Աշնանային Ազատության հրապարակը հետաքրքիր խճանկար է ներկայացնում: Մի կողմում Շանթ Հարությունյանն է նստացույց հայտարարել իր սակավաթիվ համախոհների հետ՝ պահանջելով իշխանության հրաժարականը, մեկ այլ տեղ խմբվել են ազատամարտիկները և շարունակում են ներկայացնել իրենց պահանջները: Նրանք չեն սիրում խոսել, հարցազրույցներ տալ: Սպասում են:
Միայն ազատամարտիկ Կոլյա Քոչարյանը համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
Սկսեցինք ամենահրատապ հարցից՝ Շանթ Հարությունյանին կհաջողվի՞ համախմբել հասարակության ակտիվ հատվածին:
«Շանթը գաղափարի տեր անձնավորություն է, ես ընդունում եմ իր գաղափարները, վստահում: Դեռ 1988 թվականից եմ ճանաչում Շանթին: Շատ մաքուր, ազնիվ անձնավորություն է: Ինքը ինչ քայլ էլ անի, ես կարծում եմ, որ բխում է իր գաղափարներից»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ազատամարտիկների պարբերաբար հավաքներին, ապա Կոլյա Քոչարյանին ամենաշատը մտահոգում է ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ճակատագիրը:
«Մենք ասում ենք՝ ազատամարտիկը փուչիկ չէ, որ ով ուզենա՝ փչի, ով ուզենա՝ պայթեցնի»,-ասաց նա:
Արցախյան ազատամարտի հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն է պարբերաբար հանդես գալիս՝ ժողովրդին համախմբելու կոչեր հնչեցնելով: Պատրա՞ստ են միանալ նրան:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ ոչ մեկի չենք միանում, մեր գաղափարի համար ենք պայքարում: Մենք չենք կարող կանգնել մի գաղափարի համար, հետո փոխել այն մեկ այլ գաղափարով: Մենք ոչ մի քաղաքական հարց առաջ չենք քաշում: Մենք ասում ենք՝ վարձկաններ չենք: Մեր երկիրը դեռ պատերազմի մեջ է, պատերազմը դեռ չի ավարտվել: Քսանհինգ տարի առաջ, այստեղ, հարթակում կանգնած մարդիկ ուրիշ էին, ազգի մասին էին մտածում, հիմա ամեն ինչ ուրիշ է: Զինադադար է, Աստված ոչ անի, որ նորից պատերազմ սկսի: Եթե ազատամարտիկը գնա կռիվ, պետք է իմանա, թե իր զոհվելու դեպքում իր երեխային, ծնողին, կնոջը ինչ ճակատագիր է սպասում: Ի՞նչ է նշանակում, որ զոհված ազատամարտիկի ընտանիքին հատկացնում են 11 հազար դրամ, այդ գումարով հնարավո՞ր է ընտանիք պահել: Մեր պահանջը դա է, ազատամարտիկին պետք է տալ կարգավիճակ, որ իմանա, թե իր պայքարի դեպքում ինչ կարգավիճակ է ունենալու»,- ասաց ազատամարտիկը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ