Եվրոպական ֆուտբոլային առաջատար տերությունների ներքին առաջնությունների կողքին ոչ պակաս հետաքրքրությամբ են դիտվում նաև գավաթային հանդիպումները: Դրանց մի մասն առավել քան մոտեցել է ավարտական փուլին, մյուս մասը դանդաղ ընթացք է հավաքում:
Արագ ընթացք ունեցողներից են Իսպանիայի ու Իտալիայի գավաթի համար մղվող հանդիպումները: Թերթի էլեկտրոնային տարբերակից ընթերցողը մասնավորապես իրազեկված է Մադրիդի «Ռեալ»-«Վալենսիա» հանդիպումից, որտեղ մայրաքաղաքային թիմը քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթել է 2:0 հաշվով` ինչ-որ տեղ ինչ-որ չափով նաև յուրահատուկ նվեր անելով Ժոզե Մոուրինյոյին, ում համար ակումբի այս հերթական խաղը 600-րդն էր նրա մարզչական կարիերայում:
Իսպանական մյուս հզորագույն ակումբի` «Բարսելոնի» մրցակիցն ընթացիկ տարում Չեմպիոնների լիգայում փառահեղ հանդես եկող «Մալագան» էր: Չափազանց հետաքրքիր այս դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Ընդ որում` «Նոու Կամպում» «Մալագան» ոչ միայն կարողացել է բացել խաղի հաշիվը, այլև, Մեսիի ու Պույոլի խփած գոլերից հետո, խուսափել է պարտությունից` խաղի ավարտական որոշակի հատվածում խաղալով տասը հոգով ու այդ փուլում էլ մրցակցի դարպասը գրավելով: Հարկ ենք համարում առանձնապես նշել հյուրերի չափազանց տպավորիչ խաղը, ինչպես նաև Մեսիի գոլը, որը ֆուտբոլիստի անհատական բարձր վարպետության հերթական դրսևորումն էր, այն տարբերությամբ, որ այս անգամ Մեսին անցումն սկսեց սեփական կիսադաշտից` ընթացքում շրջանցելով «Մալագայի» կիսապաշտպանության ու պաշտպանության աջ եզրում հայտնված բոլոր ֆուտբոլիստներին: Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ ժամանակին նման փայլուն անցումով գոլի հեղինակ է դարձել Մարադոնա անունով արգենտինացի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ:
Իսպանական մեկ քառորդի հաջորդ դիմակայությունում «Սևիլիան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սարագոսայի» համառությունը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Իտալիայի գավաթի մեկ ութերորդում «Նապոլիին» շարքից հանած «Բոլոնիան» քիչ էր մնում երկրորդ սենսացիայի հեղինակ դառնար «Ինտերի» հետ խաղում, նրա իսկ հարկի տակ: Հանդիպման 81 և 84-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը` բոլոնիացիները կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, ինչը նշանակում էր լրացուցիչ խաղակեսի անհրաժեշտություն: «Ինտերը» մրցակցին կարողացավ ծնկի բերել խաղի 120-րդ րոպեին խփած գոլի հաշվին ու ստացավ կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք: Կիսաեզրափակիչ դուրս եկավ և «Ռոման»` ի հաշիվ նշանակված լրացուցիչ ժամանակում «Ֆիորենտինայի» դարպասի գրավման: Հենց նա էլ հունվարի 23-ին կլինի «Ինտերի» մրցակիցը:
Անգլիայի գավաթային հանդիպումներում մեկ տասնվեցերորդի փուլը հաջողությամբ անցան «Մանչեստր Յունայթեդն» ու «Արսենալը»` նվազագույն 1:0 հաշվով համապատասխանաբար հաղթանակ տոնելով «Վեսթ Հեմի» ու «Սոունսի Սիթիի» նկատմամբ: Հետաքրքրական է, որ երկու թիմերն էլ մրցակցի հարկի տակ իրենց առաջին հանդիպումներն ավարտել էին միևնույն 2:2 հաշվով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ