ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Few for few, թե՞ more for more

Few for few, թե՞ more for more
26.05.2015 | 00:55

Մայիսի 21-22՝ երկու օր աշխատելուց հետո Ռիգայում ավարտվեց ԵՄ Արևելյան հարևանության չորրորդ գագաթնաժողովը՝ առանց ցնցադեպերի (ընտելացեք սենսացիա բառի հայերեն տարբերակին): Եղավ սովորական, գագաթնաժողովներին հատուկ մթնոլորտում, առաջին հայացքից քաոսային, իրականում պատճառահետևանքային կապերի պահպանությամբ՝ հանդիպում տարբեր մարդկանց հետ, որ այսօր նախագահ են, վարչապետ, արտգործնախարար: Եթե գոնե կարճ ժամանակով հրաժարվենք ազգային-ազատագրական, ռազմահայրենասիրական վերաբերմունքից բոլորին ու ամեն ինչին, կտեսնենք, որ իր տեսակետները ներկայացնող միջազգային կառույցը և այդ կառույցի մի ծրագրում ընդգրկված երկրներից յուրաքանչյուրը ստացավ՝ ինչ որոնում էր: Միայն նման գագաթնաժողովների մասնակցության փորձ չունեցողների կամ իրադարձությունների կամայական անդրադարձի հրահանգ ունեցողների համար էին իրադարձությունները ցնցադեպային (այնուամենայնիվ՝ սկանդալն ավելի դիպուկ բառ է): Իրականում նորմալ, ինչ-որ տեղ տաղտուկ աշխատանք էր, որ պիտի կատարվեր: Արևելյան գործընկերությունը ծրագիր է, որ ունի ոչ միայն նպատակներ ու խնդիրներ, մասնակիցներ ու պրոբլեմներ, այլև ժամանակացույց, որի հարցում Ռիգայի բախտը չէր բերել: Արդեն ակնհայտ է, որ Սոչի սլացած ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ նախագահի ու արտգործնախարարի ութժամյա բանակցություններն այնքան էլ փայլուն չէին, որքան որակվեցին: Ռուսաստանը շարունակում է չլուծված հարց մնալ Արևմուտքի օրակարգում: Ռիգայի բախտը չբերեց, որ գագաթնաժողովը համընկավ ԵՄ-ՌԴ հակասությունների շրջանին: Ինչպես չբերեց Վիլնյուսի բախտը: Երբ եվրաինտեգրումը Մոսկվայի օրակարգում էր՝ Արևելյան գործընկերությունը բնավ չէր հակասում Ռուսաստանի «օրինական շահերին» (ինչպես այսօր բնորոշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը), խնդիրները սկսվեցին, երբ Մոսկվան ու Բրյուսելը ընդհանուր հայտարարի չեկան: Շատ ավելի շուտ, քան ՈՒկրաինայի ճգնաժամը: Այդ ժամանակից ձևակերպվեց «Արևելյան գործընկերությունը ԵՄ փորձն է՝ հետխորհրդային տարածքի պետություններին Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու» ռուսական տեսակետը և ի պատասխան իրականացավ ԵՄ-ին հակակշիռ ստեղծելու ծրագիրը՝ իբրև ԵԱՏՄ: ԵՄ-ն ոչինչ չհակադրեց: Պատճառը քաղաքական, տնտեսական, ֆինանսական անզորությունը չէր, այլ երկու համակարգերի քաղաքականություն վարելու սկզբունքային տարբերությունը: «Օրինական շահի» անպարփակ, չկոնկրետացող, բայց պարտադրվող պատկերացումը բնորոշ է ռուսական քաղաքական մենթալիտետին: Եվրոպան նույն նպատակներին հասնում է այլ լծակներով, որ ձևակերպում է իբրև soft power՝ փափուկ ուժ՝ ի տարբերություն ռուսական կոշտ ուժի՝ hard power-ի: Երկու ներհակ ուժերի ձգողականության դաշտում հայտնված Ռիգայի գագաթնաժողովը պիտի կրեր համաշխարհային քաղաքական օրակարգի ազդեցությունը: Պատահական չէ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հարկ համարեց հատուկ ասել՝ Արևելյան գործընկերությունը Ռուսաստանի դեմ չէ, ԵՄ-ի ծրագիրը չպետք է վերածվի ՌԴ-ի և ԵՄ-ի «գեղեցկության մրցույթի», և ճշտեց՝ եթե Մոսկվայի քաղաքականությունը հարևան պետությունների հանդեպ լիներ մի քիչ մեղմ, գրավիչ և հմայիչ, Ռուսաստանը ստիպված չէր լինի փոխհատուցել «ապակառուցողական, ագրեսիվ և վախեցնող գործողություններով»։ Տուսկը, իհարկե, գիտի, որ չպետք է, բայց վաղուց վերածվել է: Որքան էլ Վիլնյուսից հետո ու Ռիգայից առաջ երկու տարին համարվում էր Արևելյան գործընկերության ծրագրի վերաիմաստավորման ժամանակ՝ յուրաքանչյուր երկրի հետ նրա իրավիճակն ու տեսակետները ներառող անհատական ծրագիր մշակելու, ԵՄ-ն ընդամենը երկրներին դասդասեց ըստ կարգավիճակի՝ ասոցացվող, չասոցացվող, անհասկանալի:
ԵՄ-ն Արևելյան գործընկերությունը շարունակում է դիտարկել հարթակ, որտեղ մոդելները սեփական ցանկությամբ են բարձրանում և իրենք են ընտրում՝ որ դիզայների հանդերձները կրեն: ԵՄ-ն գերադասեց մնալ ընդհանուր դիրքերում, ծրագրի անդամները՝ ևս: Բացառությամբ Ադրբեջանի, որ ի սկզբանե հրաժարվել էր որևէ փաստաթուղթ ստորագրել: Նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը պայմանավորված չէր գերծանրաբեռնված օրակարգով: Տեղեկատվության հորձանքում քչերը ուշադրություն դարձրին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում հանդիպել է ԵՄ եվրոպական քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհանես Հանին և նրան փոխանցել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծ, նույնը՝ Ֆեդերիկա Մոգերինիին: Հենց այդ օրը՝ մայիսի 21-ին, Դոնալդ Տուսկը զանգահարեց Իլհամ Ալիևին: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ «Գոհունակությամբ արձանագրվել է երկկողմ կապերի հաստատուն հիմքի վրա կառուցված հարաբերությունների հաջող զարգացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում: Ադրբեջանի նախագահը Դոնալդ Տուսկին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան, հրավերն ընդունվել է»: Այս համատեքստում էր հաջորդ օրը Բաքուն հրապարակավ շրջանառության մեջ դնում Հռչակագրում Ղարաբաղի հարցով հերթական առարկությունը, իրական խնդիրը իր նավթագազային ծրագրերն առաջ մղելն էր: Ադրբեջանի թիվ մեկ գերակայությունը վաղուց Ղարաբաղը չէ, այլ նախ ԵՄ շուկայում հաստատվելը, հետո՝ տնտեսական կախման մեջ հայտնվող երկրներին քաղաքական մուրհակ ներկայացնելը: Հետխորհրդային տարածքում մտածողությունը նույն որակներն ունի՝ «Գազպրոմի» տեղում Բաքուն իրեն է տեսնում և ճիշտ նույն կերպ մտադիր է օգտագործել նավթագազային կախվածությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատահաբար ոչինչ չի ասում, երբ նա որոշեց արձանագրել, որ ԵՄ-ն հարգում է «Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռ չի որոնում ԵՄ անդամության ուղիներ և իրեն չի էլ տեսնում ԵԱՏՄ-ում», արձագանք էր ներկայացված նախագծի, ավելին՝ պայման էր։ Ով-ով, կանցլերը գիտի, թե ԵԱՏՄ-ի անդամակցության ինչ պայման է Բաքուն դնում՝ Ղարաբաղը:
Պատահական չէր, որ գագաթնաժողովի իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնական շեշտը դրեց Ղարաբաղի հարցի վրա՝ «բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին» կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: «ԵԱՀԿ Մինսկի գործընթացում բանակցող կողմերը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Հայտնի է նաև, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները»՝ հայտարարեց ՀՀ նախագահը և իրավական հիմնավորումից հետո տվեց քաղաքականը՝ տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: «Եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, պարզապես այդքան երկիր չէր լինի»՝ սա էլ երրորդ փաստարկն էր: Միայն վերջում ՀՀ նախագահը անդրադարձավ թեմային՝ արձանագրելու, որ Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի ԵԱՏՄ-ին անդամակցությունից բխող հանձնառությունների հետ: Գագաթնաժողովից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ բանաձևեց. «Այն, ինչ սպասվում էր, մենք այսօր ունենք»: Իսկ ունենք, որ առաջիկայում ԵՄ խորհուրդը կհաստատի Հայաստանի հետ բանակցությունների մանդատը՝ մշակելու հարաբերությունների հետագա զարգացման նոր իրավական փաստաթուղթ: Բացի դրանից՝ արտոնագրային ռեժիմի ազատականացումով ՀՀ քաղաքացիները ազատված կլինեն ԵՄ վիզաների և արտոնագրերի պահանջից: Կլինի նաև ոլորտային համագործակցություն: Այսինքն՝ Հայաստանը ստացավ իր ցանկացածը՝ քիչ, բայց այնքան, որքան կարող է մարսել: Բարոյական, խորհրդատվական և քաղաքական աջակցություն, ինչ-որ գումար և ավելիի ոչ մի հեռանկար: Ոչ թե հեքիաթ, այլ անեկդոտ է ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն կամրջելու Հայաստանի հպարտ հանձնառությունը:
Իսկ ցնցադեպե՞րը, որ համոզիչ հանգավորում էին ռուսական լրատվամիջոցները՝ սկանդալ, սենսացիա, ձախողում, տապալում, ԵՄ-ն կարող է փակել դռները ու մարել լույսերը, Բրյուսելը խոստովանում է պարտությունը, Վրաստանն ու ՈՒկրաինան չստացան առանց վիզաների երթուդարձի արտոնություն, Հայաստանն ու Բելառուսը հակահարված տվեցին ԵՄ-ին, Հռչակագիր, որ չստորագրվեց՝ ձևակերպումներն արդեն ասում են, թե ինչ էր որոնում Մոսկվան Ռիգայում: Իր կարծիքով՝ գտավ: Բայց իրականությունը սև ու սպիտակ չէ, ինչ հակահարված տվեց Մինսկը, թող բանաձևի Ալեքսանդր Լուկաշենկոն: Երևանը «Ղրիմի անեքսիայի» վերաբերյալ մեկ անգամ ՄԱԿ-ում քվեարկությամբ տեսակետը արտահայտելուց հետո երկրորդ անգամ ինքն իրեն չէր հակասի: Եթե ռուսները պատճառը տեսնում են իրենց հավատարմության (ավելի ճիշտ իրենցից վախի) մեջ, կա շատ ավելի հիմնավոր պատճառ՝ հանրաքվեն, որ Ղրիմից շատ առաջ եղել է ԼՂԻՄ-ում: ԵՄ-ն չէր կարող հրաժարվել իր տեսակետներից, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հիմք են, չէր կարող հրաժարվել ՈՒկրաինային աջակցելուց: ՈՒկրաինայի հարցը անպայման պետք է լիներ բանաձևում և եղավ՝ արձանագրելով խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Եվրոպան անխոցելի է խաղում իր պարտիան և դիմացինին է թողնում հակախաղի ընտրությունը: Հաշվի առնելով «More for more» բանաձևը՝ մնում է պատասխանել մի քանի հարցի.
1. Դեռ որքա՞ն է տևելու ԵՄ-ՌԴ հակամարտությունը:
2. Որո՞նք են ԵԱՏՄ-ին չհակասելով ԵՄ-ի հետ համագործակցելու շրջանակները:
3. Բարեփոխումներին, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել, Հայաստանը պատրա՞ստ է, թե՞ շարունակելու ենք թղթի վրա համագործակցել:
4. 2017-ին՝ հաջորդ գագաթնաժողովին, երկուստեք նույն մտադրություննե՞րն են արձանագրվելու, թե՞ more for more:
5. Ադրբեջանին հաջողվելո՞ւ է ԵՄ-ի հետ հաստատել Արևելյան գործընկերությունից դուրս՝ սեփական հարաբերությունները, թե՞ Բրյուսելը Բաքվից, նավթից ու գազից բացի, համամարդկային արժեքներ է պահանջելու:
6. Ինչպե՞ս են զարգանալու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները:
7. Եթե ԵՄ-ն ապագայի ծրագիր է համարում Արևելյան գործընկերությունը, Հայաստանը ևս նո՞ւյն տեսակետն ունի, թե՞ մտածում է միայն ներկայի մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ռիգայի գագաթնաժողովին հաջորդեց «Եվրատեսիլը», Հայաստանը 16-րդն էր: Դա ոչ թե «Ջենեոլոջիի» երգի կամ Հայոց ցեղասպանության փաստի գնահատականն էր, այլ ԵՄ պատասխանն էր Հայաստանի «More for more»-ի փոխարեն «Few for few»՝ ընտրությանը: Նույն պատասխանն էր նաև Ռուսաստանից ու Բելառուսից, որ ի տարբերություն ԵՄ-ի՝ Հայաստանից ստացան ավելին: Փաստորեն՝ ոչ միշտ է ճիշտ քիչը շատի փոխարեն ընտրելը:

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ