ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էդուարդ Թոփչյան. «Մեծ պատիվ է, որ «Արմենիա» մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել»

Էդուարդ Թոփչյան. «Մեծ պատիվ է, որ «Արմենիա» մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել»
05.07.2017 | 12:11

Հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։ Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Ծրագրում հնչել են Ալեքսեյ Շորի, Նիկոլո Պագանինիի, Անտոն Բրուքների ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել մեծահամբավ ջութակահար Ռոման Կիմը։


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, խոսելով «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի մասին, նշեց, որ հիանալի, գեղեցիկ մրցույթ-փառատոն է՝ հրաշալի արտիստներով։ «Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մասնակցում է, և մեծ պատիվ է, որ մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել։ Ուրախ եմ մեր համագործակցության համար, ուրախ եմ, որ Սերգեյ Սմբատյանն ու ես հիմա իրար կողքի ենք։ Ես սա ամենաշատն եմ կարևորում։ Դրա արդյունքն այն է լինելու, որ մենք պետք է կարողանանք համատեղ լավ բաների հասնել։ Անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ։ Միասին ամեն ինչ ավելի հեշտ է լինում»,- ասաց Էդուարդ Թոփչյանը՝ ավելացնելով, որ ինչպես բոլոր մրցույթներից, այնպես էլ «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում է նոր տաղանդների բացահայտում։
Ջութակահար Ռոման Կիմն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ հայ հեղինակների ստեղծագործություններ չի կատարել, բայց շատ լավ ծանոթ է Խաչատրյանի արվեսին և հույս է հայտնում, որ մի օր կներկայացնի նրա Ջութակի կոնցերտը։ «Այսօր կատարել եմ Պագանինիի կոնցերտը։ Պագանինին շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Իմ կուռքն է, պաշտում եմ նրան մանկուց։ Նրա երաժշտությունը շատ վիրտուոզ է, բեմական»,- ասում է ջութակահարը։
«Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։


Նշենք, որ հուլիսի 5-ի առավոտից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում են «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ