Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարություն առած մարդը

Հարություն առած մարդը
12.04.2016 | 10:04

Քրիստոնյաների համար մեծ նշանակություն ունի հարության խորհուրդը: Առանց Քրիստոսի հարության և գալիք մարդկանց հարության խոստման քրիստոնեությունը կկորցներ իր փրկագործության խորհրդի էական իմաստը: Հետաքրքրական է, թե հարություն առած մարդիկ ինչպիսին կլինեն Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ: Այդ հարցին անդրադարձել է նաև սբ Գրիգոր Տաթևացին: Նա նշում է, որ հարություն առած արդարները յոթ զարդով են զարդարվում, այսինքն՝ երեքով՝ հոգին, և չորսով՝ մարմինը: Նա ասում է` քանզի երեք պակասությունները, որ մեր հոգում են, այսինքն՝ նախ՝ տգիտությունը, երկրորդ՝ մոռացությունը, երրորդ՝ տրտմությունը, այնտեղ վերանում են: Նախ լինում է պայծառ գիտություն, երբ Աստծուն տեսնում են դեմ հանդիման: Երկրորդ՝ որպեսզի Աստծուն հաստատ ընկալենք և ոչ թե մոռանանք: Երրորդ՝ երբ Աստծուն տեսնենք, անչափ կուրախանանք և այլևս չենք տրտմի, ինչպես Տերն ասաց, թե դարձյալ կտեսնեմ ձեզ և ուրախ կլինեք, և ձեր ուրախությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից (Հովհ. 16.22): Իսկ մարմինը չորս պակասություն ունի այստեղ, այսինքն՝ նախ չարչարելի և մահկանացու է, երկրորդ՝ աղտեղի և սև, երրորդ՝ ծանր և ծույլ, չորրորդ՝ թանձր և կոպիտ: Սրանք վերանում են այնտեղ. նախ՝ որովհետև սրբերի մարմիններն անմահ են և անչարչարելի: Երկրորդ՝ աղտեղությունը վերանում է, և զարդարվում են լույսով, ինչպես արեգակը. Տերն ասում է, թե Արքայության մեջ արդարները պիտի փայլեն իբրև արեգակ (Մատթ. 13.43): Երրորդ՝ մարմինները պետք է թեթև ու փութկոտ լինեն բոլոր բարի գործերում: Այնպես որ, ուր հոգին կամենա, այնտեղ մարմնով կգտնվի: Չորրորդ՝ թանձրությունը կվերանա և կլինի անսովոր ու թափանցիկ, ինչպես արեգակի լույսն է անցնում երկնքով առանց ապականության: Եվ, դարձյալ` ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ վեմով կնքված գերեզմանից և փակ դռներից մտավ աշակերտների մոտ, նույնպես սրբերի մարմինները հասնում են մինչև հրեղեն երկինքներ: Իսկ այսպիսի զարդեր հոգով և մարմնով արդարներն ունեն, ովքեր հարսնացած են Աստծով, ինչի մասին Եսային ասում է, թե իմ անձը Տիրոջ մեջ պիտի ցնծա, որովհետև ինձ հագցրեց փրկության զգեստ և ուրախության պատմուճան, որպես փեսայի ինձ պսակ տվեց և որպես հարսի ինձ զարդերով զարդարեց (Եսայի 61.10): Իսկ մեղավորները չունեն, քանզի մեղավորների հոգիները տգիտության խավարի և հավիտենական տրտմության մեջ են և բաժանված են Աստծուց: Նրանց մարմինները դառնում են առավել անթափանց, ծանր ու գարշելի, ինչպես այստեղ. սև, աղտեղի և չարչարելի, քանզի անչափ չարչարանքներ են կրում, մահ են ցանկանում և չեն մեռնում, ինչպես Հովհաննեսի տեսիլքում, թե այն օրերին մարդիկ մահ են փնտրելու և չեն գտնելու (Հայտ. 9.6):
Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ հարություն առնողները ոչ ծեր են լինում և ոչ երեխա, նախ՝ որովհետև ծերն ու երեխան անկատար են, ուստի հարություն են առնում երիտասարդ հասակում, որ կատարյալ է: Երկրորդ` քանզի Ադամը երեսուն տարեկան արարվեց, և բոլոր մարդիկ այդ հասակում են հարություն առնելու, ինչպես նաև Պողոսն օրինակ է բերում Հիսուս Քրիստոսի տարիքը, երբ Նա հարություն առավ (Եփես 4.13): Հարությունից հետո մարմնապես ոչ ուտում և ոչ ըմպում են, ոչ կին են առնում և ոչ տղամարդու տրվում, ինչպես հակառակն են ասում մահմեդականները, հրեաներից ոմանք, որոնք սադուկեցիներ էին և որոշ հերձվածողներ: Քրիստոսն ասում է, թե անմիտներ, հարությունից հետո ոչ կին են առնում և ոչ տղամարդկանց տրվում, այլ լինում են հրեշտակների նման կերակուրի անկարոտ և անմահ (Ղուկ. 20.35): Եվ եթե մեկն ասի, թե Քրիստոսը կերավ հարությունից հետո, ապա մենք կասենք, որ Քրիստոսը հարությունից հետո կերավ, որպեսզի հարությունը հաստատեր: Իսկ ընդհանուր հարությունը ծածուկ չէ, ինչպես Քրիստոսինը: Այդ պատճառով մարմնական կերակուրի կարիք չկա, որպեսզի ցույց տրվի, թե հարություն գոյություն ունի: Մարդկանց ընդհանուր հարությունից հետո հոգևոր և աստվածային տեսությունը կերակուր է, որ ամեն ինչից քաղցր է: Բայց Քրիստոսը հարությունից հետո զգեստով ու խոցվածքով երևաց, իսկ մեր դեպքում յուրաքանչյուր մարդու զգեստը իր գործերն են՝ բարի կամ չար: Եվ այստեղ մեր ունեցած խոցվածքն այդժամ ապաքինվում է: Նաև այստեղի մեր տկար մարմինը հարությունից հետո լինելու է առանց թերությունների: Եվ ինչպես զանազան սերմերը՝ ցորենը, գարին, կորեկը և մնացյալը, նույն հողում են ցանվում, և յուրաքանչյուրն իր տեսակից է բուսնում, այնպես էլ հարության պարագան է: Դարձյալ, ինչպես մերկ հատիկն է հողն ընկնում և բուսնում որպես զարդարուն հասկ, ցողուն, տերև և այլն, այնպես էլ թաղված մերկ մարմինն է հարություն առնում փառքով զարդարված, ինչպես առաքյալն է նմանապես ասում կորնթացիներին ուղղված առաջին նամակում. «Այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ: Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան» (Ա Կորնթ. 15.41-42): Եվ արդ տեսնում ենք, որ հարություն առած մարդը մոտ է երկնայիններին` հրեշտակներին և նրանց նման է լինելու ու ժառանգելու է հավիտենական կյանքի շնորհներն ու պարգևները:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ