ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ չեք կիսում էդ «երիտասարդ» Կարեն Ավագյանի հետ:
-Մենք իրար հետ խնդիրներ չունենք:
-Բա ի՞նչ ունեք:
-Խնդիրը Կարեն Ավագյանը կամ իր գրասենյակը չէ: Բոլորը վաղուց պետք է իմանային կամ հասկանային, որ «Բարգավաճ» կուսակցության հասցեին և, առհասարակ, հասարակության շահերին եթե ինչ-որ մեկը փորձի դիպչել, վիրավորել կամ սեփական տեսանկյունը դարձնել դոմինանտ, դա նրան չի հաջողվի:
-Շատ հետաքրքիր է, այդ ի՞նչ է արել «ինչ-որ» մեկ Կարեն Ավագյանը, որ այդպես զայրացրել է Ձեզ: Եվ հետո, իմաստությունը, կարծես, բարբառում է` պատճառը փնտրիր քո ներսում և ոչ այլ տեղ:
-Ես արդեն ասացի:
-Իսկ հնարավո՞ր է, որ ես Ձեր միջև հանդես գամ միջնորդական առաքելությամբ, որպես «ԵԱՀԿ ՄԽ»:
-Մենք միջնորդավորված հարաբերությունների կարիք չունենք, և եթե ինչ-որ հարց լինում է, մենք ինքներս այդ հարցերը լուծում ենք:
-Ափսո՜ս: Բայց կարծես այնքան էլ լավ չեք լուծում, որ ողջ օրը «թուր ու թվանք» եք: Չնայած, ՀՀԿ-ի որոշ շերտեր մի ժամանակ ասում էին` Վահեին բան չասեք, ինքը մեր «ախպերն ա». անկեղծ ասած, ես ուզում եմ ձեր առանց այն էլ վատ հարաբերությունները ՀՀԿ-ի հետ փչացնել` ձեռքի հետ էլ ԲՀԿ-ի հետ ձեր հարաբերությունների հետ «նույնը» անել։ Ի՞նչ եք կարծում` ստացվո՞ւմ է:
-Ես չեմ պատասխանի Ձեր «սադրիչ» հարցին:
-ՈՒրեմն` ստացվում է: Իսկ ի՞նչ եք կարծում՝ Կարեն Ավագյանը երիտասա՞րդ է, ձեր ֆրակցիայի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանն ասում էր` շա՜տ-շատ:
-Երիտասարդությունը հոգեվիճակ է:
-Ավագյանն ունի՞ այդ հոգեվիճակը:
-Ես չէի փորձի գնահատական տալ նրա հոգեվիճակին:
-Էդ հեչ, է՜, բա որ իրեն ասել էին` սիրահար` մեթան գազի: Հետո էլ ասում են, որ ձեր կառույցում էլ լիքը «հոգեվիճակներ» կան. կառույցի ներսում ոմանք շատ դժգոհ են, որ իրենց, այսպես ասած, չեք թողնում առաջ անցնել Ձեզնից:
-Ես մեկ բան կարող եմ միանշանակ ասել. ԲՀԿ երիտասարդական կառույցը կուռ կառույց է, գործունեություն է ծավալում Հայաստանի ողջ տարածքում, մենք մեր ուժն ու պոտենցիալը շատ լավ ենք տեսնում, շատ լավ ենք պատկերացնում, հասարակության վերաբերմունքը մեր կառույցի, առհասարակ, մեր կուսակցության նկատմամբ շատ լավ գիտենք` մեր երիտասարդների կողմից, ու նման գնահատականներ կամ այդ կարգի վերլուծություններ անող մարդիկ թող դուրս գան փողոց, կամ առհասարակ, հասկանան հասարակության մեջ իրենց և մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքների տարբերությունը:
-Հա՛, պարոն Վահե, սաղ էդ Կարեն Ավագյանն է մեղավոր: Դուք էլ իրենց ասեք, որ ՀՀԿ երիտթևում իրար «ուտում» են. պահպանողականները` Շարմազանովը, Աշոտյանը, Ավագյանը «ուտում» են նոր եկած Լևոն Մարտիրոսյանին, Սամվել Ֆարմանյանին և մանավանդ Նաիրա Կարապետյանին: «Իդեա» եմ տալիս Ձեզ` ձրի: ԲՀԿ-ի ներսում կա՞ նման «ուտոցի», քաղաքակիրթ ձևակերպած` տարաձայնություններ:
-Մեզ իդեաներ պետք չեն. մենք ունենք մեր իդեաները և իրականացնում ենք դրանք: ԲՀԿ-ի երիտթևում մենք տարաձայնություններ չունենք, համախոհների միավորում ենք, և այդ համատեքստում ենք մեր գործունեությունը ծավալում:
-Պարոն Վահե, իսկ Գագիկ Ծառուկյանը ձեզ` երիտասարդների՞ն է շատ սիրում, թե՞ տարիքավորներին:
-Մեզ մոտ նման բաժանումներ նույնպես չկան:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ