Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Որևէ երկիր, անկախ նրանից, ծովերով, թե լեռներով է շրջապատված, կիբեռհարձակումներից պաշտպանված չէ»

«Որևէ երկիր, անկախ նրանից, ծովերով, թե լեռներով է  շրջապատված, կիբեռհարձակումներից պաշտպանված չէ»
24.03.2017 | 11:21

«Իրատեսի» հյուրը Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» լաբորատորիայի տարածաշրջանային ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է: Զրույցի թեման թվային աշխարհի սպառնալիքներն են` կիբեռհարձակումներն ու դրանցից պաշտպանվելու ուղիները:

-Կիբեռհարձակումները գնալով մեծածավալ են դառնում, նաև մշտապես էվոլյուցիա են ապրում: Հաջողվո՞ւմ է կիբեռսպառնալիքների բոլոր տեսակներից պաշտպանվելու լուծումներ առաջարկել:
-Այո, Դուք ճիշտ եք, շատ արագ կիբեռհարձակումների և՛ ծավալն է մեծանում, և՛ բարդության աստիճանը: Մենք փորձում ենք ոչ միայն հայտնաբերված վիրուսների դեմ հակավիրուսներ առաջարկել, այլև կանխատեսել դրանք: ՈՒնենք կանխարգելող համակարգեր, որոնք շատ արագ հայտնաբերում են վիրուսային ծրագրերն ու ավտոմատ կերպով արգելափակում դրանք, նաև մշակում ենք տեխնոլոգիաներ, որոնք կանխատեսում են, թե ինչ տիպի մոդիֆիկացիաներ և ինչ էվոլյուցիա կարող են ապրել վտանգները, և կանխապես դրանց դեմ միջոցները ներառում ենք մեր արտադրանքի մեջ: Այսինքն, մենք հիմա ոչ թե գնում ենք հաքերների հետևից, այլ փորձում ենք մի քայլ առաջ լինել նրանցից:
-Կիբեռանվտանգության ոլորտում մասնագետների պակաս զգացվո՞ւմ է: Խոսքը մեր երկրի մասին է:
-Այո, ամբողջ աշխարհում կիբեռանվտանգության գծով ծրագրավորողների, անալիտիկների, թեստավորողների պակաս կա: Հայաստանում` առավել ևս: Այդ բացը լրացնելու համար Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում բացվեց Կասպերսկու անվան կիբեռանվտանգության մագիստրատուրա, որը այս պահին աշխարհում միակն է: Արդյունքում` մի քանի տարի հետո կունենանք կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներ: Նաև «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ կիբեռանվտանգության ուսուցման կենտրոնի ստեղծման աշխատանքներ են ընթանում: Լավագույններին կարող ենք օգնել, որ ուսումը շարունակեն, դառնան բարձրակարգ մասնագետներ, հնարավոր է նաև մասնակցություն ունենան մեր նախագծերի իրականացման գործում:
-Լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով սեմինարի ժամանակ նշեցիք, որ կիբեռսպառնալիքներին բախվելու ռիսկի են ենթարկվում ոչ միայն շարքային օգտատերերը, այլև բիզնեսը, արդյունաբերական ձեռնարկությունները, ֆինանսական կազմակերպությունները, պետական կառույցները և կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառուցվածքները։ Ավելի շատ տուժում են խոշորամասշտաբ ընկերություննե՞րը, թե՞ շարքային օգտատերերը:
-Տարիներ առաջ կիբեռհարձակումների հիմնական թիրախը շարքային օգտատերերն էին, իսկ հարձակումների նպատակը զվարճանքն էր, տարատեսակ ուղերձներ հղելը և այլն: Ժամանակի ընթացքում կիբեռհանցագործների համար առաջնային դարձավ գումար վաստակելը: Հաքերությունը ևս «աշխատանք» է, ինչը որոշակի ժամանակ է խլում, և հաքերներն ուզում են, որ իրենց «աշխատանքը» լավագույնս «փոխհատուցվի» գումարով, այդ պատճառով էլ հարձակումներն ավելի բարդացել են ու նպատակաուղղվել իրավաբանական կազմակերպությունների, հատկապես բանկային համակարգի դեմ: Իհարկե, դրանով չեն պակասել անհատ օգտատերերի դեմ հարձակումները: Հայաստանում վերջին մեկ-երկու տարում մի շարք համաճարակներ եղան հատկապես կոդավորող վիրուսներով զբաղվող հաքերների կողմից, երբ համակարգչի ինֆորմացիան ամբողջությամբ կոդավորում էին ու ապակոդավորման համար փոխհատուցում պահանջում` մի քանի հարյուր դոլարից մինչև մի քանի հազար դոլար, նայած, թե ինչ նշանակության ինֆորմացիա է կոդավորվել, և ինֆորմացիայի կրողը ինչ կարգի եկամուտներ ունի: Մեր արտադրանքը գրագետ օգտագործելիս վարակի հավանականությունը նվազագույնի է հասցվում: Կազմակերպությունների դեմ հարձակումները գնալով շատանում են, կարող են մաքրել բանկային հաշիվը, ինֆորմացիան արգելափակել ու վերադարձնելու համար պարգևավճար պահանջել, շանտաժ անել, եթե տիրապետում են որոշակի ինֆորմացիայի, որի հրապարակումը կարող է վնաս հասցնել անհատին կամ կազմակերպությանը և այլն: Ինչպես նշեցի, գնալով տոկոսային առումով ավելի պակասում են գաղափարական հենքի վրա իրականացվող հարձակումները, կամ այն հարձակումները, որոնք կարող էին ունենալ զուտ փիլիսոփայական կամ գիտաճանաչողական հենք: Շատ ավելի են հենց այն հարձակումները, որոնց վերջնական նպատակը ֆինանսական միջոցներին տիրանալն է: Սակայն, անկախ նրանից, թե ինչ հենքի վրա են տեղի ունենում հաքերային հարձակումները, դրանք անընդունելի են և քրեորեն պատժելի: Նպատակով միջոցներն արդարացնելը սխալ մոտեցում է: Անկասկած, դատապարտելի է հաքերային ցանկացած տիպի միջամտություն թե՛ մարդկանց կյանքին, թե՛ բիզնեսին, թե՛ աշխատանքին:
-Երկրների միջև հակամարտությունները կարո՞ղ են հիմք դնել կիբեռպատերազմական բռնկումների: Այս դեպքում կարծես անխուսափելի՞ են երկուստեք հարձակումները:
-Կիբեռդաշտում կա երկու տեսակի գործողություն` հարձակում և պաշտպանություն: «Կասպերսկի լաբորատորիան» զբաղվում է միայն ու միայն պաշտպանական տեխնոլոգիաների ստեղծմամբ: Կիբեռանվտանգությամբ զբաղվող որևէ իրեն հարգող, լուրջ կազմակերպություն չի կարող զբաղվել կիբեռհարձակողական զենքերի մշակմամբ, անկախ նրանից` երկիրը պատերազմական վիճակում է, թե ոչ: Դա հիմնավորված մոտեցում է. կիբեռհարձակում սկսելով` որևէ կողմ չի կարող հաջողություն ունենալ, դա փակուղի է, իսկ վնասները նաև ֆիզիկական աշխարհում կարող են շատ ավելի մեծ լինել, քան զենքի հասցրած վնասները: Նույնիսկ եթե հակամարտող երկրներում կան երկուստեք հայրենասիրական կամ այլ մղումներից դրդված հաքերային հարձակումներ, ճիշտ, բանական մոտեցումը կլինի այն, որ իրենց կողմում գտնվող հաքերային խմբավորումներին փորձեն կարգի հրավիրել: Կրկնում եմ` դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:
-Բոլոր դեպքերում, պատերազմական իրավիճակներում, ինչպես նաև քաղաքական սրված իրավիճակում զգոնությունը կիբեռդաշտում ավելի՞ է ուժեղացվում:
-Կիբեռպաշտպանությունը ուժեղացնելու իմաստով երկու պատասխան չի կարող լինել: Կիբեռպաշտպանությունը պետք է ընթանա ամեն վայրկյան և անընդհատ զարգանա: Չգիտեմ մի ոլորտ, որտեղ տեխնոլոգիաներն այնքան արագ են փոփոխվում ու զարգանում, որքան կիբեռանվտանգության ոլորտում: Ամեն օր նախորդ օրվա տեխնոլոգիան կարող է հնացած լինել: Այս ոլորտում և՛ անհատների, և՛ կազմակերպությունների, և՛ պետության կողմից զգոնության թուլացում չի կարելի թույլ տալ:
-Ի՞նչ քայլեր են արվում հաքերների բացահայտման, դատապարտման ուղղությամբ:
-Մեր ընկերությունը համագործակցում է իրավապահ մարմինների հետ կոնկրետ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Այսինքն, եթե իրավապահները զբաղվում են կիբեռհանցագործությունների բացահայտմամբ, և որոշակի փուլում մասնագիտական աջակցության կարիք է զգացվում, մեր կազմակերպությունն օժանդակում է: Մենք ունենք նաև կորպորատիվ կազմակերպությունների համար նախատեսված կիբեռմիջադեպերի հետաքննման ծառայություն:
-Կիբեռհարձակումը (նաև պաշտպանությունը) աշխարհագրություն ունի՞:
-Աշխարհագրորեն չկան սահմաններ։ Ճիշտ է, հարձակումները շատ ժամանակ տեղայնացվում են երկրի, կազմակերպությունների մասշտաբով, բայց ինքնին կիբեռանվտանգությունը լոկալ երևույթ չէ: Համենայն դեպս, որևէ երկիր, անկախ այն բանից, ծովերով, թե լեռներով է շրջապատված, կիբեռհարձակումներից պաշտպանված չէ: Դրանով իսկ, կիբեռպաշտպանության համակարգերի զարգացումն ապահովելը բոլորի գործն է:
-Դուք նշել եք, որ նույնիսկ ամենազգույշ վարքը չի երաշխավորում կիբեռսպառնալիքներից հարյուրտոկոսանոց պաշտպանություն։ Հենց այդ պատճառով յուրաքանչյուր սարքի վրա պետք է տեղադրված լինի պրոակտիվ տեխնոլոգիաներով համալիր պաշտպանական լուծում, որն ի զորու կլինի կանխարգելելու նույնիսկ անհայտ, չարագործների կողմից դեռևս չհնարված միջոցներով վարակումը: «Կասպերսկի» լաբորատորիայի առաջարկած պաշտպանական ծրագրերից մեր երկրում քանի՞սն են օգտվում:
-Այո, Դուք միանգամայն ճիշտ եք, անշուշտ, ցանկացած սարքի վրա պետք է տեղադրված լինի հակավիրուսային համակարգ։
Առանձնացված տվյալներ չունենք շուկայի մեր մասնաբաժնի առումով: Իմ անձնական դիտարկմամբ` լիցենզավորված հակավիրուսների հայաստանյան շուկայի մոտ 80 տոկոսը մեզ է պատկանում: Բայց պետք է նկատի ունենալ, որ պիրատությունը Հայաստանում շուրջ 75 տոկոս է: Մեր հակավիրուսային լուծումները թանկ հաճույքներից չեն և բավական մատչելի են: Այսօր արդեն հակավիրուսը խիստ անհրաժեշտություն է, և ամեն ամիս մի քանի հարյուր դրամ վճարելով` օգտատերը խուսափում է անհամեմատ շատ մեծ վնասներ կրելու կամ, ասենք, անձնական տվյալները կորցնելու վտանգից: Սա հիմնականում ոչ թե գրպանի, այլ մոտեցման, աշխարհայացքի խնդիր է: Ցանկացած պաշտպանություն գումար արժե, և պետք է հոգ տանել թե՛ մեր, թե՛ մեր սիրելիների պաշտպանության մասին նաև թվային աշխարհում:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ