«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՀԱՅՈՑ ՀՈԳՈՒ ԶԻՆԱՆՇԱՆԸ

ՀԱՅՈՑ ՀՈԳՈՒ ԶԻՆԱՆՇԱՆԸ
09.12.2011 | 00:00

Մեզ՝ հայորդիներիս, մնացած աշխարհին ներկայացնող հոգևոր զինանշանը, Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո, դարերով եղել է հաղթական Խաչը՝ մեր ազգի ողնաշարը։ Բայց քանի որ Խաչի թշնամու խորշակահար ու հոգեամուլ անաստված տարիներով անցանք, և ժողովրդիս այժմյան իշխանավորների մեծամասնությունը դեռևս հոգու արթնություն չունի, այդ պատճառով էլ մեր ազգի զինանշանը, դրոշն ու գերբը զրկված են հաղթող Տիրոջ հաղթանշանից՝ Խաչից։ Նայի՛ր մեր մերձակա ազգերի ու նաև թշնամացած պետությունների դրոշներին ու զինանշաններին, կտեսնե՞ս արդյոք առանց իրենց կրոնական դավանանքը ներկայացնող սիմվոլների։ Ո՛չ, որովհետև նրանք հավատարիմ մնացին իրենց նախնիների հավատքին, թեկուզ և սխալ, բայց հավատարիմ կիսալուսնին։
Վրաստանը նույնիսկ իրենց նոր դրոշը հինգ խաչերով գեղեցկացրեց, չնայած այն Երուսաղեմի սիմվոլն է, ինչը դարեր առաջ փոխառվել է Հայոց Կիլիկիայից, բայց և այնպես քրիստոնեական պետությունը ներկայացնող դրոշ է։ Իսկ մե՞րը։ Այս մասին տողերիս հեղինակն արդեն մեկ անգամ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (տե՛ս «Իրատես de facto», թիվ 41, 14.06. 2011 թ.)։ Եվ ահա նոր արձագանք եղավ, ու երկու հայորդիներ թերթի թիվ 78-ում իրենց կարևոր առաջարկները ներկայացրին և՛ հանրապետության նախագահին, և՛ Ամենայն հայոց կաթողիկոսին, քանի որ այն արդեն հրատապ խնդիր է դառնում հայորդիներիս համար։
Առաջարկված դրոշն ու գերբը, իհարկե, խորհրդանշական են, բայց, ցավոք, դարձյալ թերի։ Բացատրեմ` ինչու։ Հոդվածի երկու համահեղինակները միանշանակ տեղին առաջարկ են արել հանրապետության կենտրոնական հրապարակում Տիրոջ հաղթական Խաչը կանգնեցնելու մասին, ինչի առնչությամբ կարող եմ միայն ասել, որ այդ Խաչն անպայման մեր նախնյաց, ծաղկած Խաչի, Մոմիկի խաչքարային Խաչի տարբերակը պետք է լինի, ոչ թե լոկ Խաչ հիշեցնող, այլ ծաղկած, կենդանություն տվող Խաչի (տե՛ս առաջարկվող տարբերակի նկարը)։
Այս մասին մեր դիտարկումների համաձայն կոմունիստներն իրենց առաջնորդի արձանը տեղադրել են ճիշտ այն տեղում, որտեղ հատվում են շրջակա երեք եկեղեցիների միջնագծերը, այսինքն` այդ տեղն իրենից ներկայացնում է հոգևոր կարևորագույն կիզակետ։ Կոմունիստների կողմից հոշոտված այդ եկեղեցիներն են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին` այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, Սբ. Լուսավորչի եկեղեցին` այժմյան Չարենցի դպրոցի տեղում, և ռուսական ուղղափառ եկեղեցին` այժմյան Ստեփան Շահումյանի արձանի տեղում։ Ապագայում կանգնեցվող օծված խաչը կլինի ամենամեծ ապաշխարությունը մեր մոլորյալ ազգի մաքրության համար։
Ինչ վերաբերում է հանրապետության գերբին ու դրոշին, այստեղ հոդվածի համահեղինակները, ըստ իս, կարևոր բացթողում են արել։ Որպես դրոշի պատկեր առաջարկված տարբերակը, ինչ խոսք, գեղեցիկ մտահղացումով է արվել` աշխարհին ներկայանալ ջրհեղեղից հետո առաջինը երևացող Արարատով։ Բայց ո՞ւր է այդ ամենի սկզբնապատճառը՝ Նոյյան տապանը, չէ՞ որ Աստվածաշունչն Արարատ լեռան մասին հիշատակում է հենց Նոյյան տապանով. «Յոթներորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լերան վրայ» (Ծննդոց 8.4)։ Երկրորդ դիտարկումը դրոշի մասին։ Երբ հանրապետության նախագահին առաջին անգամ այս տողերի հեղինակն առաջարկեց Հայոց դրոշի նոր տարբերակը, այն խաչանիշ սիմվոլով ընդելուզվեց, որպես աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը լինելու պատիվն ունեցող ազգի, բայց ահա մեր երկու համահեղինակներն էլ, կարծես, մոռացել են, որ մեր ազգը ոչ միայն Հին ուխտի խորհրդանիշերը կրողն է եղել թե՛ դրոշի գույներով, թե՛ Նոյյան տապանի ու Արարատ լեռան միջոցով, այլև Սրբություն սրբոցի եռագույն վարագույրը պատռող Քրիստոսի Խաչով, քանի որ, ինչպես գիտենք Ավետարանից, այդ վարագույրը պատռվեց Հիսուսի խաչելության պահին։ ՈՒրեմն մեր Հայոց դրոշը, առանց Հիսուսի հաղթական Խաչի, նշանակում է, որ մենք դեռ Մովսիսական վրաններում դեգերում ենք Ավետյաց երկրի մատույցներում։ Դարձյալ առաջարկում եմ մեր Հայոց դրոշի Խաչանիշ տարբերակը, լրացնելով հոդվածի հեղինակների Արարատյան տարբերակին համահունչ (տե՛ս կից պատկերը)։ Ինչո՞ւ խաչակիր հայորդիներիս դարձյալ զրկենք մեր հոգևոր պատերազմի հաղթության զենքից։
Հիմա դառնանք Հայոց գերբի առաջարկված նոր տարբերակին։ Եթե ընթերցողը երբևէ հետաքրքրվել է գերբերի ուսումնասիրությամբ, ապա անպայման տեսած կլինի, որ բոլոր ազգերը աշխատել են հնարավորինս պատկերավոր ներկայացնել այնտեղ իրենց ազգային ու պետական ամենամեծ արժեքները խորհրդանշող սիմվոլները. օրինակ, Ադրբեջանը գերբի վրա այրվող գազն ու շուրջը ծփացող նավթն են խորհրդանշել, Աֆղանստանի գերբի ներքևում բացված գրքի սիմվոլն է զետեղված. եթե այն գիտություն է խորհրդանշում, ապա դա հեռու է ճշմարտությունից, իսկ եթե Ղուրանն է խորհրդանշում, ապա ի՞նչ գործ ունի գերբի վերևի հնգաթև աստղը, որ կոմունիստներին, կամ էլ Բեհեղզեբուղին է հիշեցնում։ Մինչդեռ աշխարհը այդ երկրին ափիոնի կակաչով է ճանաչում։ Ինչևէ, չթերագնահատենք այլոց գերբերը, այլ կատարյալ դարձնենք մերը։ Նոր գերբի երկու տարբերակներ են առաջարկում համահեղինակները` հիմնականում պահպանելով Խորհրդային Հայաստանի գերբի պատկերը, որտեղ մեկի շրջանակի վերին մասում գրված է. «Տեր Աստված Սեր է», իսկ մյուսում` շրջանակի ներքևում, գրված է. «Ես եմ աշխարհի Լույսը»։ Իսկ երկու գերբերի մեջտեղում էլ գրված է 301 թիվը, ինչը խորհրդանշում է քրիստոնեության ընդունման մեր Հայոց թվականը։ Հիմա, այս տողերի միջոցով, ես հարց եմ տալիս հարգարժան համահեղինակներին. Աստված Իր Սերն ինչպե՞ս ապացուցեց աշխարհին` թվականո՞վ, թե՞ Իր Որդուն Խաչի մահվանը հանձնելով, ինչպես գրված է. «Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի, ով Նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի, քանի որ, ինչպես որ գրված է. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3.16)։ Իսկ ո՞ւր պետք է բարձրանար Աստծո Որդին, եթե ոչ Խաչի վրա, որով ապացուցվեց հայրական Սերը մեղավորներիս հանդեպ։ Իսկ ո՞ւր է այդ գերբի վրա Աստծո Սերը խորհրդանշող ու խավարին լույս տվող Խաչը. բացակայում է, փոխարենը` անտեղյակին համարյա ոչինչ չասող 301 թիվը։ Առաջարկ. 301 թվի փոխարեն անպայման դնել ծաղկած Խաչի նշանը, որն իսկապես Իր հոգևոր լույսը ճառագում է մեղքով խավարած ամբողջ աշխարհին։ Եվ դարձյալ, Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ, այն երևալու է երկնքում, ինչպես գրված է. «Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո, արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. 24. 29-30): Իսկ «Տեր Աստված Սեր է» նախադասության մեջ «սեր» խոսքի չարչրկված ու այլափոխված բառի փոխարեն առաջարկում եմ գրել. «ՏԷՐ ԱՍՏՎԱԾ ՍԷՐ Է» տարբերակով, որտեղ ՏԷՐ և ՍԷՐ բառերի մեջ օգտագործվող «Է» տառը ներկայացնում է անձամբ ՏԷր Աստծուն, ինչպես գրված է Սուրբ գրքում. «Մովսեսն ասաց Աստծուն. «Ես կգնամ իսրայելացիների մոտ ու նրանց կասեմ. «Ձեր հայրերի Աստվածն է առաքել ինձ ձեզ մոտ»: Եվ եթե նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է Նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»: Աստված ասաց Մովսեսին. «Ես այն Աստվածն եմ, որ Է»: Եվ ավելացրեց. «Այսպես կասես իսրայելացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ» (Ելք 3 13-14):
Մնում է այս առաջարկների համար հայցել հավատավոր հայորդիների աղոթական օգնությունը, որպեսզի մեր իշխանավորների սրտերը դեպի Խաչյալ Տիրոջ կամքի շավիղներով ուղղի։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ