«Այս տարվա ինը ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 263-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչի հետևանքով կա աճ նաև զոհվածների և վնասվածքներ ստացածների թվում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես ԽԱՆԳԵԼԴՅԱՆԸ: Նա նշեց, որ նախապատրաստական փուլն ավարտված է և ԱԻՆ-ը ամբողջությամբ պատրաստ է ձմեռը դիմավորելուն: «Այդ առումով խնդիրներ չկան, քանի որ ժամանակին համապատասխան միջոցներ են իրականացվում: Ամեն տարի սեպտեմբերից սկսած բոլոր ստորաբաժանումները, հատկապես նրանք, որոնք գործ են ունենում մերկասառույցի, ձյան արգելափակումների հետ, հագեցվում են տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով: Տեխնիկան և անձնակազմը լիովին պատրաստ են ձմռանը»,-վստահեցրեց փրկարար ծառայության գնդապետը:
Վերջինիս փոխանցմամբ, այս տարի աճել են թունավորումների դեպքերը: «Թունավորումների դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 148-ով: Բայց զգալի դրական աճ է գրանցվել, օրինակ, հրդեհների թվաքանակում: Դրանք 20-ով նվազել են և ընդհանուր առմամբ ինն ամիսների ընթացքում գրանցվել է 2662 հրդեհ: Այնուհետև, ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է 8507 արտակարգ պատահար, ինչը 514-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- տեղեկացրեցեց Հ. Խանգելդյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ