Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հիշեց, որ առաջին ցույցերը ՈՒկրաինայում սկսեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Անդրադարձ կատարելով անցյալին՝ Դավիթ Շահնազարյանը հիշեց, որ անցյալ տարվա մայիսին ՌԴ-ն ՈՒկրաինայի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական պատժամիջոցներ՝ դնելով արգելքներ որոշակի ապրանքների վրա: Այնուհետև, ըստ Շահնազարյանի, ՈՒկրաինայի ընդդիմությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ որևէ գործողություն չի իրականացնի, որպեսզի որևէ կերպ չխոչընդոտի ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ՈՒկրաինայի կողմից: Իսկ երբ նոյեմբերի վերջին սկսվեցին առաջին ցույցերը Մայդանում, ՈՒկրաինայի իշխանությունները դաժանորեն ցրեցին այդ ցույցերը: Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ դա ՈՒկրաինայի ներքաղաքական կայացած ավանդույթների ոտնահարում էր, քանի որ 2004թ. Մայդանում որևէ ուժ չի կիրառվել:
Դավիթ Շահնազարյանը մանրամասն թվարկեց ՈՒկրաինայի իշխանությունների այն քայլերը, որոնք հանգեցրին բռնությունների: Իսկ այն փաստը, որ ուկրաինացի ցուցարարները զենք են օգտագործել, Դավիթ Շահնազարյանը բացատրեց ինքնապաշտպանությամբ: Այդ առթիվ նա հիշեց Թոմաս Ջեֆֆերսոնի հիմնավորումը, թե ինչու պետք է քաղաքացիները զենք կրեն:
«Բռնապետական կառավարությունից ինքնապաշտպանության վերջին միջոցը ժողովրդի՝ զենք ունենալու և կրելու իրավունքն է: Բռնությանը պետք է հակազդել և պետք է պաշտպանվել»,- Ջեֆֆերսոնի խոսքերը մեջբերեց Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ Բերկուտը որևէ այլ հնարավորություն չէր թողել: Վ. Յանուկովիչը, Դավիթ Շահնազարյանի կարծիքով, եղել է գործիք Կրեմլի ձեռքում և չի ընդունել որևէ ինքնուրույն որոշում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ