Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի հայտարարած նստացույցին և այն հարցին, թե ինչու են տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը պասիվություն ցուցաբերում, երբ Շանթն էլ է հանդես գալիս նման պահանջով, նշեց. «Հեղափոխությունը քաղաքական կուսակցությունների գործը չէ, օրենսդրությունն այդ հնարավորությունը չի տալիս: Կուսակցությունների գործն է ընտրություններին մասնակցելը, քվե ստանալը, ծրագիր ներկայացնելը»: Նա դժվարացավ ասել, թե ինչ հետևանքներ կունենա Շանթ Հարությունյանի նստացույցը:
Մանվել Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ Շանթ Հարությունյանը մշտապես հանդես է եկել հակառուսական, հակապուտինյան գաղափարներով: Հայտնի է, որ մեր քաղաքական վերնախավը չի ցանկանում իր հարաբերությունները փչացնել Ռուսաստանի և ռուսական վերնախավի հետ: Միգուցե դա՞ է պատճառը, որ քաղաքական ուժերը չեն միանում Շանթի նախաձեռնությանը:
«Հիմա եթե Շանթը փորձեր Հայաստանի շահերը պաշտպանել Եվրոպայից, այդ կուսակցությունները դուրս էին գալու և իր կողքի՞ն էին կանգնելու: Տվյալ պահին դա նշանակություն չունի, նշանակություն ունի ուրիշ հանգամանք: Ընդհանրապես քաղաքական ուժերը ցանկություն ունե՞ն՝ խառնվելու նման նախաձեռնությունների, եթե այնտեղ հնչում է ռեժիմի հեռացման հարցը: Եթե իրենք կարողանան մի բան անել, իրենք կանեն, ոչ թե կկանգնեն ուրիշի կողքին: Որևէ մեկը չի ուզում խառնվել ուրիշի նախաձեռնությանը: Խնդիրը շատ ավելի բարդ է, և չեմ կարծում, թե այն միայն կապված է Ռուսաստանի հետ»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ