր` թիվ 1, 12, 25, 14, 33, 26, 28 երթուղային գծերը: Դրանք շահագործող կազմակերպություններից ոչ մեկը չունի միկրոավտոբուսների թվի կեսի կեսն անգամ: Այդ գծերում աշխատող «գազելները» վարձով են վերցված: Այսինքն, Սամվել Բալասանյանն իր ընտանիքին պատկանող գծերի շահագործումն անօրինական է կազմակերպել` անտեսելով օրենքի բոլոր պահանջները: Նա արգելում է միայն վերը նշված երթուղին սպասարկող միկրոավտոբուսների աշխատանքը: Նպատակը` այդ գիծն էլ խլել մեզնից` ծանր և պատասխանատու աշխատանքով օրվա հաց վաստակող վարորդներիցս, և այն ևս դարձնել իր` օլիգարխ քաղաքապետի սեփականությունը, մենաշնորհել քաղաքի տրանսպորտը:
Եթե թիվ 20 երթուղու շահագործումը «հակաօրինական» է, ապա դրա գործունեությունը կարող է դադարեցվել միայն դատարանի որոշմամբ, իսկ քանի դեռ չկա նման որոշում, մենք չենք ենթարկվելու Սամվել Բալասանյանի կամայական, հակասահմանադրական, հակաօրինական, հակապետական որոշմանը: Երեկ՝ մեկ, էսօր` երկու, եկել տիրացել է ամեն ինչին, հիմա էլ մեզ է հացից զրկում: Սամվել Բալասանյանն անկուշտի պես կեղեքում է նաև քաղաքի տրանսպորտը ու հայտարարում, թե «վերևներին պետք է մուծվի քաղաքի գծերի գումարներից»:
Դուրս է գալիս, որ այն, ինչ տարիներ շարունակ չհաջողվեց մի քանի օլիգարխների` սեփականացնել Գյումրու տրանսպորտային ոլորտը, հաջողեցնում է հենց Գյումրու քաղաքապետը` թաթը դնելով Գյումրու բոլոր երթուղիների վրա: ՈՒտելն էլ չափ ունի, գռփելն էլ ձև ունի: Մնացել է, որ գյումրեցիներիս ճակատին «ստրուկ» գրի ու դարձնի իր նման` կեղտոտ ճակատով:
Նախկինում տրանսպորտի ոլորտում աշխատող վարորդներիս` մոտ 700 մարդու համար ստեղծված էին բարենպաստ պայմաններ ընտանիք պահելու, աշխատանք ունենալու և, ի վերջո, քաղաքից չարտագաղթելու համար: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հակաիրավական գործունեությունը չպետք է անպատիժ մնա:
Եթե նա ևս մեկ անգամ փորձի խանգարել մեր աշխատանքը, կդիմենք ավելի կտրուկ` մեր և մեր ընտանիքների, երեխաների իրավունքները պաշտպանող քայլերի: Համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այս ղեկավարի հանցավոր գործունեությամբ և քրեական գործ հարուցեն նրա դեմ, մի մարդու, ով պատրաստ է մարդկանց կործանելու գնով զավթելու Գյումրին և գողանալու գյումրեցու` սեփական քաղաքում ապրելու իրավունքը:
Մի խումբ պայքարող գյումրեցի վարորդներ