ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այսօր ունենք 12 նախարարություն։ Փոփոխություններին ինչպե՞ս են արձագանքել անվանափոխված գերատեսչությունները մասնավորապես համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերում։
Երեկվա դրությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր անվանումը փոխել է և՛ կայքում, և՛ ֆեյսբուքյան էջում։ Էկոնոմիկայի նախարարությունն իր անվանումը փոխել է միայն պաշտոնական կայքում, ֆեյսբուք սոցիալական ցանցում կառույցի նախկին անվանումն է՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը երեկվա դրությամբ անվանափոխված չէր, անվանափոխված չէր նաև նախարարության ֆեյսբուքյան էջը։ Նույն պատկերն է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էջում` ո՛չ կայքն էին թարմացրել, ո՛չ էլ նախարարության անվանումը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը նույնպես անվանափոխված չէր։
Ի դեպ, մեր հեռախոսազանգերին ի պատասխան ասացին, որ ֆեյսբուքյան էջում անվանափոխություն կատարելը փոքր-ինչ ժամանակատար գործընթաց է։ Այն նախարարությունները, որոնք ունեն ֆեյսբուքի կողմից պաշտոնապես հաստատված էջեր, անվանափոխության համար պետք է դիմեն այս սոցիալական ցանցի ադմինիստրացիային, որը մի քանի օրվա ընթացքում կթույլատրի, և կիրականացվի անվանափոխությունը։
Նշված նախարարություններից միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չունի ֆեյսբուքի կողմից հաստատված էջ, այդ է պատճառը, որ ֆեյսբուքում այս նախարարության անվանափոխությունը արագ է կատարվել։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ