Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ֆրանսիան բնության ստեղծագործությունը չէ, պատմության ստեղծագործությունն է»

«Ֆրանսիան բնության ստեղծագործությունը չէ, պատմության ստեղծագործությունն է»
12.04.2016 | 10:06

Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսը արդի հայ աստվածաբանության մեջ իր մնայուն աստվածաբանական եզրագիծն է թողել, որը տալիս է սկզբունքային պատասխաններ ներկա ժամանակի մարտահրավերների վերաբերյալ: Հայեցակարգային տեսանկյունից նա լուսաբանում է մշակույթի և եկեղեցու փոխհաղորդակցության անհրաժեշտությունն ու դրանից բխող հեռանկարները: Ջովաննի Գուայտայի հետ հարցազրույցի ժամանակ ասում է. «Մեր դարաշրջանը տարբերվում է ինչպես 5-րդ, այնպես էլ 18-րդ դարից: Եվ այս երկու դարերն էլ միմյանցից խիստ տարբեր են: Հայր Մխիթարի և Մխիթարյան միաբանների դերը հայ մշակույթի զարթոնքի գործում շատ մեծ է, բայց չի կարելի այդ դարաշրջանի մշակութային ողջ վերածնունդը վերագրել միայն Մխիթարյանների շարժմանը: 18-րդ դարում, մշակութային առումով, վանական ուրիշ եռանդուն միաբաններ էլ են եղել Հայաստանում և հատկապես Կոստանդնուպոլսում: Բացի դրանից, եթե այդ դարում տեղի է ունեցել հայ գրականության զարթոնք, ապա իսկական վերածնունդը կատարվել է 19-րդ դարում, երբ ընդլայնվեցին մեր կապերն արևմտյան մշակույթի հետ: Այդ դարերում աշխարհականներն սկսեցին մշակութային կյանքին ավելի գործուն մասնակցություն ունենալ, ինչը, սակայն չնվազեցրեց եկեղեցու բերած նպաստը հայ մշակույթին, որովհետև Հայաստանի, Թիֆլիսի, Կոստանդնուպոլսի և այլ վանքեր, հակառակ պատմական վերիվայրումներին, մնացել էին մշակութային շատ կարևոր կենտրոններ: Այսօր, խորհրդային վարչակարգի տապալումից հետո, հայ եկեղեցին ցանկանում է անմիջականորեն մասնակցել մշակույթի զարգացման գործին: Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես այսօր աշխարհականացումը գերիշխող տեղ է գրավել: Կիրառական գիտությունները, արդյունաբերությունը, ծնունդ են տվել որոշ նյութապաշտության, որը դարձել է մեր սպառողական հասարակության հիմնական հոգեբանությունը: Մշակույթն այսօր զրկված է իր ավանդական արժեքներից, այդ պատճառով էլ եկեղեցու ավանդը մշակույթի մեջ պետք է օգնի, որպեսզի վերջինս վերստին հայտնաբերի հոգևոր արժեքներ: Այսօր շատ են խոսում մշակույթի մեջ հավատքի ներթափանցման մասին. քրիստոնեական հավատքը պետք է իր արտահայտությունը գտնի յուրաքանչյուր առանձին մշակույթի մեջ: Բայց մշակույթի մեջ այդ ներթափանցումը մի շարժում է երկու ուղղությամբ. դա փոխներթափանցման, համադրման հարց է, բարի լուրի ու մարդկային մշակույթի հանդիպման հարց: Եկեղեցին չի կարող անտեսել կամ անցնել գիտական նոր մշակույթի խոշորագույն նվաճումների կողքով, որոնք, ի միջի այլոց, մեծ ծառայություններ են մատուցում Աստծու արարածներին: Խնդիրն այն է, որ հասկանանք, թե ինչպես պետք է այդ մշակույթի մեջ ներարկել մարդու ունեցած հոգևոր արժեքի իմաստը, որպեսզի նա չդառնա մեքենա, ինչը նշան է մարդկության հոգևոր աղքատացման: Չէ՞ որ կրոնի, մշակույթի, գիտության ընդհանուր նապատակը մարդու համակողմանի զարգացումն է՝ նրա մտավոր, նյութական, հոգևոր և բարոյական կողմերով:
Կա երկու բան, որոնք ինձ կարևոր են թվում հետխորհրդային այս նոր ժամանակաշրջանի համար: Առաջինը վերահայտնաբերումն է համայնավարությունից առաջ մեր ունեցածի՝ մեր քրիստոնեական մշակութային արմատների: Երկրորդը՝ մյուս մշակույթների հետ մեր կապի պահպանումը. մենք չենք կարող ներփակվել մեկուսացման մեջ: Մեր դարաշրջանը երկխոսություն է պահանջում քաղաքակրթությունների միջև: Բայց դա այնքան էլ դյուրին բան չէ: Նոր ենք դուրս եկել բռնի մեկուսացման վիճակից, որի մեջ գտնվում էինք խորհրդային վարչակարգի ընթացքում: Եվ այն ամենը, ինչն այդ ժամանակ արգելված էր, այնպիսի հակազդեցությամբ է հիմա որոնվում, որ կարծես կորցրել ենք տարբերակելու, ընտրություն կատարելու ունակությունը: Արևմտյան գրոհող ազդեցության դեմհանդիման մարդիկ չեն կարողանում ցորենը հարդից զանազանել: Անցումային այս պահի բարոյական մեծ շփոթի մեջ կարծում եմ, որ եկեղեցին, պետությունը, սփյուռքը և մեր բոլոր ոչ հայ բարեկամները, ովքեր ուզում են օգնել մեզ, պետք է ջանք գործադրեն լույս աշխարհ հանելու ճշմարիտ արժեքները: Նախ հարկավոր է տեսնել ազգայնանականության դրական կողմը. դա ազգային ինքնության զգացումն է: Մարդկային էակները չեն ծնվում ոչնչից, նրանք ժառանգում են իրենց պատմության արժեքները: Ես հիշում եմ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադուրի մի արտահայտությունը. «Ֆրանսիան բնության ստեղծագործությունը չէ, պատմության ստեղծագործությունն է»: Որքան ճշմարիտ է ասված այս խոսքը նաև Հայաստանի համար: Մեզ՝ հայերիս համար ազգային պատկանելության զգացումը դարձել է շատ թանկարժեք ոչ միայն համայնավարության, այլև այն վերիվայրումների պատճառով, որոնց միջով անցել ենք մեր պատմության ամբողջ ընթացքում և որոնք վտանգել են մեր ազգային ինքնությունը: Բայց ինքնության այս զգացումը չի կարող նույնանալ բացառիկության զգացմանը: Ազգայնականությունն ինձ համար ընդհանուր ոչինչ չունի այն մոլեռանդության հետ, որը սեփական ազգը դարձնում է կուռք: Իմ ըմբռնմամբ, ազգայնականությունը մասնահատուկ ինքնության պատկանելության գիտակցումն է: Հաստատել իր ինքնությունը չի նշանակում կտրվել ուրիշի հետ հաղորդակցվելուց: Ընդհակառակը, այդ ինքնությունը շնչահեղձ լինելուց խուսափելու համար այլոց հետ հարաբերվելու կարիք ունի:
Կարծում եմ, որ ամենից առաջ ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչպես ենք հասկանում և արժևորում այն, ինչն անվանում ենք նյութական: Հարկ է հաղթահարել նյութ-հոգի հին երկճյուղումը, որը դեռևս գերիշխող է: Մենք՝ քրիստոնյաներս, նյութի մեջ պետք է տեսնենք Աստծու գործը: Ինչ-որ մեկն ասել է, որ «մշակույթը հոգու մղումն է նյութի մեջ»: Երկրորդ՝ աշխարհականության այս բարդ երևույթի մեջ անհրաժեշտ է տարբերակել այն, ինչը կարող է լինել դրական ու օգտակար, և այն, ինչը մոլեռանդություն է և ժխտում է ամեն անդրանցականություն: Եթե աշխարհականությունը մարդկային կյանքի բոլոր կողմերի, անցողիկ գործողությունների արժեքն ընդունելն է սրբության հետ կողք կողքի, ապա այդպիսի աշխարհականության նախակարապետներից մեկը Հիսուս Քրիստոսն է: Նրա ուսմունքի մեջ ոչ մի հակադրություն չենք գտնում աշխարհիկի ու սրբության միջև, քանի որ մարդկային կյանքի բոլոր դրսևորումները նրա համար կարևոր էին: Այդ բանը նա ապացուցում է Կանայի հարսանիքին իր մասնակցությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ ամեն ինչում բաժանում է իր ժողովրդի կյանքը... Մյուս կողմից` տվյալ ճշմարիտ միտումը կարող է այլասերվել, եթե հաստատվի սոսկ աշխարհիկ իրողությունների կարևորությունը: Այդ դեպքում նրան հաջողվում է բացառել Աստծու ներկայությունը մարդկային կյանքում: Մեր ժամանակակիցներից ոմանք մտածում են. «Մենք Աստծու կարիքը չունենք, քանզի հասել ենք այնպիսի զարգացման, որ չենք հանդուրժում որևէ կախվածություն որևէ գերագույն էակից»: Ես կարծում եմ, որ ծայրահեղ վիճակի հասած աշխարհականությունը երջանկության աղբյուր չէ մարդկության համար: Բայց հենց այս բացասական հաշվեկշիռն էլ հույժ փրկարար մի մարտահրավեր է եկեղեցու համար, և այն պետք է ընդունենք լրջորեն»:
Ըստ Գարեգին Ա կաթողիկոսի «Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ» գրքի:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ