«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

ԱԺ ընտրությունները երկու կարևորագույն քաղաքական թեստի պատասխան տվեցին

ԱԺ ընտրությունները երկու կարևորագույն քաղաքական թեստի պատասխան տվեցին
07.04.2017 | 12:32

Խորհրդարանական ընտրություններից հետո, բնականաբար, շատ է խոսվում քվեարկության արդյունքների մասին։ Հիմնական ուշադրությունը սևեռված է հաղթող ուժերի կամ ռեյտինգային թեկնածուների վրա։ Իհարկե, դա օրինաչափ է՝ հաշվի առնելով խորհրդարանական համակարգում օրենսդիր մարմնի կարևորությունը։ Մինչդեռ քաղաքական տեսակետից կան ոչ պակաս կարևոր զարգացումներ և փաստեր։ Եվ հիմնականում դրանք առնչվում են խորհրդարան չանցած որոշ քաղաքական ուժերի հետ, քանի որ նրանց ձախողումն ու ԱԺ-ում չհայտնվելը քաղաքական հստակ ուղերձներ են պարունակում, եթե չասենք՝ որոշակի թեստեր են։


Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անհաջողությանը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ ընտրությունները և ընտրողների վարքագիծն ու քվեարկությունը «Ազատ դեմոկրատների» դեպքում թեստավորելու են, թե Հայաստանում որքան է արևմտամետ ընտրազանգվածը։ Նախընտրական ներկապնակում հենց «Ազատ դեմոկրատներն» էր այն միակ քաղաքական ուժը, որը շատ հստակ, առանց որևէ վերապահման խոսում էր իր արևմտամետ վեկտորի մասին, հանդես էր գալիս ԵԱՏՄ-ի դեմ, Եվրամիության հետ համագործակցության, ապագայում նաև այս կառույցին անդամակցելու, ինչպես նաև անվտանգության ապահովման համատեքստում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության օգտին։ Բնականաբար, դրան գումարվում էին նաև տնտեսական քաղաքականության մեջ վերջինիս լիբերալիզմը, ազատական գաղափարախոսությունը, որի խորհրդանիշը և կրողը պետք է լիներ այդ դաշինքի վարչապետի հայտարարված թեկնածու Հրանտ Բագրատյանը։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ամբողջ նախընտրական արշավը տարավ հենց այդ ուղղությամբ։ Նախընտրական քարոզչության ընթացքում ինչի մասին էլ խոսեին նրանք՝ ստվերի դեմ պայքարի, անարդարության կամ սոցիալական խնդիրների, կարմիր թելի պես տանում էին արևմտամետության գաղափարը և իրենց դիրքավորում էին արևմտյան արժեքների, ուղղության հետ։


Իհարկե, կային նաև այլ քաղաքական ուժեր, որոնք նույնպես ուշադրություն էին դարձնում այս ուղղությանը, և առաջին հերթին դա վերաբերում է «Ելք» դաշինքին։ Սակայն, այնուամենայնիվ, «Ելքը» մեծ վերապահումներով էր դրսևորում իր արևմտյան կողմնորոշումը։ Մասնավորապես, հայտարարվում էր, թե միանգամից չպետք է լքել ԵԱՏՄ-ն, և դա ավելի շատ նման էր կոնյունկտուրային մոտեցման։ Այս համատեքստում նախընտրական Հայաստանում արևմտյան գաղափարախոսության միակ կրողը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էր։
Հետաքրքիր է, թե իրականում և ոչ թե վիրտուալ տարածքում կամ հայտարարությունների ու խոսակցությունների մակարդակով, ինչպիսին է, այսպես կոչված, արևմտամետ ուժերի կշիռը։ Ընտրությունը կարծես սոցիոլոգիական հարցում լիներ, որը որոշեց, թե իրական կյանքում ինչ է իրենից ներկայացնում արևմտամետ էլեկտորատը և որքան է այն ընդհանրապես։ Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորին թվում էր, թե հասարակության արևմտամետ շերտը բավականին մեծացել է։ Նույնիսկ համարվում էր, որ թեև նրանք այնքան էլ շատ չեն, առավելագույնը՝ 25 տոկոս, սակայն ամենակազմակերպվածն ու ամենաակտիվն են, որոնք, ի տարբերություն այլ ընտրազանգվածների, մանավանդ ռուսամետ, չեն ամաչում իրենց դիրքորոշումներից, մասնակցում են տարաբնույթ ակցիաների և այլն։ Ճիշտ է, վաղուց նկատվել է, որ բոլոր ակցիաներին, սկսած շների պաշտպանությունից, վերջացրած լեզվի մասին թեմաներով, մասնակցում է գրեթե նույն զանգվածը, որոնց թիվը, որպես կանոն, 200-ից ավելի չի լինում։


Խորհրդարանական ընտրությունները բավականին անսպասելի արդյունք ցույց տվեցին «Ազատ դեմոկրատների» մասով՝ մինչև 1 տոկոս ձայն։ Սա զարմանալի էր՝ հաշվի առնելով, որ այդ քաղաքական ուժն ուներ ընդգծված առաջնորդներ և վատ չէր աշխատում, ընդգրկում էր բոլոր թիրախային խմբերը՝ երիտասարդներ, գրագետ հանրություն և այլն՝ օգտագործելով բոլոր լրատվամիջոցները, հատկապես սոցիալական ցանցերը։ Սակայն արևմտյան կողմնորոշում ունեցող ընտրազանգվածը, որն այլ ընտրություն առանձնապես չուներ էլ, շատ անսպասելիորեն հանդես եկավ ընդամենը 1 տոկոս ձայնով։ Եվ այսօր ընդհանրապես պարզ էլ չէ՝ այդ ընտրազանգվածը կա՞, թե՞ ոչ։ Եթե կա, ապա որտե՞ղ էին նրանք։ Եթե մասնակցել են ընտրություններին, ձայները որտե՞ղ փոշիացվեցին, ո՞ւր կորան։ Թե՞ միայն այն դեպքերում են կազմակերպված, երբ կա դրամաշնորհային ծրագիր։ Սա նշանակում է, որ նրանք չունեն գաղափարախոսություն, կան միայն գրանտային պարտավորություններ։ Դեսպանատները հրահանգ չէին տվել, և նրանք չկային։ Սրանք հարցեր են, որոնք խաղաքարտ են տալիս ռուսամետ դաշտին, որն էլ հայտարարում է, որ արևմտամետ բևեռ իրականում գոյություն չունի, այն միայն փոշեկուլի դեր է կատարում՝ կլանելով արևմտյան հիմնադրամների գումարները։


Փորձագետներից ոմանք չեն բացառում, որ որոշակի ձայներ արևմտամետ սեգմենտից գնացին նաև «Ելք» դաշինքին, բայց քանի որ վերջինիս ստացած քվեներն էլ մեծ չեն, նշանակում է, որ Հայաստանում պոտենցիալ արևմտամետ ընտրազանգվածը շատ փոքր ներկայացվածություն ունի։ Չի բացառվում, որ արևմտամետ ընտրազանգվածի մի մասն էլ ՀՀԿ-ին է ձայն տվել՝ հաշվի առնելով վարչապետի կերպարը, իմիջը, որն ամբողջ քարոզչական արշավը տարավ արևմտյան քաղաքական տեխնոլոգիաներով, PR տարրերով։ Սա նշանակում է, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգված իրականում գրեթե գոյություն չունի կամ կազմակերպված չէ, իսկ գուցե նաև այդ սեգմենտի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները տապալվել են։


Մյուս կարևորագույն թեստը կապված է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տապալման հետ։ Այդ փաստը ցույց տվեց, թե Հայաստանում ինչ սոցիալական բազա ունի Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, խաղաղության թեզը, որը, ըստ ՀՀ առաջին նախագահի, նույնն է, ինչ գործող իշխանությունների հայեցակարգը, այսինքն՝ համընկնում է Մադրիդյան սկզբունքների հետ։ Այս թեզի առաջքաշումը և հանրության գնահատականը հանրաքվեի նման մի բան էին, և այս առումով շատ հետաքրքիր էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ստանալիք տոկոսների չափը։ Արձանագրված արդյունքները՝ 1,67 տոկոս, ըստ էության երկրորդ անգամ ամրագրեցին այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները բացարձակապես ժողովրդականություն չեն վայելում, ինչի համար 1998-ին նա մերժվեց ու հեռացավ իշխանությունից, ըստ էության, նույն գաղափարախոսությունը 2017-ին տապալեց նրա քաղաքական ուժին՝ հեռացնելով խորհրդարանից։ Լևոն Տեր-Պետրոսյանին, հավանաբար, թվացել էր, թե ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ֆոնը՝ մեծաթիվ զոհեր, բավականին բարդ բարոյահոգեբանական իրավիճակ, կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ կընդունեն խաղաղության ըմբռնումը՝ սեփական ընտանիքների անվտանգությունը առաջնային համարելով։ Սակայն քվեարկությունը ցույց տվեց, որ այդ գաղափարախոսությունը չունի նման հանրային և սոցիալական բազա։ Այս պահին դեռ վաղ է ասել՝ այսօրվա իշխանությունների համար դա լա՞վ է, թե՞ վատ, սակայն վերջիններս հետագայում դա կարող են օգտագործել բանակցային գործընթացներում։


Սրանք, թերևս, կարևորագույն երկու քաղաքական թեստերն էին, որոնք շատ բան պարզեցին այս ընտրություններից հետո։
Եվս մեկ փաստ, որ գրեթե բոլորը դրական են գնահատում, «Հայկական վերածնունդ» կուսակցության պարտությունն է։ ՀՎԿ-ի տապալմամբ մի մեծ էջ է փակվում, ընդ որում՝ բավականին խայտառակ էջ։ Ըստ էության, վերջ դրվեց 20 տարվա քաղաքական ուժի, քաղաքական վարքագծի, որն ասոցացվում է կոնֆորմիզմի, քաղաքական երկերեսանիության հետ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ այսօրվա Հայաստանում, որտեղ ընտրազանգվածն առաջնորդվում է կոնկրետ շահով, որտեղ մարդկանց հոգեկերտվածքում մեծ դեգրադացիա է, նման տիպի քաղաքական գործիչներն ու կուսակցությունները աստիճանաբար հեռանում են ակտիվ քաղաքականությունից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ