Ով տեղը չբերեց, ասեմ՝ սա Երկիր մոլորակն ա, հա՛, մեր սիրելի, հարազատ Երկիր մոլորակը։ Սա Խաղաղ օվկիանոսն ա՝ էնքան մեծ, որ Երկրի որոշակի դիրքից նայելիս՝ կարծես ամբողջ երկիրը պատած լինի։ Պարզապես՝ մենք հազվադեպ ենք էս դիրքից նայում, որովհետև մեզ ավելի շատ հետաքրքրում ա էն դիրքը, որի վրա երևում են մայրցամաքները։ Չէ՞ որ մենք ցամաքային կենդանիներ ենք ու հենց մայրցամաքների վրա ենք ապրում։ Մեզ մենք ենք հետաքրքրում, իսկ Երկիր մոլորակը՝ էնքանով, ինչքանով մենք երևում ենք դրա վրա։
Իսկ էս քարտեզը երևի շնաձկների միջնակարգ դպրոցում են օգտագործում՝ աշխարհագրության դասին ամրակներով փակցնում են գրատախտակին, ու լավ սովորող շնաձկները դրա վրա ցուցափայտով ճշգրիտ ցույց են տալիս բոլոր էն բաները, որոնք մեր աչքից թաքնված են՝ ստորջրյա լեռնաշղթաներն ու իջվածքները, անտառներն ու անապատները, տաք ու սառը հոսանքները, խաղաղ ու ալեկոծ հատվածները, ասում են, թե որ մասում ինչ ստորջրյա բուսականություն ա աճում, ինչ ձկներ են ապրում, ինչ են ուտում ու ինչ համ ունեն...
Ու պատմում են նաև համարձակ ծովախույզների մասին, որոնք դուրս են եկել էս ապահով շրջանակից ու նոր օվկիանոսներ հայտնաբերել՝ Կաղամար Ատլանտեցու, Թառափ Հնդկացու, քաջ բևեռախույզ Բելուգ Սառցակերի մասին։ Պատմում են, թե ինչպես օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում վայրենի տեղաբնակ ծովախոզերը փշով-մշով կերան անվեհեր ճանապարհորդ Լոքո Թափանցիկին, ինչպես Մեդուզ Ջրակայունը հալվեց արևի տակ, երբ դուրս էր եկել խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկը՝ չափագրելու։
Պատկերացնու՞մ եք՝ մարդ կարող ա ամբողջ մի կյանք ապրել, բայց տենց էլ ոչ մի անգամ չտեսնել Երկիր մոլորակն էս դիրքից։ Իսկ եթե այլմոլորակայինները երկրին էս կողմից մոտենան, կկարծեն, թե երկիրն ամբողջությամբ ջրով ա պատված, ու երկրի վրա ոչ մի ցամաքային կենդանի չկա։ Մտքներով էլ չի անցնի, որ մյուս կողմում մի քանի միլիարդ մարդ անհամբեր իրանց ա սպասում՝ սպասում ա, թե երբ են վերջապես գալու ու իրանց հետ բերեն մարդկությանը փրկող տեխնիկայի հրաշքները՝ այՖոն 124՝ 16 տիեզերաբայտ հիշողությամբ ու 32 աստղապիկսել տեսախցիկով, շախմատ խաղացող ընձուղտներ ու գեմարոյն էլեկտրականության վերածող շարժիչներ։
Հենրիկ Պիպոյան