Մարտի մեկին կրկին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրելու: Այս տարի, սակայն, առանձին-առանձին: Թե ինչ ելույթներ կհնչեն այդ օրը, ինչ ուղերձներ՝ սպասենք ևս մի քանի օր:
Ի՞նչ է փոխվել մարտի մեկից վեց տարի անց, դեպի ո՞ւր է գնում Հայաստանը: Մշակութաբան, հրապարակախոս Արա Նեդոլյանին խնդրեցինք ներկայացնել իր դիտարկումները:
«Մարտի մեկից հետո, արդեն վեց տարի է, ժամանակը Հայաստանի համար կանգ է առել, ընկել ցիկլի մեջ: Հանցագործություն կատարած, անօրեն հաստատված իշխանությունը իշխում է բացարձակապես բռնության, ստի ու կեղծիքի միջոցով, լավ գիտակցելով սրտի խորքում իր ժամանակավոր բնույթը, ժամանակավոր զավթիչ լինելը ու պատասխան տալու պահի անխուսափելիությունը: Այս պայմաններում դատապարտված է ռեֆորմիստական ճանապարհը, փոքր քայլերի ռազմավարությունը, լինի դա վերևից թե ներքևից, հասարակության ջանքերով: Արմատական ու կտրուկ լուծումների հրամայականը կախված է հենց իբրև հրամայական, հետամուտ լինեն թե չլինեն դրան քաղաքական ուժերը: Մենք տեսանք, ինչպես չստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը համեմատաբար սահուն, անցնցում անցնել պատմության մի նոր փուլ, շրջանցելով մարտի մեկի խզումը, մեղմորեն տանել հասարակությանը ու իշխանությանը ինչ-որ մի նոր ժամանակներ: Դա ռեֆորմիզմի ամենահստակ արտահայտումն էր մեր քաղաքական պատմության մեջ, ու դա չստացվեց: Այսօր մենք նորից, ինչպես և ամբողջ վեց տարին, կանգնած ենք մարտի մեկի թարմ, արդիական, չփոփոխված իրավիճակի դիմաց, և կրկին պարտավոր ենք գտնել դրա պատասխանը: Ժամանակը չի շարժվի առաջ, մինչև որ այդ պատասխանը չգտնվի ու չտրվի»,- irates.am-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց Արա Նեդոլյանը: