Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խաղաղությունն Աստծո պարգև է, և մարդկությունը պարտավոր է պահպանել այն

Խաղաղությունն Աստծո պարգև է, և մարդկությունը պարտավոր է պահպանել այն
01.07.2016 | 09:06

Այսօր մեր շուրջն ամենուր պատերազմ է, ավերածություններ, ատելություն, անարդարություն, անտարբերություն՝ միմյանց ոչնչացնելու, տիրելու, ստրկացնելու աղետաբեր հետևանքներով: Եկել է ժամանակը իմաստավորելու մեր կյանքը՝ նման ոճրագործությունները կանխելու և վերացնելու համար: Հատկապես դասեր պետք է քաղեն բոլոր նրանք, ում թողտվությամբ և փողերով ստեղծվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը մինչև օրս էլ գործում է, սպառնում է աշխարհին և մարդկությանը: Նրանք պետք է պարզ գիտակցեն, որ ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում ներման չեն արժանանա, որովհետև խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային ահաբեկչությունը, ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, դրանք դատապարտվել են, դատապարտվում են և պետք է դատապարտվեն մարդկության կողմից:
2014 թ. օգոստոս ամսից մինչ օրս Մերձավոր Արևելքում եզդի ժողովուրդն ու այլ քրիստոնյաներ ցեղասպանության ենթարկվեցին: Այդ ոճրագործությունը շարունակվում է մինչ օրս:

Ականատեսի վկայությամբ՝ հունիսի 2-ին ԻՊ-ի հրեշները Մոսուլի հրապարակներից մեկում 19 եզդի աղջիկների դրել են երկաթե վանդակների մեջ և այրել հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Նրանց պատժել են խալիֆաթի զինյալների ստրկուհիներ դառնալ չցանկանալու համար: Իսկ աշխարհը, ինչպես միշտ, լուռ է, անտարբեր ուրիշի ցավին, չի լսում ու չի տեսնում: Իսկ Թուրքիան, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, հարյուրավոր զինվորներ է ուղարկում Սիրիա և Իրաք՝ եզդիների ու քրդերի դեմ կռվելու համար: Հունիսի 6-ին երեքամսյա կալանքից հետո Թուրքիայում բանտից ազատել են 77-ամյա կնոջը, ում «մեղքն» այն է եղել, որ կոչ է արել դադարեցնել պատերազմն ու ահաբեկչությունը: Ապրելով օտարության մեջ, մենք՝ եզդիներս, միայն մեկ նպատակ ունենք՝ վերադառնալ և խաղաղ ապրել մեր բնօրրանում` Շանգալում: Եզդիները չեն կարող ապրել և չլինել իրենց հոգևոր առաջնորդարան Լալիշա Նուրանիում: Այժմ հոգևոր առաջնորդարանի շրջակայքում ապրում են ցեղասպանություն տեսած հազարավոր եզդիներ, որոնց համար մեր ժողովրդի Սուրբ առաջնորդարանը դարձել է հույսի և հավատի կենտրոն: Մարդիկ կարծես «մոռանում» են իրենց ցավը, սպասում են իրենց բնօրրանի լրիվ ազատագրմանը: Նրանց մեծ մասը հոգնել է փախստականների համար նախատեսված ճամբարային կյանքից, նրանք գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, քան մնալ այդ ճամբարներում, որտեղ ապրելու տարրական պայմաններ չկան: Եզդիների մի մասը փախչում է դեպի Եվրոպա, բայց այստեղ էլ նրանց համար անվտանգ չէ, նրանք հայրենիքից դուրս իրենց ապագան չեն պատկերացնում: Այս 2 տարում Իրաքից արդեն հեռացել է 100-120 հազար եզդի: Ականատեսները պատմում են, որ նրանց դիտավորյալ են պահում ճամբարային անմարդկային պայմաններում, որպեսզի նրանք փախստական դառնան: Եվ սա այն դեպքում, երբ եզդիները դարեր շարունակ ենթարկվել են խտրականության, իրավազրկման և ցեղասպանության:
Բայց հիմա մենք այլևս անօգնական չենք, մենք ուժեղ ենք, մենք կարող ենք պահել և պաշտպանել մեզ, մեր օջախը, մեր բնօրրանը, որտեղ մենք ո՛չ եկվոր ենք, ո՛չ էլ անցվոր: Մեր եզդիական զինված ջոկատները համարյա լիովին մաքրել են ահաբեկիչներից մեր բնօրրանը, վերահսկում են կարևորագույն ճանապարհները, քաղաքները, հենակետերը: Չնայած թվային գերազանցությանը՝ ահաբեկիչներն արժանի հակահարված են ստանում եզդի ազատամարտիկներից: Մինչ օրս Շանգալի տարբեր հատվածներում մարտեր են գնում, ԻՊ հրոսակախմբերը պարտվում են, բայց Շանգալի լրիվ ազատագրումը պահանջում է միասնություն, համախմբվածություն:


Անկախ ամեն ինչից՝ մեր տունը Երկիր մոլորակն է, որտեղ մարդկությունը ճանապարհորդում է միասին: Այսօր բազում վտանգներով լի է մեր ճանապարհը, բայց աղոթենք առ Աստված, լինենք միասին և ամոքենք մեր վերքերը: Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք միասին՝ խոնարհվելով Աստծո կողմից մեզ տրված ճակատագրի առջև:


Լինենք միասնական՝ ուժով, հավատով, հուսալի ապագայի հիմք դնելով: Ատելություն սերմանող կոչերի դեմ պայքարենք միասնական, լինենք գթասիրտ և մեծահոգի՝ չարությանը դիմակայելով բարությամբ ու մարդասիրությամբ: Հավատանք արդարության հաղթանակին:


Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ