Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Էստի համեցեքով» խնդիրը չի լուծվի

«Էստի համեցեքով» խնդիրը չի լուծվի
07.04.2017 | 13:02

Տնտեսության զարգացման և ներդրումների նախարարությունը, «թևերը քշտած», ջանք ու եռանդ չխնայելով, փորձում է Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջության համար: Մի խոսքով, իրականություն դարձնել անկախ Հայաստանի բոլոր կառավարությունների երազանքը:


Զբոսաշրջության զարգացումը, անշուշտ, կարևոր, նաև ռազմավարական նշանակություն ունի տնտեսության ակտիվության համար: Մեր հարևան Վրաստանը մեծ տեմպերով առաջ է գնում այդ ուղղությամբ: Սակայն արդյո՞ք Հայաստանի վարած քաղաքականությունը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը և գոնե մի փոքր նմանվում է այդ ուղղությամբ Վրաստանի կառավարության գործելաոճին: Եթե հետևենք հայրենի օրենսդրի գործողություններին, ապա տպավորություն կստեղծվի, որ այսքան տարիներ զբոսաշրջության ոլորտը չէր ակտիվանում, որովհետև չունեինք զբոսաշրջության զարգացման գործակալություն: Այն ձևավորվեց, մոտ վեց ամիս է` գործում է և փորձում է PR ծրագրերով ներկայացնել Հայաստանը: Դա շատ կարևոր գործ է, մեր օրերում առանց այդ ծրագրերի և լրատվամիջոցների ներգրավման դժվար կլինի ցանկալի տեղեկությունը տեղ հասցնել:


Բայց և այնպես համաձայնեք, որ մարդուց, այսինքն` հենց զբոսաշրջիկից ավելի լավ տեղեկատվական աղբյուր չի լինում: Ի՞նչ է տեսնում կամ ի՞նչ տեղեկատվություն է ստանում զբոսաշրջիկը Հայաստան գալուց առաջ: Առաջին հերթին զարմանքով տեղեկանում է, որ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող՝ ավիաընկերություն: Սա, բնականաբար, հարց է առաջացնում` եթե Հայաստանը զարգացած երկիր է, ինչո՞ւ չունի սեփական ավիաընկերություններ: Այս իրողությանը բացասական առումով գումարվում է նաև ավիատոմսերի բարձր գինը: Որքան էլ կառավարությունը վստահեցնի, որ բաց երկնքի քաղաքականությունը նպաստում է ավիատոմսերի գների նվազեցմանը, փաստը հակառակն է ապացուցում, ինչն իր մաշկի վրա զգում է զբոսաշրջիկը: Այդ պատճառով է նաև, որ շատերը գերադասում են թռիչքներ իրականացնել Վրաստանից:


«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելով` զբոսաշրջիկը զարմանում է օդանավակայանում վաճառվող մեկ բաժակ սուրճի գնից, էլ չխոսենք այլ ծառայությունների գներից: Օդանավակայանից զբոսաշրջիկը մուտք է գործում մայրաքաղաք և փորձում է ճանապարհին տեսնել մայրաքաղաքի մուտքին հարիր տեսարան: Բայց ճանապարհին տեսնում է մեկը մյուսի հետևից շարված կահույքի խանութներ և ոչ մի նոր բացահայտում` մայրաքաղաքի մուտքը խորհրդանշող: Ի դեպ, եթե այս տեմպերով կառուցապատվեն և վերակառուցման անվան տակ ոչնչացվեն պատմական շինությունները, ապա Երևանն ընդհանրապես կկորցնի իր հետաքրքրությունը զբոսաշրջիկի աչքում: Ավելին, մեր մայրաքաղաքը կկորցնի իր պատմական նշանակությունը, և զբոսաշրջիկին դժվար կլինի ապացուցել, որ Երևանը 2799 տարեկան է:


Զբոսաշրջիկը, որը նախընտրում է հանգստանալ կապուտաչյա Սևանում, Դիլիջանում կամ հայաստանյան մեկ այլ գեղատեսիլ վայրում, լուրջ խնդիրների առջև է կանգնում: Իհարկե, հյուրանոցային բիզնեսը Հայաստանում ցածր մակարդակի վրա չէ, յուրաքանչյուր օտարերկրացի զբոսաշրջիկ կարող է իր գրպանի համեմատ հյուրանոց կամ հանգստյան տուն գտնել: Սակայն, այդ տեղերում հանգիստը երկու օր անցկացնելուց հետո, մարդը պարապությունից գժվում է: Մեր մարզային նշանակության ճանապարհները թույլ չեն տալիս զբոսաշրջիկին հաճույքով քայլել, հատկապես աշնանից սկսած: Իսկ այն, որ մարզերում, ռեստորաններից բացի, զվարճանքի կամ մշակութային այլ օջախներ չկան, և հանգստյան տներն ու հյուրանոցները ոչինչ չեն ձեռնարկում զբոսաշրջիկի օրը հետաքրքիր դարձնելու համար, անհերքելի փաստ է: Այլ կերպ ասած, հանգիստը կազմակերպելու բոլոր ենթակառուցվածքները բացակայում են կամ էլ շատ ցածր մակարդակում են:


Սա մեր իրականությունն է, որը չի դիմանա Վրաստանի հետ համեմատությանը, էլ չխոսենք ներքին տուրիզմից: Ազատ տնտեսական հարաբերությունների անվան տակ հյուրանոցների և հանգստյան տների սեփականատերերը առանձին գնային մոտեցում չեն ցուցաբերում հայրենի զբոսաշրջիկների նկատմամբ: Հաշվի չառնելով Հայաստանի միջին աշխատավարձի չափը, գներ են սահմանում, որոնք թույլ չեն տալիս միջին եկամուտ ունեցող ընտանիքին մեկ շաբաթ ամբողջ ընտանիքով հանգստանալ: Մինչդեռ, ցանկացած երկրում գնային տարբեր քաղաքականություն է իրականացվում տեղի և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ: Բնականաբար, այս իրավիճակում մեր քաղաքացիները նախընտրում են ավելի մատչելի գնով հանգստանալ Վրաստանում:


Եթե կառավարությանը հաջողվի վերը թվարկած խնդիրները ճիշտ ձևով լուծել, ապա այս ոլորտում զարգացում հնարավոր կլինի: Գուցե շատերն ասեն, թե պետությունն իրավունք չունի խառնվելու մասնավոր հատվածի գործերին: Այսպես մտածողներին հիշեցնենք, որ անգամ ԱՄՆ-ի պես երկրում պետությունը, հարկ եղած դեպքում, պետական ու մասնավոր չի հարցնում: Ինչը բնական է՝ պետական շահը ժողովրդի շահն է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ