ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Լճին ձեռք մեկնեց ոչ թե մեր երկրի «փրկիչներից» որևէ մեկը, այլ նա` նորին մեծություն բնությունը

Լճին ձեռք մեկնեց ոչ թե մեր երկրի «փրկիչներից» որևէ մեկը, այլ նա` նորին մեծություն բնությունը
03.02.2015 | 11:53

2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության սկիզբը: Ջրի «մեծ ծարավից» տասնամյակներ «թոշնած», լրջորեն խաթարված իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ փրկության սպասած Սևանա լճին ձեռք մեկնեց ոչ թե մեր երկրի «փրկիչներից» որևէ մեկը, այլ նա` նորին մեծություն բնությունը, պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ` հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով` կապված մոլորակի համընդհանուր տաքացման հետ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները լճի ավազանում, և բնության այդ վեհ «առատաձեռնությունը» շարունակվում է մինչ օրս, և հուսանք, որ կշարունակվի հետագայում ևս:

Եվ ահա կատարվեց մեր ողջ ժողովրդի երկար տարիներ երազած, բաղձալի հրաշքը: Ընդամենը 6 տարում (2002-2007 թթ.) լճի մակարդակը բարձրացավ մոտ 2,5 մետրով:

Սակայն, ցավոք, մեր հանրությանն արդեն լավ հայտնի պատճառներով, օլիգարխ-իշխանավորների կողմից, 2008-ից (վերը նշված 12 տարիների երկրորդ կեսից), տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով սկսվեց Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումը կասեցնող ապաշնորհ, երկրի ազգային անվտանգությանը խիստ սպառնացող, չափազանց վտանգավոր և կործանարար գործընթացը, ինչն իր բազմաբնույթ բացասական հետևանքներով այսօր էլ շարունակվում է է՛լ ավելի մեծ չափերով, է՛լ ավելի բացահայտ, նպատակադրված և «հետևողական»: Այսպես, եթե այդ 12 տարիների առաջին 6 տարում լճի մակարդակը բարձրացավ վերը նշված 2,5 մ-ով, ապա երկրորդ 6 տարում (2008-2013 թթ.) այն բարձրացավ 2,1 անգամ պակաս` ընդամենը 1,17 մ-ով, չնայած այն բանին, որ այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 12 %-ով): Կասեցման փաստն ավելի ակնառու է վերջին 2 տարում` 2012-2013 թթ., երբ լճի մակարդակը բարձրացավ ընդամենը 3 սմ-ով, 30 անգամ պակաս, քան առաջին 2 տարում` 2002-2003 թթ.: Եվ զարմանալի չէ, որ 2012-ը ավարտվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշռով:

Հենց այս ամենը դրդեց ծանոթանալու և հաշվարկելու (զուտ պաշտոնական տվյալների հիման վրա) լճի մակարդակի փոփոխությունների 12 տարիների դինամիկան` հայտնաբերելու համար, թե ինչ է կատարվել Սևանա լճի հետ տարիներ առաջ, ինչ է կատարվում այսօր, և ինչ է սպասում նրան վաղը: Հաշվարկը պարզեցնելու նպատակով` լճի հայելու մակերեսից ջրի գոլորշացման առանցքային հարցին կանդրադառնանք առանձին:

1.Պարզվում է, որ այդ 12 տարիների առաջին 6 տարում (2002-2007 թթ.).

ա) Սևանա լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը, ըստ այդ ծավալին համապատասխան լճի մակարդակի բարձրացման ընդհանուր աճի (լճի 1 սմ մակարդակին համապատասխանում է մոտ 12,5 մլն խմ ջուր), կազմել է (գծ.1) 73+72+73+66+54+78=416 սմ(x12,5)=5,20 մլրդ խմ ջուր, որի 1,411 մլրդ խմ-ը լիճ է տեղափոխվել «Արփա-Սևան» թունելով:

բ) Ջրի անկման (ելքի և գոլորշացման) ընդհանուր ծավալը լճից, իր առավելագույն մակարդակին հասնելուց հետո (ինչպես երևում է գծ.1-ում) այդ տարիների վերջին կազմել է 29+24+32+25+36+22=168 սմ (x12,5)=2,10 մլրդ խմ:

գ) Լճում կուտակված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3,10 (5,20-2,10) մլրդ խմ:

2. Երկրորդ 6 տարում (2008-2013 թթ.).

ա) Լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը կազմել է 49+56+81+60+35+49=330(x12,5)=4,125 մլրդ խմ, որի 0,892 մլրդ խմ-ը լիճ է տեղափոխվել «Արփա-Սևան» թունելով:

բ) Ջրի անկման ընդհանուր ծավալը լճից կազմել է` 43+18+34+37+38+43=213սմ(x12,5)=2,66 մլրդ խմ, որը 0,56 (2,66-2,10) մլրդ խմ-ով ավելի է, քան առաջին 6 տարում:

գ) Լճում կուտակված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 1,465 (4,125-2,66) մլրդ խմ, այսինքն` մոտ 2,1 (3,10:1,465) անգամ պակաս, քան առաջին 6 տարում:

Այսպիսով` 12 տարում.

-նախնական հաշվարկով Սևանա լիճ է մուտք գործել ընդհանուր առմամբ 9,325 (5,20+4,125) մլրդ խմ ջուր (746 սմ ջրի մակարդակ), որից 2,303 մլրդ խմ-ը` «Արփա-Սևան» թունելով:

- Ոռոգման և այլ նպատակներով լճից բաց է թողվել ընդամենը 2,067 մլրդ խմ ջուր (Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով):

- Լճում փաստացի կուտակվել է 4,565 (3,10+1,465) մլրդ խմ ջուր (365 սմ ջրի մակարդակ):

- Առաջին 6 տարում լճի մակարդակի միջին տարեկան բարձրացման առավելագույն չափը կազմել է 69 սմ, իսկ երկրորդում` 55 սմ:

- Երկրորդ 6 տարում` առաջինի համեմատ 1,075 (5,20-4,125) մլրդ խմ պակաս ջուր է մուտք գործել լիճ, որից 0,519 (1,411-0,892) մլրդ խմ-ը` 20011-13 թթ. «Արփա-Սևան» թունելով:

Իհարկե, շատ կասկածելի է, որ Սևանա լճի ջրերը «խնայողաբար» օգտագործող իշխանական կառույցները այդ 12 տարում լճից բաց են թողել իրապես զարմանալի փոքր քանակի` ընդամենը 2,067 մլրդ խմ ջուր, որը համարժեք է ընդամենը` մեկ տարում «Սևան-Հրազդան» ջրանցքով ջրի առավելագույն թողունակության (65-70 խմ/վրկ) քանակին:

Ստացվում է, որ այս 12 տարում լճից տարեկան միջին հաշվով բաց է թողվել մոտ 172 մլն խմ ջուր, այսինքն` ճիշտ այնքան, որքան թույլատրված է եղել օրենսդրորեն: Սա նշանակում է, որ փաստորեն լրիվ բացառվում են այդ տարիներին շարունակ թույլատրված չափից շատ ավելի մեծ ծավալների ջրի ապօրինի բացթողումների բացահայտ և անհերքելի փաստերը:

Գուցե դրանով է բացատրվում, որ ոռոգման սեզոնին լճից ջրի բացթողմանը հատկացված ժամանակահատվածը (138 օր) պաշտոնական գրանցումներում որոշ չափով «սեղմված» է (մոտ 20 %-ով) և չի համապատասխանում իրողությանը: Իրականում այդ ժամանակը շատ կարճ ընդհատումներով լիարժեք օգտագործվել է, չհաշված հաճախակի, ժամկետից շուտ ջրի բացթողումների օրերն ու ամիսները (12 տարում` 116 օր, կամ մոտ 4 ամիս), ինչպես նաև այն ամիսները, երբ պահանջվել են ջրի լրացուցիչ բացթողումներ` ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամանակ (եթե այն չի համընկել ոռոգման սեզոնին) «Սևան-Հրազդան» հէկերն աշխատեցնելու նպատակով:

Կասկած է հարուցում նաև, որ 12 տարում ոռոգման սեզոններին լճից բաց թողված ջրի միջին օրական ծավալը կազմել է ընդամենը 1,4 մլն խմ, ինչը գրեթե հավասար է ջրանցքով ջրի առավելագույն թողունակության քառորդ մասին միայն: Այնինչ այդ տարիներին, որպես կանոն, ջրանցքով շարունակ հոսել է նրա առավելագույն թողունակության առնվազն կես կամ կեսից ավելի ծավալով ջուր, իսկ երբեմն էլ` լրիվ թողունակությամբ: Չէ՞ որ այս ամենին մշտապես տեղյակ և ականատես է եղել մեր հանրությունը և տարիներ շարունակ ահազանգել ու բողոքել է լճից թույլատրված չափից ավելի ջրի բացթողումների առիթներով:

Այժմ անդրադառնանք Սևանա լճի հայելու մակերեսից ջրի տարեկան գոլորշացման ծավալների հնարավոր աճին` կապված լճի մակարդակի բարձրացման գործոնի հետ:

Տարրական հաշվարկը հաստատում է, որ իրոք Սևանա լճի ավազանում մթնոլորտային տեղումների անգամ կտրուկ ավելացումից գրեթե չի աճում ջրի գոլորշացման ծավալը, կախված լճի հայելու մակերեսի մեծացումից` այն շատ չնչին լինելու պատճառով (լճի մակարդակի 50 սմ բարձրացումը բերում է Սևանի հայելու ներկայիս մոտ 1270 քկմ մակերեսի ավելացում ընդամենը 5 քկմ-ով կամ մոտ 0,4 %-ով): Այսպես, 0,4 %-ով լճի հայելու մակերեսի մեծացումը բերում է ջրի գոլորշացման լրացուցիչ, սակայն շատ չնչին ծավալի աճին` մոտ 5 մլն խմ-ի չափով կամ ընդամենը 0,4 սմ ջրի մակարդակ, ինչը թույլ է տալիս մեզ հաշվարկներում անտեսել և հաշվի չառնել ջրի գոլորշացման ծավալների չնչին աճը` կախված լճի մակերեսի մեծացումից:

Ինչ վերաբերում է լճի հայելու մակերեսից ջրի գոլորշացման պրոցեսին, ապա այն մնում է շատ բարդ և դժվարըմբռնելի երևույթ, քանզի այն գոլորշացման իր շատ մեծ ծավալներով (մոտ 1,1 մլրդ խմ) հանդերձ, այնուամենայնիվ, իրականում ոչ մեծ ազդեցություն է ունենում լճի մակարդակի տարեկան անկման չափի վրա տարվա վերջին: Դա բացատրվում է ողջ տարվա ընթացքում լիճ մուտք գործող ջրի անընդմեջ շարունակականությամբ, որը զգալիորեն հավասարակշռում է գոլորշացող ջրի մեծ ծավալների կորուստը լճից, դրանով իսկ բավականաչափ կրճատելով լճի մակարդակի անհամեմատ ավելի մեծ տարեկան անկման չափը ջրի գոլորշացումից։ Հաշվարկի համաձայն` 2003, 2005, 2007, 2009 և 2012 թվականների տարվա վերջին լճի մակարդակի անկման միջին տարեկան չափը ջրի գոլորշացումից (առանց այդ նույն տարիներին լճից բաց թողված ջրի ողջ ծավալին համապատասխան նրա մակարդակի անկման չափի) կազմել է մոտ 12 սմ (12 տարում` 144 սմ կամ 1,8 մլրդ խմ ջուր):

Իհարկե, լճի մակարդակի միջին տարեկան անկման իրական չափը ջրի գոլորշացումից ավելի է, քան վերը նշված 12 սմ-ը, քանզի լճի մակարդակի անկումը մասնակիորեն զսպվել է «Արփա-Սևան» թունելով, մինչև տարվա վերջ շարունակվող ջրհոսքի «օգնությամբ», կրճատելով լճի մակարդակի տարեկան անկման չափը 6-7 սմ-ով:

Այժմ փորձենք բացահայտել ջրի այն քանակը, որը, մուտք գործելով լիճ, այնուամենայնիվ, ամբողջությամբ չի ապահովում իր ծավալին համապատասխան չափի աճ` լճի մակարդակին:

Անհերքելի փաստ է, որ լիճը գրեթե երբեք իր բնական, բացարձակ առավելագույն մակարդակին չի հասնում, քանզի առնվազն հունիսի 15-ին ոռոգման նպատակով սկսված ջրառն ինքնին զսպում, մասնակիորեն կասեցնում է ջրի մակարդակի հետագա բնականոն բարձրացումը: Չլինի այդ «ինքնազսպումը», ջրի առավելագույն մակարդակը կլինի առնվազն 5-6 սմ-ով բարձր գրանցվածից: Գործոն, որը բնորոշ է բոլոր տարիներին` ոռոգման սեզոնի ջրառի դեպքում:

Դա նշանակում է, որ այդ 12 տարում լճի մակարդակի բարձրացման վերը նշված 746 սմ ընդհանուր չափը կավելանա 66 (5,5x12) սմ-ով, լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը հասցնելով` 10,150 մլրդ խմ-ի` 9,325 մլրդ խմ-ի փոխարեն:

Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, երբ ջրառը հաճախակի սկսվել է ժամկետից 2-8 օր, իսկ երբեմն էլ ամիսուկես կամ ավելի շուտ (ընդհանուր առմամբ` 116 օր), ապա լճի մակարդակի բնականոն բարձրացումը «լրացուցիչ» զսպող չափը 12 տարում կկազմի առնվազն 24 սմ: Եվ եթե հաշվի առնենք նաև այս «լրացուցիչ» զսպման չափը, ապա կարող ենք հաստատել, որ 12 տարում լիճ է մուտք գործել ընդհանուր առմամբ 10,450 մլրդ խմ ջուր:

Այժմ այս ամենը փորձենք վերլուծել լճի մակարդակի բարձրացման 2010-ի օրինակով, երբ ջրի առավելագույն մակարդակը տարվա սկզբի համեմատ բարձրացավ 81 սմ-ով, հասնելով 1900,04 մ-ի, իհարկե, ոչ առանց Արփա-Սևանի օգնության: Ստորև (գծ. 2) բերված է 2010-ին լիճ մուտք գործած և բաց թողված ջրի կամ նրա մակարդակի աճի և հետագայում անկման դիագրամը:

Նույն այդ դիագրամի վրա զուգահեռաբար փորձել ենք պատկերել այն ենթադրյալ, սակայն իրականությանը շատ մոտ` ջրի մակարդակի փոփոխության կորը, եթե այդ տարում ջրառը սկսվեր ոչ թե հունիսի 15-ից, այլ ապրիլի 23-ից (ինչպես դա եղավ 2008 և 2014-ին), 53 օր ժամկետից շուտ, և բնականաբար կստանանք բոլորովին այլ պատկեր։

Անշուշտ, նրանք, ովքեր արդեն իսկ տեղյակ են «Սևան-Հրազդան» ջրանցքով բաց թողված ջրի մեծ ծավալների ակնհայտ փաստին, կարող են կռահել, որ ջրի` 53 օր շուտ բացթողմամբ լճի իրականում բարձրանալիք մակարդակի առավելագույն չափը 1900,04 մ-ից կիջներ 1899,92 մ-ի (մակարդակի տարեկան աճը` 81 սմ-ից իջնելով 69 սմ-ի), ջրի մակարդակին համապատասխան իր 12 սմ-ով և 150 մլն խմ ծավալով, որը չի արձանագրվում որևէ մեկի կողմից, կամ որևէ տեղ և, բնականաբար, այդ «խոհանոցին» անծանոթ մարդը այդպես էլ անտեղյակ կմնա, որ «անհետացել» է կամ, թերևս, ընդհանրապես «չի եղել» 150 մլն խմ ջուրը, իր ծավալներին համապատասխան` արտադրած էլէներգիայով, ոռոգած տարածքներով և այլն: Նա չի էլ կարող կռահել, որ բաց է թողվել, սակայն ոչ մի տեղ չի գրանցվել 34 սմ ջրի մակարդակի անկմանը համարժեք 425 մլն խմ ջուր: Նրան հայտնի կլինի միայն պաշտոնական տեղեկատվությամբ ներկայացված 22 սմ-ը, իրեն համարժեք 275 մլն խմ-ով (ըստ դիագրամի), որը մոտ 1,6 անգամ պակաս է, քան իրականում բաց թողվածը:

Այնպես որ ժամկետից շուտ ջրի բացթողման գուցե և հիմնական նպատակներից է նաև «օգտագործել» բաց թողվող ջրի իրականում, փաստորեն, «աչքից լրիվ թաքնված» լինելու և դրանով իսկ պայմանավորված, հետագայում այն անվերապահորեն չբացահայտվելու հանգամանքը, որպես լճից բաց թողված ջրի մեծ ծավալների իրական չափերը «փոքր թվերի» հետևում թաքցնելու և կոծկելու միջոց:

Վերջում արձանագրենք Սևանա լճում 12 տարում (2002-2013 թթ.) տեղի ունեցած ջրի ծավալների փոփոխման հաշվարկի ամփոփ արդյունքները 01.01.2014-ի դրությամբ.

-լիճ է մուտք գործել

մոտ 10,450 մլրդ խմ ջուր (836 սմ)

բաց է թողվել (պաշտ. տվյալ.)

2,067 մլրդ խմ ջուր (165 սմ)

լճում կուտակվել է

մոտ 4,565 մլրդ խմ ջուր (365 սմ)

լճից գոլորշացել է

մոտ 1,8 մլրդ խմ ջուր (144 սմ):

Մնում է պարզել այդ տարիներին լճում տեսականորեն (հաշվարկով) կուտակված, սակայն իրականում գոյություն չունեցող մոտ 2,018 մլրդ խմ (161 սմ) ջրի հսկայական ծավալների «անբացատրելի» կորստի պատճառները, որն իր ծավալով գրեթե հավասար է այդ նույն 12 տարում լճից ոռոգման և այլ նպատակներով բաց թողված ջրի ողջ քանակին (2,067 մլրդ խմ):

Եթե այդ կորստին ավելացնենք նաև այն, որ 2014-ին լճի մակարդակը կարող էր բարձրանալ ևս 36 սմ-ով (2002-2011 թթ. լճի մակարդակի միջին տարեկան աճը), որը, ցավոք, նույնպես, ինչպես 2012-ին, ավարտվեց բացասական հաշվեկշռով, ապա լճի մակարդակն այսօր մոտ 2 մետրով բարձր կլիներ ներկայիս մակարդակից, իսկ ջրի պաշարները Սևանա լճում` մոտ 2,5 մլրդ խմ-ով ավելի:

Վերջում նշենք, որ 2012-2014 թթ. լճի մակարդակի աճը բացասական հաշվեկշռով ավարտվեց, և դա այն դեպքում, երբ առաջին երեք տարում ¥2002-2004 թթ.¤ այն բարձրացել է 133 սմ-ով։

Գուցե և, այսպիսի մեծ ծավալների ջրի «չբացահայտված» կամ «չհաշվառված» կորստի փաստը կօգնի իշխանություններին այսուհետ փոքր-ինչ քաղաքակիրթ, սրտացավ և առանձնահատուկ մեծ ուշադրությամբ և խնամքով վերաբերվելու մեզ և մեր սերունդներին պատկանող անգնահատելի մեծ հարստությանը, ինչպիսին է Սևանա լիճը:

Ս. ՀԱՋԻՆՅԱՆ

Հ. Գ.- Ծանոթանանք Հայպետհիդրոմետի, Սևանա լճի խնդիրների հետ կապված մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների և այլ ծառայությունների կողմից (ոչ առանց ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերով հատուկ հանձնաժողովի անմիջական մասնակցության) համատեղ ծրագրված` Սևանա լճի մակարդակի 01.01.2009-ից բարձրացման հեռանկարային ժամանակացույցին. «Սևանա լիճ մուտք գործող ջրի ծավալը 23 տարիների (մինչև 2031-ը) ընթացքում կկազմի 10,043 մլրդ խմ, ոռոգման նպատակով բաց կթողվի 3,803 մլրդ խմ և մակարդակի նիշը կհասնի 1903,5 մ, որ կկուտակի 6,240 մլրդ խմ լրացուցիչ ջուր»:

Սա նշանակում է, որ լճի մակարդակի միջին տարեկան բարձրացումը սահմանափակվում է 20 սմ-ով, երբ 2002-ից սկսած այն «ի վիճակի» է տարեկան բարձրանալու 35-40 սմ-ով և ավելի:

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ