«Ինձ համար այս պատմությունը անհեթեթ է, զառանցական և, իհարկե, անսպասելի: Ես օրինապահ քաղաքացի եմ: Եթե ԱՄՆ ֆիննախարարության ղեկավարությունը կարծում է, որ ես հանցագործ եմ, թող Ֆրանկ Սինատրային հողից հանի և բանտ նստեցնի: Դա այնքան անհեթեթ է, ինչպես անհեթեթ է մեղադրանքը իմ դեմ»,- ասել է Գրիգորի Լեպսը Իրկուտսկ քաղաքում ունեցած համերգից հետո: Վերջինս նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ պատժամիջոցներ են իրեն սպառնում, սակայն. «Եթե արգելեն իմ մուտքը ԱՄՆ, ինչ արած, Ամերիկան հրաշալի երկիր է, բայց ես կդիմանամ: Հուսով եմ, որոշ ժամանակ հետո ինձ հետ կապված բոլոր հարցերը կհանվեն»:
ԱՄՆ ֆիննախարարության կողմից Գրիգորի Լեպսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առնչությամբ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան Լեպսի վերաբերյալ Վաշինգտոնից սպասում է ավելի մանրամասն տեղեկությունների: Խոսնակը ընդգծել է, թե Լեպսը սիրված երգիչ է Ռուսաստանում և եղել է Պուտինի վստահված անձը: BBC-ի հաղորդմամբ, սակայն, ՌԴ ԿԸՀ-ում 2012 թվական նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված Պուտինի վստահված անձանց մեջ Լեպսը չկա ոչ իր բեմական, ոչ էլ իսկական` Լեպսվերիձե ազգանունով: ԱՄՆ-ում «պերսոնա նոն գրատա» հայտարարված Գրիգորի Լեպսը մեղադրվում է հանցագործ աշխարհի հետ կապի մեջ: Հայտնի` Brothers’ Cirlce խմբի համար դրամական փոխադրումներ իրակացնելու մեջ մեղադրվող երգիչը ասել է, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը: Երգիչը բազմաթիվ լուսանկարներ ունի հանցագործ աշխարհի հեղինակությունների հետ: Նա ասել է, թե ինքը լուսանկարվում է իր երկրպագուների հետ, որը, սակայն, չի նշանակում, թե ինքը կապված է նրանց հետ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ