«Զարմանալի բան է. փոստում հեռագիր տալու ընթացքում ընկերուհուս ասացի, որ պետք է գնամ անշարժ գույքի կադաստրի սպասարկման գրասենյակ։ Սա լսելով` փոստի աշխատակցուհին ասաց, որ եթե ուզում եմ, կարող եմ գույքի վերաբերյալ դիմումն այստեղ հանձնել»,- այսպես մի կին փոխանցեց իր զարմանքը, տեղեկանալով, որ լրագրող եմ։
Այո, իրականում այսուհետ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները ոչ միայն նոտարական գրասենյակների, այլև «Հայփոստի» միջոցով կարելի է իրականացնել։ Այլ կերպ ասած, այլևս հարկ չի լինի դիմումների համար հասնել անշարժ գույքի կադաստրի սպասարկման գրասենյակներ, այլ ուղղակի հարցը կարելի է լուծել մոտակա փոստատանը։ Նկատենք, որ սա միակ նորությունը չէ, որն իրականացվել է վերջերս. «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» օրենքի փոփոխության արդյունքում «Արդշին», «Ամերիա», «Կոնվերս», «Անելիք» և «Հայէկոնոմ» բանկերում ևս քաղաքացիները կարող են կատարել իրենց գործարքները, քանի որ վերը նշված բանկերը և «Հայփոստը» կառավարության կողմից լիազորված օպերատորներ են։
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկացանք, որ այս նորարարությունը կոմիտեի նախագահի հանձնարարությամբ զարգացել է գործող «Մեկ պատուհան» համակարգի հիման վրա` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել քաղաքացիների սպասարկումը։ Ինչ խոսք, մատչելիությունը և հասանելիությունը շատ կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է սպասարկման որակի ապահովումը։ Արդյոք «Հայփոստի» և վերը նշված բանկերի աշխատակիցների մասնագիտական հմտությունները բավարար կլինե՞ն քաղաքացիներին բարձրորակ սպասարկում տրամադրելու համար։ Չմոռանանք, որ անշարժ գույքի և կադաստրի համակարգը պրոֆիլային է։ «Այդ նպատակով ներկայումս անշարժ գույքի կադաստրի համակարգում կազմակերպվում է նշված օպերատորների մասնագիտական ուսուցում, որն իրականացվում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացների միջոցով։ Ընդ որում, գործնական դասընթացները կազմակերպվում են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում, իսկ տեսական դասընթացները` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում։ Դասընթացների ավարտին տրվում է հավաստագիր, որը վերջիններիս հնարավորություն կտա իրականացնելու անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները»,- պատասխանելով մեր հարցին` պարզաբանեցին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից։
Եթե ոմանց մեջ տպավորություն առաջացավ, թե բանկերի և «Հայփոստի» միջոցով կոմիտեի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացումը ենթադրում է սպասարկման գրասենյակների լուծարում, շտապենք ասել` ոչ։ «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում կատարված փոփոխությունները նման բան չեն ենթադրում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ