Հոկտեմբերի 26-27-ը Ծաղկաձորում ընթանում է «Կենսաթոշակային բարեփոխումներ. քննարկում մեկնարկից առաջ» սեմինարը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, պատասխանելով լրագրողների՝ Մաքսային միության մտնելու մասին հարցին, նշեց, որ որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնելուց հետո սկսվում են տվյալ երկրի հետ արտոնյալ առևտուր իրականացնել:
Վարդան Արամյանը նշեց, որ առնվազն յոթ ինդեքսով Հայաստանը բարձր է ԱՊՀ բոլոր երկրներից և ունի ճկուն համակարգ:
Անդրադառնալով կենսաթոշակային համակարգերին՝ Վարդան Արամյանն ասաց, որ թե՛ ԱՊՀ երկրներում, թե՛ Եվրամիության երկրներում կենսաթոշակային համակարգերը տարբերվում են միմյանցից:
Սեմինարի սկզբում բաժանվեցին ծանուցող թերթիկներ, որոնցում հանրամատչելի կերպով ներկայացված են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող տեղեկություններ:
«Եթե դու ծնվել ես 1974թ.-ին կամ դրանից հետո և աշխատում ես, ապա արդեն 2014թ. դու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից ես: Եթե դու պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից ես, ապա կարող ես ստանալ քո կուտակային կենսաթոշակը 63 տարեկանից»,- նշված է թերթիկում:
Վարդան Արամյանը սեմինարի ընթացքում հիշեց իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումները և ասաց, որ այսօր Եվրոպայում հաճախ քաղաքական գործիչները տալիս են պոպուլիստական խոստումներ, որոնց պատճառով էլ տնտեսական համակարգը կանգնում է բարդ խնդիրների առաջ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ