Ուզում եմ, որ իմ երկիրը չքանդվի, մարդիկ անտերության պատճառով չմահանան, իմ երկրի ղեկավարը չբանակցի թշնամու հետ՝ գաղտնի, մեջքի հետևում հող հանձնելով, մարդիկ օրեցօր ավելի վատ չապրեն․ բաներ, որոնք տեղի են ունենում այսօր՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։ Նա նշեց, որ ինքը երբեք ամաչելու բան չի ունեցել, բայց այժմ ունի մտահոգվելու առիթ։
«Մենք սարեր շուռ տվող ժողովուրդ ենք, բայց ընտրեցինք անկարողներին և առանց անցյալի մարդկանց։ Մարդկանց, ովքեր երբեք ոչ մի տեղ չեն աշխատել, եթե աշխատել են, աշխատել են արտասահմանյան անհասկանալի ֆոնդերում, իսկ իրենց գլխավորում է մի մարդ, որի արած միակ օֆիցիալ աշխատանքը եղել է հարուստներին շորթելը՝ հերյուրանքներ չտպագրելու համար»,-ասաց նա։ Նախկին դեսպանն ընդգծեց՝ հայերը, Հայաստանի քաղաքացիները կարող մարդիկ են, հարց լուծելով երկիր են կառուցել։ «Ո՞ւմ գիտեք այսօրվա կառավարությունից, որ կարող է հեռախոսը վերցնել և զանգել իր կոլեգային՝ Ռուսաստանում, Վաշինգտոնում, Բրյուսելում, Թեհրանում: Ես տենց մարդ չեմ ճանաչում: Մենք ամեն օր բոլորի հետ ավելի ենք կռվում: Մենք հարց լուծող մարդիկ ենք, մենք ամեն տեղ ունենում ենք ընկերներ: Այս մարդիկ իրենց անհասկանալի թիմային, ոհմակային ընկերությունից դուրս ընկերներ չունեն: Անկարողներ են, ում ժողովուրդը ընտրեց, որովհետև չէր սիրում նախորդներին»,- նշեց նա:
Միքայել Մինասյանի խոսքով՝ Հայաստանում և սփյուռքում կան գործարարներ, կարող մարդիկ, որոնք կարող են ներդրումներ անել, սակայն խուսափում են. «Այդ մարդիկ այսօր ուղղակի ոչինչ չեն ուզում անել, որովհետև երբ իրենք հասկանում են, որ իրենք առնչվելու են Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանի և Կարգին Հայկոյի հետ այդ մարդիկ ասում են՝ հեռու,և ես նրանց հասկանում եմ: ՀՀ ում կան կարող բիզնեսմեններ, որոնք այսօր դարձել են թիրախ: Նրանք դարձել են Փաշինյան և Հակոբյան ընտանիքի ստրուկները, որոնք ստիպված մուծվում են հիմնադրամին և ոչ հիմնադրամին, որպեսզի դառնան «նոր»:
Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը ցանկանում է վերադարձ անցյալին՝ Միքայել Մինասյանը նշեց․«Հիմա Նիկոլ Փաշինյանը զբաղված է տարածելով, որ ես այս ամենը անում եմ, որովհետև ուզում եմ անցյալի վերադարձ, որովհետև ուզում եմ օլիգարխները վերադառնան, որովհետև ուզում եմ Սաշիկը վերադառնա, չգիտեմ՝ ում վրա ծիծաղեմ, նրանց վրա, ովքեր տարածում են, թե նրանց, ովքեր զբաղված են այդ ամենը լսելով՝ առանց նկատելու, որ ամեն օր էլ ավելի են կործանվում: Ես այս ամենը անում եմ, որպեսզի քնեմ երջանիկ իմանալով որ արել եմ հնարավորինս իմ, երկրի և ժողովրդի համար: Այս ամենը անում եմ այն մարդու համար, որ մնացել է անտեր, այն մարդու համար․ ում ոստիկանը խենթի ֆեյսբուքի ստատուսի պատճառով տապալել է գետնին»,-ասաց նախկին դեսպանը։
Եզրափակելով՝ Միքայել Մինասյանը նշեց, որ մարդիկ կարիք ունեն ոչ թե լաչառության, այլ հարցերի լուծման: «Մենք կարիք ունենք հարց լուծող ղեկավարի, ոչ թե հարց ստեղծող, հարց խճճողի: Մենք ուզում ենք մեր սարերի հետ ապրել երջանիկ». նշեց նա։