Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԹՈՓ» ՀՆԳՅԱԿԸ, ՀԱՄ ԷԼ` ՇՆՈՐՀԱՎՈՐ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԹՈՓ» ՀՆԳՅԱԿԸ, ՀԱՄ ԷԼ` ՇՆՈՐՀԱՎՈՐ
23.12.2011 | 00:00

2011 թ. խորհրդարանական թիվ մեկ իրադարձությունն ամենևին էլ կադրային շարժը չէր: Դա «ոչ գործարար» Սամվել Ալեքսանյանի Իրաք թռիչքն էր: Նիգ-Ապարանի ղեկավարումն ստանձնելուց վայրկյաններ անց: «Նամյոկ» չենք անում, թե Նիգ-Ապարանը փակ-գաղտնի կառույց է: Բայց մի անգամ էլ է «այդպես եղել». Սերժ Սարգսյանը վերադարձավ Պենտագոնից, Իրաք զորք ուղարկեց, մի քանի օր անց պարզվեց` Գեյթսն է այլևս Պենտագոնի շեֆը, Սերժը հագավ կամուֆլյաժը, վայրկյանների ընթացքում թռավ Իրաք` հանդիպելու Իրաքում գտնվող Գեյթսին:
Ի դեպ. «չար, նախանձ, թունավոր» հայ գործարարներն էլ, թե` Իրաքում լիքը չպայթած ռումբեր կան, «Սամոն գնացել է դրանք հավաքի, բերի, բանտիկ-մանտիկ դնի վրեն, ծախի հայերի վրա»… Չե՜ն էլ ամաչում:


ԹԻՎ ՄԵԿ «ՈՉ ԳՈՐԾԱՐԱՐԸ»
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ («միջազգայնագետ», «Իրաքի գծով հատուկ դեսպանորդ»)

-Ալո՜, Վալիկո, չէ, Սամո, այսինքն` պարոն Ալեքսանյան, Թելավիվո՞ւմ եք:
-Չէ՜, չէ՜ (շատ վատ է լսվում.-հեղ.):
-ՈՒրեմն Թելավիվո՞ւմ եք. երգեցինք` «Վա՜խ, իմա՞լ մոռնամ քե Ա՜բարա՜ն…»:
-Չէ՛ չէ՛, Իրաքո՜ւմ եմ, Իրաքում, չեմ կարա երգեմ:
-Ի՞նչ եք անում Իրաքում. ամերիկյան զորքերը տուն ուղարկեցի՞ք, Պանետային հանդիպեցի՞ք (պարոն Սամվել Ալեքսանյանի մեկնելու օրը Իրաք էր մեկնել նաև պարոն Պանետան.- հեղ.):
-Չի՜ լսվում…
-Ասում եմ` ՑՌՈՒ-ի ղեկավարին` Պանետային հանդիպեցի՞ք:
-Չէ՛, չէ՛, հլը ոչ մեկին չեմ հանդիպել, ոչ մեկին` չէ:
-Բաղդադո՞ւմ եք:
-Չէ, Մարդիում եմ, Մարդիում. լսո՞ւմ ես, Մարդիում եմ:
-Լսում եմ, լսում, բա Պանետայի հետ գործ չունեի՞ք, որ Մարդի եք գնացել: Ի՞նչ եք անում Մարդիում:
-Միտինգի եմ, միտինգի:
-Նոր հեղափոխությո՞ւն, արաբական գարո՞ւն: Ամերիկայի դե՞մ:
-Կգամ կասե՜մ: Կգա՜մ…

ԹԻՎ ՄԵԿ «ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼԸ»
Սա ընդհանրապես ուրույն «կոնսպիրացիա» է: Լավ քողարկված: Եթե նրա մասին որևէ մեկին ասես` «ծերուկը» լավ էլ տիրապետում-հասկանում է գլոբալ քաղաքականությունը, հետն էլ` ներքաղաքական խաղի մագիստր է, քեզ վրա կծիծաղեն: Գուլագներով անցածը, փաստորեն, համ էլ «մասկիրովկայի» արվեստին է «բիս» տիրապետում. իր համար ստեղծել է «բանից անտեղյակ, ցավին անհաղորդի» իմիջ, տպտպալեն գնում-գալիս է խորհրդարանում, խիստ աչալուրջ է, և փաստորեն, շարունակում է իր երբեմնի ընդհատակյա գործունեությունը` պահպանելով ՀՀԿ-ի բրենդ-միֆը:
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ՀՀԿ)

-Պարոն Զոհրաբյան, ի՜նչ բերի Ձմեռ պապը այս տարի ՀՀԿ-ին:
-ՀՀԿ-ին այս տարի Ձմեռ պապը հաջողություն թող բերի:
-Ո՞Ւմ տեսքով:
-Գիտեք, մամուլում շատ են խոսում այն պատգամավորների մասին, ովքեր, այսպես ասած, Ձմեռ պապի տարիքին են, այսինքն` էսպես` մորուքով, բեղերով, սպիտակ մազերով (այս ասելով Զոհրաբյանը շոյում էր իր չունեցած բեղերը, մորուքը, ճերմակ մազերը):
-Դե, լավ-լավ, պարոն Զոհրաբյան, այդքան համեստ մի եղեք, Ձեր մասին բոլորը գիտեն, որ գորշ կարդինալ եք:
-Գորշ կարդինալը չգիտեմ, բայց «պապիկները» «պոպոք, պնդուկ, մանդարին» դեռ կարողանում են ջարդել, և պետք չէ նրանց թերագնահատել են թե՛ այս տարում, թե՛ այն տարում, թե՛ նոր տարում:
-Փաստորեն, համ էլ պոետ եք:
-Առանց պապիկի ի՞նչ ընտանիք. պետք է լինեն համ պապիկ, համ տատիկ, որ պահեն թոռնիկներին:
-Կարո՞ղ է «պապիկներին» մի քիչ նեղացրել են, Զոհրաբյան:
-Չէ, «որոշ» մարդիկ պարզապես մտահոգ են, այդ մտահոգությունը հասնում է մինչև մեզ: Ես էլ ասում եմ` առողջ ընտանիքի համար պետք են և՛ թոռնիկները, և՛ պապիկները, և՛ տատիկները:
-Տատիկների մասով, ընդհանրապես, լավ ասացիք: Ինչ վերաբերում է պապիկներին, որոշ մարդիկ կարծես «պապիկներից» չե՜ն հասկանում:
-Բնությունը գիտի` որն է առողջ պոպուլյացիան: Մյուս կողմից էլ` չի կարելի հինգ պապիկ, հինգ տատիկ: Շատ է: Մեկ-երկուսը հերիք են:
-Ո՜նց կոտրեցիք ինձ, պարոն Զոհրաբյան, ոնց կոտրեցիք` «տատի՜կ-պապի՜կ», իսկ ես եկել էի Ձեզ հարցնելու Ձյունանուշիկի մասին: Բայց դե` ասիք պապիկ, հիշեցի, էդ պապիկը` Ձմեռ, մեղք է, չէ՞:
-Հա, ամենամեծ Ձմեռ պապը, բնականաբար մեղք է, որովհետև բոլորի մասին պետք է մտածի, պետք է բոլորին նվերներ բաժանի, պաշտոններ բաժանի: Ես երազանքներից եմ խոսում` առանց քաղաքական ենթատեքստի: Բայց որպեսզի բաժանի, ստիպված պետք է որոշ մարդկանց պաշտոններից հանի, որովհետև պաշտոնները, գիտեք, սահմանափակ են:
-Իսկ «Ձմեռ պապը» մայիսի 6-ին ի՞նչ հաջողություններ կգրանցի:
-Լուրջ հաջողություններ` հիսուն տոկոսի սահմաններում: Հասկանալի է, որ կարող են լինել նաև արտախորհրդարանական «պապիկներ», որ մայիսի 6-ից հետո կհայտնվեն խորհրդարանում:
-Եվ վերջում, պարոն Զոհրաբյան, ասում են, իրականում, ՀՀԿ-ում Դուք «գորշ կարդինալ» եք, և խաղերի բուն էֆեկտ, «ատմասֆերային» ապահովումները հատկապես «պապիկային» Ձեր տոկոսադրույքների վրա են տեղի ունենում: Այո՞:
-Է՜, ա՛յ բալա, ասում են` մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա:

ԹԻՎ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
Բոլորը, թերևս, մի քանի անգամ ընկան աթոռից, երբ կարդացին Wikileaks-ի «ՏՑՍՐoՉպվՌ »-ն, և սկսեցին ուշի ուշով հետևել տիկնոջ «բարեմասնություններին»` հասկանալու` «де зимуют ее раки»։
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ (ՕԵԿ խմբակցության ղեկավար)

-Տիկին Բիշարյան, ավանդաբար ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին:
-Քաղաքական թիմով: Եվ վերջին 15 տարիներին որևէ շեղում չի եղել:
-Դուբայո՞ւմ:
-Ո՛չ, Երևանում: Մի՛շտ Երևանում:
-Իսկ Ձմեռ պապը գալի՞ս է ՕԵԿ-ին շնորհավորելու:
-Անպայման: Ամանորի մեր երեկոյին լինում են և՛ Ձմեռ պապ, և՛ Ձյունանուշիկ:
-Ձյունանուշիկը հետաքրքիր էր:
-Այո՜, Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը գալիս և մեր ընտանիքների փոքրիկ անդամներին նվերներ են բերում:
-Իսկ Դուք սիրո՞ւմ եք Ձմեռ պապին, տիկին Բիշարյան:
-Ի՞նչ իմաստով:
-Փոխաբերական:
-Իհարկե, և՛ փոխաբերական, և՛ ուղղակի իմաստներով էլ նրան սիրում եմ, որովհետև նա մեզ մանկությունն է վերադարձնում:
-Իսկ Ձեր ամուսինը սիրո՞ւմ է Ձյունանուշիկին:
-Պետք է որ: Մանավանդ, որքան տեղյակ եմ, նա Ձյունանուշիկին տեսնում է այնպիսին, ինչպիսին ես եմ:
-Ինչպիսի՞ն եք Դուք, տիկին Բիշարյան:
-Չե՜մ ասի:
-Ճիշտ էր, փաստորեն, Փենինգտոնը:
-Ինչո՞ւ:
-Չէ՛, դեռ Ձյունանուշից և Ձեր ամուսնուց. արդյո՞ք Ձեր կարծիքը Ձյունանուշի մասին «ռեալպոլիտիկ» է, թե՞ այն առավել ինքնամխիթարանք է:
-Ո՛չ. ես երեսուն տարի ճանաչում եմ նրան և գիտեմ իր բոլոր նախասիրությունները:
-Շա՜տ անհետաքրքիր էր: Եթե լինեմ բավականաչափ անկեղծ, ապա Դուք կարծես թե Փենինգտոնի համար ևս «Ձյունանուշ» էիք:
-Ո՛չ, սխալվում կամ միտումնավոր «ապատեղեկացնում» եք. ես նրա համար Ձյունանուշիկ չէի, այլ քաղաքական ուժեղ գործիչ էի:
-Ահա՜ և եկավ «մոմենտ իստինին». և ուրեմն` շատ երկար մտորումներից հետո, տիկին Բիշարյան, ես վերջապես ցանկանում եմ հասկանալ` Wikileaks-ը, որն ասանժյան իր պասաժներով գրեթե դրական բան որևէ մեկի մասին չի ասում, եթե չասենք, որ այն ստեղծվել է հակառակի համար` կախվածության մեջ պահելու աշխարհի գիտակցությունը, Ձեր մասին այդքան բարձր կարծիք է հայտնում և այն էլ` ամերիկյան դիվանագիտական «կորպուսի» կողմից, չե՞ք ասի` ինչո՞ւ:
-Հարցի «դիվանագիտական» պատասխանը միակն է` «դիմեք» ամերիկյան կորպուսին: Մինիմում` պարոն Փենինգտոնին: Չնայած կա նաև պարոն Ասանժը: Իսկ եթե լուրջ, ապա, կարծում եմ, մեր բազմաթիվ հանդիպումների, քննարկումների (գաղտնիք չէ, որ քաղաքական գործիչներս ակտիվ աշխատում ենք նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական բոլոր «կորպուսների» հետ) արդյունքում են հանգել նման կարծիքի: Իսկ եթե լրիվ անկեղծ, ապա երբևէ չէի կարող մտածել, թե մեր այդ խոսակցությունները կարող են դառնալ ընդհանուրի սեփականություն, ի հայտ գալ, տպագրվել:
-Թե չէ ի՞նչ կանեիք. ավելի ուժեղ գործիչ կերևայի՞ք:
-Չէ, ուժն այս դեպքում անկեղծության, շիտակության մեջ է:
-Եվ վերջին մի հարց. տիկին Բիշարյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր` «առյուծ» բնութագրմանը:
-Սկզբում շատ վատ (գիտեք, այդպես «քնքուշ» ինձ որակել է մեր պատգամավոր Հովհաննես Մարգարյանը), մի քիչ վրդովվում էի, մանավանդ մամուլի շահարկումների մասով, բայց վերջերս շա՜տ հանգիստ եմ վերաբերվում: Պարզապես զգույշ եղեք` առյուծին չզայրացնել:

ԹԻՎ ՄԵԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
ԲՀԿ-ում նրան համարում են ծագող աստղ: ԲՀԿ-ում նա արդեն «ասող» է: Մանավանդ երիտմոմենտով: Այդով էլ, որպես մարգարե, ԲՀԿ-ում, արժանանալով տարատեսակ, բազմատեսակ, զանազանատեսակ վերաբերմունքի:
ՎԱՀԵ էՆՖԻԱՋՅԱՆ (ԲՀԿ)

-Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ բերի Ձմեռ պապը, որ լինեք շատ չաղ-ուրախ ու բախտավոր:
-2012-ին մեր ընտանիքում նոր համալրում է սպասվում. երկու որդի ունեմ, հույս ունեմ, որ դուստր կլինի:
-Իսկ որ տղա լինի, կարո՞ղ է անունը Գագիկ դնեք:
-Ո՛չ, եթե տղա եղավ, Հովհաննես ենք դնելու:
-Ա՜ա՜…
-Առաջնեկս հորս անուն է կրում, փոքրիկ տղաս` պապիս… Ես ծնվել-մեծացել եմ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում. հետաքրքիր զուգադիպությամբ` առաջնեկս ծնվել է Սուրբ Հովհաննեսի տոնի օրը, բայց քանի որ մենք արդեն որոշել էինք, որ կկրի հորս անունը, չդրեցինք Հովհաննես. այս մեկին կանվանակոչենք:
-Սիրուն պատմություն էր: Թվաց` Հովհաննես Արգամիչի անունն էիք ուզում դնել: Քաղաքականացանք. ինչպե՞ս է ԲՀԿ-ն դիմավորելու Նոր տարին:
-Ավանդաբար: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով հանրապետության ողջ տարածքով Ձմեռ պապերն ու Ձյունանուշները նվերներ կբաժանեն, կուրախացնեն մեր երեխաներին:
-Հա, մենակ էս անգամ ոչ մեկին մի նկարեք Գագիկ Ծառուկյանին ուժեղ շնորհակալություն ասելիս, թող էնպես` իր համար տոն լինի: Առաջ անցանք: Դուք Ձյունանուշիկ սիրո՞ւմ եք, պարոն Էնֆիաջյան, խնդրում եմ, նկատեք` ես ենթատեքստ եմ դնում հարցիս տակ:
-Որպեսզի ձյունանուշիկները մեր Ամանորի մթնոլորտը համահունչ դարձնեն, նրանք շատ անհրաժեշտ են:
-Պարոն Էնֆիաջյան, հապա տեսեք ինչ ձայնով եմ ես հարցնում. Դո՜ւք Ձյունանուշիկ սիրո՞ւմ եք (խե՜ղճ Ֆրոյդ.- հեղ.):
-Ես պետք է կրկնեմ, ամբողջ Հայաստանի տարածքում մենք կազմակերպելու ենք Ձյունանուշիկների…
-Ասեք չե՛ք սիրում և` վե՛րջ, էլի:
-Ինչի՞ մասին է խոսքը:
-Ձյունանուշիկի: Որն ուղեկցում է Ձմեռ պապին: Հեքիաթ ու նվերներ է բաժանում աշխարհին, երեխաներին, առանց Գագիկ Ծառուկյանի էլ, որ աշխարհն անհեքիաթ չմեռնի:
-Հարց տվեք, պատասխանեմ:
-Նոր տարուն գնո՞ւմ եք պարոն Ծառուկյանենց տուն:
-Մենք կուսակցության երիտասարդներով հավաքվում, նշում ենք: Ի դեպ, նախորդ տարի պարոն Ծառուկյանը Հայաստանում չէր:
-Այ մարդ, էս ի՜նչ բան է` ծնունդին քաղաքում չէ, Նոր տարուն` չէ: Հա, իսկ քանի՞ տարեկան եք:
-Դեկտեմբերի 24-ին երեսուներեքս կլրանա:
-Իսկը խաչվելու տարիք: Երեսուներեքը երիտասա՞րդ է:
-Երեսուներեքը, այո, իմաստնության սահմանագիծն է: Իսկ երիտասարդությունը հոգեվիճակ է. հա, ի դեպ, դուք այդ հոգեվիճակը կրողներից մեկն եք` կենսուրախ, էներգիայով լի:
-Բա չէ, «զայլա կա». չնայած` «սևս ներս եմ անուն, կարմիրս դուրս», բայց Դուք չեք կարող ինձ շեղել: Ինչպիսի՞ն է կուսակցությունում սերնդային պայքարի «մոմենտը»:
-Մեր կուսակցությունում շատ հանդուրժողական մթնոլորտ է տիրում:
-Ճիշտ որ:
-Տեղեկացնեմ, որ մեր քաղաքական խորհրդում երեսուն տոկոսից ավելին երիտասարդ է:
-Այ, Վահե ջան, ասում են, Ձեր քաղխորհուրդն արդեն եսիմինչքան ժամանակ ո՛չ հավաքվում է, ո՛չ հարց է քննարկում, ո՛չ ֆրակցիայի նիստ է անում. պարոն Ծառուկյանն էլ, բնականաբար, առիթ չի ունենում մեր սիրելի Արամ Սաֆարյանին… «բաներ ասելու»:
-Մենք ֆրակցիայի նիստ էլ ենք անում, խորհրդի նիստ էլ:
-Ե՞րբ են եղել վերջին նիստերը. ես, իհարկե, չեմ ուզում խառնվել Ձեր ներքին գործերին, բայց դե, Դուք եք ասել` բաց, թափանցիկ, հրապարակային եք ու այդպես էլ չեք հրապարակել երեք հարյուր թոշակավորված ուսանողների անունները:
-Մեր քաղխորհրդում գործում են մշտական հանձնաժողովներ` որպես գործադիր մարմին, որոնք մշտական գործընթացների մեջ են:
-Վահե, Դուք ո՞ր համարն եք լինելու ցուցակում:
-Նման հարցեր կուսակցությունում չենք քննարկել:
-Դուք տեսե՞լ եք պարոն Ծառուկյանի առյուծներին:
-Այո:
-Ի՞նչ կարգավիճակում:
-Այսի՞նքն:
-Դե` կերակրել եք իրենց: Կամ գնացել եք` պարզապես տեսնելու:
-Պարզապես տեսնելու:
-Սիրո՜ւմ եք առյուծ:
-Կենդանիներ սիրում եմ:
-Է՞լ ինչ կենդանի եք սիրում:
-Տարբեր: Առյուծ էլ եմ շատ սիրում: Այն կենդանիների մեջ մշտապես համարվել է ամենաուժեղը, ամենագեղեցիկը, թագավորը:
-Եվ վերջում. ի՞նչ եք ուզում բերի Ձմեռ պապը Ձեզ, ԲՀԿ-ին, համ էլ` ինձ:
-Շա՜տ վաղուց, Ձմեռ պապին ու Ձյունանուշիկին չենք հավատում, հասկանում ենք, որ դրանք հորինված կերպարներ են, բայց դրանք շատ անհրաժեշտ կերպարներ են մեր իրականության համար, և Ամանորի հետ կապված, մենք ավելի գործնական ենք այդ ամեն ինչը պատկերացնում, և այն, ինչ կարելի է սպասել Ձմեռ պապից, փորձում ենք իրականության վերածել:
-Վահե՜, սիրելի Վահե, մի կորցրեք երբեք Ձեր հեքիաթը ու մանուկ լինելու բերկրանքը, աշխարհն առանց այն էլ այնպե՜ս դաժան է:

ԹԻՎ ՄԵԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ
Նրա մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Ինչպես բոլոր ընդդիմադիրների և ժառանգականների «մասին»:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն»)

-Պարոն Մարտիրոսյան, Ձեզ ընդամենը «միզեր»` 60 ձայն պակասեց. Դուք հիմա ԱԺ փոխխոսնա՜կ կլինեիք, սենյակ կունենայիք, նանարներ, ներեցեք` քարտուղարուհինե՜ր:
-Քարտուղարուհիների մասով, իսկապես, լավ չստացվեց: Լա՜վ կլիներ: Բայց դե, Էդուարդ Շարմազանովն էլ, կարծում եմ, շատ լավ փոխնախագահ կլինի:
-Նանարների մասո՞վ:
-Ո՛չ, աշխատանքային: Ինքը շատ ճաշակով քաղաքական գործիչ է, և կարծում եմ` վատ չի աշխատի:
-Ի՞նչ եք ուզում, որ Ձմեռ պապը Ձեզ բերի: Սիրո՞ւմ եք Ձմեռ պապին:
-Ձյունանուշին ավելի եմ սիրում:
-Օ՜հ, Դուք ինձ կանխեցիք, մոտ բերեք Ձեր ականջը (լվացե՞լ եք), ասեմ` մա՜րդ կա` Ձյունանուշիկ չի՜ սիրում:
-Մի՞թե: Չի՜ կարող:
-Հաստա՛տ:
-Չգիտեմ` Ձյունանուշիկ ես շատ սիրում եմ: Չէ՛, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, երևույթի մասին է խոսքը:
-Շա՞տ Ձյունանուշներ կան Ձեր շրջապատում:
-Լրագրողներդ կթողնե՞ք` շատ լինեն. էնքան կգրե՜ք:
-«Ներող ախպեր, ներող»: Անցանք Ձմեռ պապին. ի՞նչ բերի Ձմեռ պապը Նիգ-Ապարանին, ժառանգականներին:
-Միայն Նիգ-Ապարանին չէ, Լոռի հայրենակցականին էլ, բռնցքամարտի ֆեդերացիային էլ, «Ժառանգությանը»` մշտապես: Բայց Ձմեռ պապն առաջին հերթին մեր ղեկավարներին թող մի քիչ գթասրտություն բերի:
-Անգութնե՜րը: Ո՞Ւմ նկատի ունեք:
-Բոլորին:
-Շատ տխրեցի՞ք, որ Սամվել Ալեքսանյանը դարձավ Նիգ-Ապարանի նախագահ:
-Բացարձակ:
-Իրոք, մոռացել էի. «Ժառանգության» մեջ ավանդական սեր կա Ալեքսանյանի նկատմամբ. մի ժամանակ միայն Ձեր կողքին էր նստում: Չգիտե՞ք` ինչու է նա գնացել… Իրաք:
-Դա, արդեն Ձեր գծով է, «շպիոնական» խաղերից Դուք եք հասկանում:
-Նկատի ունեք Պանետայի հետ հանդիպո՞ւմը: Նիգ-Ապարանն օգնե՞լ է նրան այդ հարցում:
-Այո, անշուշտ, Իրաք մեկնելու համար պետք էր ունենալ ապարանյան խիզախություն ու համառություն:
-ՈՒ բիզնես դնես:
-Շատ լավ կլինի, ինչո՞ւ ոչ:
-Պարոն Մարտիրոսյան, բա չգիտե՞ք, որ նա մեծ բիզնեսմեն չէ. կարո՞ղ է իր վատն եք ուզում, կարող է Դուք նրա տակ դրված ական եք:
-Այս էլ որերորդ անգամ բացահայտեցիք, ես ոչ միայն Սամվել Ալեքսանյանի, այլև ողջ պետության տակ դրված ահարկու «ական» եմ:
-Այդպես էլ գիտեի։
-Լավ, անկեղծ մի բան ասեմ. գործարարներից մեկն ԱԺ-ում այսպիսի մի բան ասաց. Սամվելի ձեռքերի վրա ասես մեղր ըլնի, ինչի ձեռ է տալիս, փող է բերում:
-Դրա համա՞ր եք տարել Նիգ-Ապարան:
-Նիգ-Ապարանը ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Բարձր, հզոր ջիղ ունեցող, նաև` ինքնատիպ:
-ՈՒրեմն երգեցինք` «Ապարանա տներ մոտիկ-մոտի՜կ, ճժե՜ր կվազնեն ոտաբոբի՜կ»:
-«Վա՜խ, իմալ մոռնամ, քե Ապարա՜ն, Լոնդոնից էկան, չերտոժը տարա՜ն»…
Բլիցը ցրեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ