«Օլանդը եզակի նախագահ է, ով Թուրքիայի նախագահի ներկայությամբ հայտարարեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտության մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆԸ` անդրադառնալով Թուրքիայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցին և նրա կողմից Ցեղասպանությանն առնչվող արտահայտություններին, որոնք «կարելի է համարել ֆրանսիական ապտակ՝ Թուրքիային»: «Թուրքիայում Ֆրանսիայի նախագահից սպասվող երեք անկնալիքներից երկուսը չարդարացան։ Նրանք, մասնավորապես, ակնկալում էին, որ Ֆրանսիան կաջակցի իրենց ԵՄ անդամակցության հարցում, ինչպես նաև պրոթուրքական դիրքորոշում կարտահայտի թուրք-հայկական հարաբերությունների շուրջ և կնպաստի թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների բարելավմանը: Սակայն առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան: Օլանդը պրոհայկական դիրքորոշում ցույց տվեց, ինչպես նաև որևէ զիջում չներկայացրեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում»,-ընդգծեց նա` նկատելով, որ Օլանդի հայտարարություն տեսանելի ազդեցություն ունեցավ ներկաների վրա` «իջեցնելով թուրքերի մերժողական հռետորաբանությունը, որը վերջին շրջանում շատ էր տարածվել»:
Գյուլի արձագանքն, այս դեպքում, թուրքագետի դիտարկմամբ` «հուսահատ կոչ էր». «Գյուլը գիտեր, թե ինչ է քիչ անց լսելու, ուստի լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ թուրք-հայկական խնդրի լուծումը լավ կլինի թողնել պատմաբաններին, քանի որ Գյուլի այդ հայտարարությունը հուսահատ մարդու կոչ էր և նրան ոչինչ չէր մնում ասել, քան հարցը պատմաբաններին թողնելը»,–ասաց Իսպիրյանը` հավելելով, որ Օլանդի խիստ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ ոչ միան անձնական, այլ իր նախորդների որդեգրած քաղաքականությունն էր։ Թուրքագետի կարծիքով, Օլանդի հայտարարությունը կարող է ուղղված լինել նաև սեփական վարկանիշի բարձրացմանը. «Ֆրանսիայում հայկական համայնքը շատ ազդեցիկ է և կարող է նպաստել Օլանդի՝ այս պահին բավական ընկած վարկանիշի բարձրացմանը»,-նկատեց բանախոսը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ