«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Հզոր պետության պահպանում և անվտանգ ապագա

Հզոր պետության պահպանում և անվտանգ ապագա
15.07.2025 | 13:16

Ես ուզում եմ հարցնել ՀՀ ընտրական օրենսդրության մասնագետներին․նախընտրական քարոզարշավը կարո՞ղ է սկսվել ընտրություններից մեկ տարի առաջ:

Հարցս հռետորական է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է 2026 թվի ընտրությունների քարոզարշավը՝ ձերբակալություններով՝ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումով, ՌԴ քաղաքացի, գործարար, Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ներդրումներ կատարած Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների՝Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Շիրակի հոգևոր առաջնորդ ,արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին կալանավորելով և սուրբ Էջմիածնի վանական համալիրի և Նորին Մեծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդեպ դրսևորած անպատվաբեր գործողություններով:

Այս գործողությունները , որ ուղեկցվում են հատուկ ուժայինների միջամտությամբ,ապացուցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերի թուլացումը երկրի ներսում և արտաքին հարաբերություններում:

Սակայն ինչպիսի դաժանություններ էլ անի Փաշինյանը, նա այլևս չի կարող մեր ժողովրդին մոլորեցնել նախկինների կերպարներով և նրանց դեմ ինչ-ինչ գործողություններ կիրառելով․ նրա կառավարման 7 տարիների ոչ միայն ապիկարության ,այլև միտումնավոր թշնամական գործողությունների վկայությունը վերջնականապես բացեցին մեր ժողովրդի այն հատվածի աչքերը, որոնք հավատացել էին Փաշինյանի բարենորոգումներին:

Իսկ թե ինչ արեց և շարունակում է անել նա այսօր, բոլորին է հայտնի:

Ահա, քանի որ նա խախտում է նախընտրական քարոզարշավի օրենքը՝ փորձեմ վերլուծել նրա.

*ԱԺ պատգամավորական խմբակցության քաղաքական բովանդակությունը,

*2018 թվին իշխանական կուսակցության անվանումն ու դրա բովանդակությունը,

*2021 թվի ընտրությունների ընտրարշավի գլխավոր «գաղափարախոսության» մեկնաբանոթյուններն ու բացահայտումները:

ՈՒրեմն այսպես, հետ գնանք յոթ տարի:

Երբ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության առաջին քայլերն արեց Գյումրիից,ես այն ժամանակ մտածեցի, որ սա նրա հերթական տուն-տունիկն է, մի քիչ կքայլի, հետո կասի, որ խանգարեցին կամ իրեն չհասկացան մարդիկ:

Նրա թավիշը կոչվեց «Իմ քայլը», ուշադրություն՝ քայլը, բայց ոչ՝ գործը, միտքը, գաղափարը:

Հա՛, հիմա հետ գնանք Ազգային ժողով, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավորական «կոալիցիա» կազմեց Արամ Սարգսայնի և Էդմոն Մարուքյանի հետ․ այդ պատգամավորական դաշինքը կոչվում էր «Ելք կա», այսինքն՝ դեպի ու՞ր ելք կա….

Եթե տրամաբանորեն բացատրենք, ապա եթե կա մուտք որևէ դռնից ներս, ապա կա նաև ԵԼՔ այդ նույն կամ այլ դռնից: Հենց այստեղ է, որ չկա հստակ տրամաբանություն:

Դեպի ու՞ր է բացվում այդ դուռը, ու՞ր է տանում այդ ԵԼՔԸ:

Գուցե անդունդ, գուցե ծով կամ գետ:

Օրինակ, մեր Տաթևի վանքի մի պատն անմիջականորեն կախված է անդունդի եզրին, նրա պատուհաններից ելք կա, բայց այդ ելքը բացվում է դեպի անդունդ:

Հիշենք «Կովկասի գերուհին» ֆիլմը, երբ Նինան փորձում է պատուհանից փախչել, պարզվում է՝ այն բացվում է անդունդի վրա:

Նույնը Թիֆլիսում «Մետեխի» բերդն է, որի պատուհանները բացվում են Քուռ գետի վրա․ աշխարհում էլի՛ նման շենքեր կան:

Ասելիքս այն է, որ Նիկոլի պատգամավորական դաշինքի ելքը գուցե անդու՞նդ էր տանում:

Հա՜, բա կուսակցության անվանու՞մը՝«Քաղաքացիական պայմանագիր». այստեղ չկա ո՛չ մի գաղափար ու գաղափարախոսություն՝ ազգային կամ պետականաշինական բարեփոխումների դաշտում. ու՞մ հետ է կնքվում այդ պայմանագիրը, ի՞նչն է այդ պայմանագրի հիմքում, արդյոք միայն առօրյա թեթև հարցե՞ր են արծարծվելու, ինչը այս 7 տարիների կառավարական և Ազգային ժողովի նիստերի և օրենքների ընդունման հիմնական չափորոշիչն է եղել:

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» վերնագիրը շատ նման է դեռ սովետի տարիներից Ռուսաստանում տարածված, այսօր էլ գործող և հասարակության կողմից ընդունված, այսպես կոչված, «քաղաքացիական ամուսնություն», այսինքն՝ պաշտոնապես ամուսնական գրանցում չունեցող կնոջ և տղամարդու սեռական կապ է դա, որից կարող են ծնվել և երեխաներ:

Ռուսերեն հայտնի է որպես՝ гражданский брак…

Հիմա մեր այդ քաղաքացիական պայմանագրի գաղափարական դավանանքը սա՞ է:

Սոցցանցերում և բակային խոսակցություններում հոլովվում է, որ վարչապետն իր կնոջ հետ չունի քաղաքացիական ակտի պաշտոնական գրանցում, իսկ Հայ Եկեղեցու դեմ այս արշավանքը տեսնելով, իհարկե նաև Սուրբ Պսակով չի ամրացել այդ զույգի կապը:

Հետևաբար, քաղաքացիական պայմանագիրը հենց դրա քաղաքական ամրագրումն է:

Դառնանք 2021 թվի ընտրություններին․մեզ համար 44-օրյա Հայրենական պատերազմում պարտություն կրած երկրի վարչապետը կամավոր պետք է հրաժարական տար, ինչպես ընդունված է եղել համաշխարհային պատմության մեջ, բնական է, որ թագավորները, շահերն ու սուլթանները կամավոր չեն հրաժարվել իրենց գահից ու թագից, բայց քանի որ այդ թագավորն իր ապիկարությամբ պարտվել է՝ մեծ զոհեր ու վնաս հասցնելով պետությանը, պալատական հեղաշրջումով գահընկեց էին անում թագավորին և աքսորում նրան:

Նապոլեոն Բոնապարտի օրինակը դեռ չի խամրել մարդկանց քաղաքական հիշողության մեջ:

Հայաստանում չգործեց այդ համաշխարհային գրված-չգրված օրենքը․ինչու՞։

Պատասխանները մի քանիսն են․

*երկու տարի անընդմեջ, փոխանակ ազգային և պետական կարևորության խնդիրներ մշակեին և ռազմական, տնտեսական, գիտա-կրթական-մշակութային բարեփոխումներ իրականացվեր երկրում, անդադար խոսում էին նախկինների՝ իշխանության վերադառնալու վտանգի մասին:

*Միամիտ ու պատերազմում թանկ կորուստներից մոլորված մեր ժողովուրդը ձայնը կրկին տվեց ՔՊ-ին, այսինքն՝ փաշինյանին,որովհետև նիկոլը նոր պատերազմով էր վախեցնում:

Չանդրադառնամ բոլոր պատճառներին, դրանցից ամենակարևորը նրա վարպետ մանիպուլյացիներն են, որից գլուխ հանելու համար կյանքի մեծ փորձ է հարկավոր:

Դառնանք ՔՊ-Նիկոլի 2021 թվի ընտրարշավի գլխավոր «գաղափարախոսությանը»՝

«ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»:

Հա, չմոռանամ ասել, որ 2021 թվի հունիսին՝ ընտրություններից բառացիորեն մի քանի օր առաջ «Հրապարակ» թերթում լույս տեսավ իմ այս մեկնաբանությունը՝ հույս ունենալով, որ այս մեկնաբանության թարմ տպավորությունը մարդկանց կմղի մտքի տրամաբանության և նիկոլին չեն ընտրի: Ավա՜ղ․․․

ՈՒրեմն՝«ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»:

Զուտ բառիմաստի տեսակետից, իհարկե ապագա կա:

Ապագա նշանակում է՝ ժամանակ, որը դեռ չի

Եկել՝ ապ-ժխտական ածանց է,գա-գալ բայն է, այսինքն դեռ չի եկել այդ ժամանակը՝ ապագան:

Ի դեպ, մեկ րոպե հետոն նույնպես ապագա է:

Ապագա բառը գոյական է և, բնականաբար, պիտի ունենա իրեն բացահայտող որևէ որոշիչ՝ ինչպիսի՞ ապագա:

Եթե այս գոյականը չունի որոշիչ, ապա այն հստակ իմաստ չի արտահայտում, առավել ևս քարոզչական բովանդակությամբ, որովհետև հաջորդ հարցը օրինաչափորեն պիտի լինի՝ ինչպիսի՞ ապագա-քաղցած, դաժան, անապահով, անպատիվ, ստորացած, պարտված,

թե՞ ապահով, խաղաղ, երջանիկ, հաղթանակած:

Այստեղ ևս Նիկոլը մանիպուլյացիա արեց, դե, ով կհասկանա,կհասկանա, հասկացողն էլ հո չի՞ գնալու իրենից լեզվաոճական բացատրություն պահանջի, իսկ իրեն կողմնակից, ձայն տվող մարդիկ լեզվական այս նրբությունը հաստատ չգիտեն:

Ավա՜ղ, Նիկոլը 2021 թվին վերարտադրվեց և երկրին ու ժողովրդին անվտանգ և խաղաղ ապագա չապահովեց: ՈՒ նա կարող է ասել և կասի.

«Ես ձեզ չեմ խոստացել խաղաղ ու ապահով ապագա, ես ասել եմ, որ ԱՊԱԳԱ ԿԱ՛ ԱՊԱԳԱ»:

Այսքան բան, հայե՛ր ջան…

Հիմա մենք պիտի դարձյալ միամիտ-միամիտ սպասենք 2026 թվի ընտրությունների՞ն, որ նիկոլը գործի դնի իր ադմինիստրատիվ հնարավորությունները՝ վերադրի իր մանիպուլյատիվ տաղանդը, թե՞ հաշիվ պահանջենք այս 7 տարիների ընթացքում Արցախի և ՀՀ տարածքների կորուստների, հազարավոր զոհերի և հաշմանդամ դարձած երիտասարդների, ազգի բարոյական անկման, թշնամու կողմից մեր ազգային արժանապատվության ոտնահարման համար:

Մտածենք․․․․

Հաջորդ հոդվածս լինելու է այն մասին, թե ով պետք է ընտրական ձայնի իրավունք ունենա:

Նա, ով կհանձնի պետականամետ , պետությունը պահպանելու և պաշտպանելու քննություն-ԹԵՍԹ, որպեզի ամեն մեկը հասկանա, որ ընտրում է ոչ թե անձ, այլ հզոր պետության պահպանում և անվտանգ ԱՊԱԳԱ:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 1044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ