Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Սարոյանական ցուցադրության ամենաուշագրավ ցուցանմուշը գրողի հեծանիվն է»

«Սարոյանական ցուցադրության ամենաուշագրավ ցուցանմուշը գրողի հեծանիվն է»
09.04.2018 | 13:41

Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին նվիրված

«Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսով մեկնարկեց «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծը: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նախաձեռնած այս նախագծի շրջանակում տարվա ընթացքում կազմակերպվելու է ցուցահանդեսների շարք` հյուրանոցի մշտական բնակիչների և նշանավոր հյուրերի մասին:


«Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքը հարազատ ու սիրելի է ամենից առաջ կոթողային կառույցներով, որոնցից մեկը «Երևան» հյուրանոցն է,- ասաց թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:- Անկեղծ ասած՝ ես երանությամբ եմ հիշում 90-ակաների կեսերը, երբ պատիվ ունեցա շուրջ երկու տարի աշխատել այս շենքում: Շատերը հիշում են, թե ինչ անմխիթար վիճակում էր հյուրանոցը: Մեր խմբագրությունը տեղակայված էր երկրորդ հարկում: Ամեն անգամ, աշխատանքի պահերին, ես փորձում էի երևակայել, թե մեր մեծերից ովքեր են իջևանել այդ սենյակում: Այդ ժամանակ չէի էլ կարող երևակայել, որ այս շենքը մոտ ապագայում այսպիսի շքեղ տեսք է ունենալու, առավել ևս, որ հանդես ենք գալու համատեղ ծրագրով՝ նվիրված մեր մեծերին, ովքեր տասնամյակների ընթացքում մշտական կամ ժամանակավոր հանգրվանել են այս շենքում»:


«Երևան» հյուրանոցն առավելապես հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով: 1920-30-ական թվականներին այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ` Չարենցը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Բակունցը, Մահարին, Քոչարը, Թերլեմեզյանը, Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք: Վերոհիշյալ մշակութային գործիչների մասին շատ հարուստ վավերագրեր կան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում, որոնք մինչև տարեվերջ առանձին խորագրերով կցուցադրվեն հյուրանոցում:


Ցուցահանդեսների համադրող, գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ հյուրանոցը մշտապես եղել է ամենակարևոր իրադարձությունների կենտրոնում, օրինակ, առաջինը այս հյուրանոցի չորրորդ հարկից է հայկական ռադիոն սփռել իր եթերը, այս հյուրանոցում ապրել է «Պեպո» ֆիլմի ստեղծագործական խումբը, և Արամ Խաչատրյանն այստեղ է գրել ֆիլմի երաժշտությունը:
Անդրադառնալով սարոյանական ցուցադրությանը՝ Մարինե Հարոյանն ասաց,
որ ամենաուշագրավ ցուցանմուշը գրողի հեծանիվն է, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում և հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: «Գրանդ Հոթել Երևանի» նախասրահում այցելուները կարող են տեսնել նաև Սարոյանի ինքնադիմանկարը, էսքիզներ և լուսանկարներ «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությունից և համանուն ֆիլմից, գրքեր, նամակներ, լուսանկարիչ Պողոս Պողոսյանի հեղինակային լուսանկարներից, որոնք տրամադրել է վարպետի ընտանիքը, և Հրանտ Մաթևոսյանին ընծայագրված գիրքն ու լուսանկարները, որոնք տրամադրել է գրողի կինը` Վերժինե Մովսիսյանը:


«Երևան» հյուրանոցում պահպանվել է 1935 թվականի հյուրանոցի այցելուների գիրքը, որտեղ 52-րդ համարը ամրագրված է Սարոյանի անունով: Վիլյամ Սարոյան, ազգությունը հայ, երկիրը՝ Ամերիկա, մասնագիտությունը՝ գրող: Դա գրողի՝ Հայաստան կատարած առաջին այցն էր: Հետագայում գալով Հայաստան՝ Սարոյանը խնդրել է իրեն տանել այն հյուրանոցը, որտեղ ինքը առաջին անգամ իջևանել է:
Այս տարի «Երևան» հյուրանոցը դառնում է 90 տարեկան: Մեզ հետ զրույցում հյուրանոցի մարքեթինգի մենեջեր ԱՆԻ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ ասաց, որ 90-ամյա հյուրանոցը փորձում է առաջ գնալ՝ հիշելով, արժևորելով ու վեր հանելով իր պատմությունը, որովհետև հարուստ է հենց այդ պատմությամբ:
Հյուրանոցը կառուցվել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով, 1926-1928թթ.՝ դառնալով Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի առաջին խոշոր հասարակական շենքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ