Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիրո քաղաքակրթության սկիզբը

Սիրո քաղաքակրթության սկիզբը
22.12.2015 | 10:55

Համաշխարհային պատմության մեջ փրկության հույսի վարդապետությունը ձգվում է դեռևս մարդկության սկզբնավորման օրից, վարդապետությունը, որը պիտի վերջ դնի գոյապայքարին ու բանական արարածի անկմանը և մարդուն վեր բարձրացնի դեպի երկնային մակարդակի հորիզոնները, ինչպես նշում է Սբ. Գրիգոր Նարեկացին «Մատյան ողբերգության» պոեմի 34-րդ գլխում. «Եւ քեզ կցորդուած մարդկանցով` ընկած հրեշտակների դատարկը լցնել», այսինքն` ըստ սբ. Գրիգորի արտահայտած մտքի, ենթադրելի է, որ մարդուն տրվելու են անկում ապրած հրեշտակների պատճառով թափուր մնացած երփնալույս օթևաններն ու պարգևները: Սակայն հույսի այդ վարդապետությունը կյանք է առնում աստվածային սիրո փայլատակումով և անշոշափելի սիրո թանձրացյալ էությամբ, ինչպես Հովհաննես առաքյալն է գրում, թե խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որին ականատես եղանք, որին նայեցինք և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն` Կենաց Բանը (Ա Հովհ. 1.1-4): Անշուշտ, առաքյալը խոսում էր Հիսուս Քրիստոսի մասին, ում շատերն ականատես եղան և հաղորդակից եղան մարդկային նոր հարաբերությունների ազդարարմանը` շաղախված աստվածային սիրո ջերմությամբ: Մշտնջենական այս լույսի ծագումն այն ժամանակաշրջանում էր, երբ աշխարհը գլորվում էր ստրկատիրական համակարգի անդունդի մեջ, որն ի վերջո փլուզվեց և շահագործման նոր հասարակարգերի ծնունդ տվեց: Պատմության մեջ ստրկատիրական հարաբերությունների փլուզման վերաբերյալ արձանագրվում են բազմաթիվ փաստարկներ, հիմնականում տնտեսական զարգացման և քաղաքական փոփոխությունների մասին, սակայն հարկ է նշել ամենախորքային փաստարկը, որն առաջին հայացքից նույնիսկ նկատելի չէ և առանց որի հասունացման հասարակությունը պատրաստ չէր լինի ընդունելու նոր տնտեսական և քաղաքական մոդելները: Պողոս առաքյալի գողտրիկ նամակներից մեկը խոսում է այդ փաստարկի մասին, որն իրավամբ կարող ենք համարել սոցիալական հարաբերությունների մեջ իբրև ներանձնային հեղափոխության սկիզբ, որն իր ազդեցությունը պիտի թողներ և արտացոլեր հասարակության վրա: Աստվածաբան Ահարոն Կայայանն իր «Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն» գրքում այդ նամակն անվանում է «Ազատության Մեծ Խարտիա»: Պողոս առաքյալի գրած նամակներից ամենակարճը Փիլիմոնին ուղղված նամակն է, բայց այն ամփոփում է նոր հայեցակարգային մեծագույն հիմնադրույթներից մեկը, որն աստիճանաբար պիտի խարխլեր ստրկատիրական հարաբերությունների հիմքերը: Համարվում է, որ առաքյալն այն գրել է մոտ 63 թվին` Հռոմում: Փիլիմոնը հունական Կողոսիայի մեծահարուստ բնակիչներից էր և Պողոսի շնորհիվ դարձել էր քրիստոնյա: Նրան պատկանող ստրուկ Օնեսիմոսը, նաև նյութական վնասներ պատճառելով, փախել էր Հռոմ: Այդտեղ հանդիպել էր Պողոսին և նույնպես դարձել քրիստոնյա: Ապստամբ ու փախուստի դիմած ստրուկները հաճախ ենթարկվում էին դաժան մահապատժի: Պողոսը Փիլիմոնին ուղղված իր նամակով փորձում է հաշտեցնել նրանց և Օնեսիմոսին ուղարկում է նրա մոտ: Այս նամակը բացահայտում է ծնունդ ապրող նոր սոցիալական արժեհամակարգը: Քրիստոսի պատգամած սիրո վարդապետությամբ տեղի էր ունենում մարդկային հարաբերությունների փոփոխություն: Այդ հարաբերությունների հիմքում հյուսվում էր մի նոր ճանապարհ, որը հիմնված էր եղբայրության, հավասարության արժեհամակարգի ըմբռնման վրա: Եղբայրության այս մոտեցումը, հոգևոր հավասարության հայտարարումը (Գաղատ 3. 26-28) հետագայում պիտի ցնցեր ստրկատիրական համակարգը: Այն նման էր առաջին հայացքից իրենից վտանգ չներկայացնող ջրի կաթիլի, որը կաթում էր կարծր բետոնի վրա, սակայն կաթիլ առ կաթիլ իր հարատևությամբ քանդում ու նոր ճանապարհ էր բացում: Ահարոն Կայայանն ասում է, որ քրիստոնեությունը սոցիալական չարիքները հաղթահարել է ոչ թե զինված ապստամբություններով, այլ սկզբունքներով: Պողոսի խնդրանքը, որ Փիլիմոնն իր ստրուկին ընդունի իբրև եղբայր, չլսված ու խորթ մոտեցում էր հռոմեական հասարակության մեջ, բայց քրիստոնեությունն արդեն իսկ անհնար էր դարձնում տեր և ստրուկ հարաբերությունը, թեև հռոմեական իրավունքի մեջ ազատ արձակված ստրուկներին հնարավորություն էր տրվում նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնել: Կաթոլիկ աստվածաբան Ֆրանչեսկո Անյոլին իր «Հետաքննություն քրիստոնեության մասին» գրքում նշում է. «Գիտենք, որ Կալլիստոս Առաջին պապն իր մարմնի վրա կրում էր փախստական ստրուկի խարանված կնիքը: Բազմաթիվ ստրուկներ և ստրկուհիներ դարձի բերեցին իրենց տերերին և նպաստեցին Ավետարանի տարածմանը»: Անհատներն իրոք վերափոխվում են, երբ աստվածային անկողմնակալ սերը հանգչում ու զարդարում է մարդկանց սրտերը: Վերադառնալով իր նախկին տիրոջ մոտ, արդեն քրիստոնյա դարձած Օնեսիմոսը պատրաստ էր ընդունել հասարակական անպատվության, ինչպես նաև խաչվելու վտանգը: Անշուշտ, նա այժմ այլ մարդ էր և ընդունել էր նման ուղին: Հետագա իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ չկան: Այդուհանդերձ, դժվար է պատկերացնել, թե առաքյալի նման խնդրագրով գնացող մարդը կարող է մերժվել և դաժան պատժի արժանանալ: Ամենայն հավանականությամբ, Փիլիմոնն առաքյալի խոսքին ընդառաջել է: Եվ որոշ աստվածաբաններ ասում են, թե Օնեսիմոսին հետ է ուղարկել Պողոսի մոտ, որպես օգնական ծառայելու առաքյալին Հռոմում: Այս նամակը բովանդակում է նաև մի էական պատգամ ուղղված յուրաքանչյուր անհատի, այսինքն` վիրավորանքների ներում: Քրիստոսով մարդկային բոլոր հարաբերությունները ձևափոխվել են: Ֆրանչեսկո Անյոլին նշում է. «Քրիստոսի ուսմունքը նախ և առաջ չի վերաբերում նոր հասարակության կերտմանը, այլ նոր մարդու, մարդու նոր սրտի. առաջարկում է նոր ընկալում Աստծո և մարդու վերաբերյալ, որից, որպես հետևանք, ինքնաբերաբար կարող է ծնունդ առնել մի նոր քաղաքակրթություն, որը, սակայն, շարունակելու է լինել մարդկային, այսինքն՝ ո՛չ դրախտային, ո՛չ էլ առանց մեղքի: Ավետարանը չի կարելի համեմատել արդի գաղափարախոսությունների հետ, որոնց առաջին նպատակը հասարակարգի հեղաշրջումն է իշխանությանը տիրանալու շնորհիվ. Ավետարանը ոչ մի ընդհանրություն չունի ֆրանսիական կամ կոմունիստական հեղափոխությունների հետ, որոնք կատարվել և կատարվում են մեծամասնության դեմ փոքրամասնության մղած արնախում պայքարի միջոցով` ձգտելով հասնելու երկրի երեսից չարիքն ամբողջովին արմատախիլ անելու ցնորական (ուտոպիական) նպատակին, կառուցելով դրախտն այստեղ՝ երկրի վրա: Ավետարանն առաջարկում է սրտի փոփոխությունը, դարձը, առաջարկում է մի «բարի լուր», որին հարկավոր է հարել ամենայն ազատությամբ, և միայն այդպես հնարավոր կլինեն իրական և մնայուն բարեփոխումները քաղաքական և սոցիալական հարթություններում»:
Արդ, քրիստոնեության հաստատմամբ առաջին դարում ձևավորվում էին սիրո քաղաքակրթության ընձյուղները, որոնք Քրիստոսի Երկրորդ գալուստով կատարելապես կլցնեն մարդկանց կյանքերը երջանկությամբ և հավիտենական լույսի ջերմությամբ:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ