Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կավն ինքն է «ստեղծում» մարդուն»

«Կավն ինքն է  «ստեղծում» մարդուն»
24.05.2013 | 12:18

Ամեն տարի, սկսած 2005-ից, Հայաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան:
Ցանկացողները անվճար, գիշերային գողտրիկ միջավայրում հաղորդակցվում են թանգարանային անցուդարձին, նորովի բացահայտում թանգարաններում պահվող մշակութային արժեքները: «Թանգարանների գիշեր-2013»-ին մասնակցում էր հայաստանյան 88 թանգարան: Այս տարի ակցիային միացել են նաև Մայր աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մատենադարանը և Արցախի 5 թանգարան:
Մշակութային այս անցուդարձը ուշագրավ և խորհրդանշական էր Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում: Անցյալ տարի «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում երկրաբանության սիրահարներին ներկայացվեցին աշխարհի քարերը, այս անգամ ուշադրության կենտրոնում կավն էր:
Թանգարանի վարիչ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ, ընդառաջ գնալով ծրագրի այս տարվա կարգախոսին` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր», այցելուների համար կազմակերպել էին բաց դաս` «Կավը մեր կյանքում» խորագրով, որտեղ, նրա խոսքով, միահյուսվում էին գիտությունը` մշակույթի, արդիականը` ավանդականի, արհեստը` արվեստի հետ: «Կավը, կարելի է ասել, գերեց 200-ից ավելի երեխաների, որոնք սիրով պատրաստում էին այն, ինչ ուսուցանում էր խեցեգործ վարպետ Վահագն Դայանը»,- ասաց Գայանե Գրիգորյանը:
«Թանգարանների գիշեր-2013»-ին մասնակցում էին նաև «Տերակոտա» ստուդիայի սաները: Երեխաներից յուրաքանչյուրը պատմում էր մի փոքրիկ պատմություն բնության մասին` կավի ու լույսի միջոցով: Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվում էր`«Լուսավորենք բնությունը»:
Հին Հայաստանում կավը մեծ տարածում ուներ, դրա մշակման կենտրոններից մեկը եղել է ուրարտական ամրոց Կարմիր բլուրը: Թանգարանային գիշերը կարելի էր տեսնել Էրեբունի ամրոցում հայտնաբերված այն գտածոները, որոնք կավից են պատրաստված` խեցե անոթներ, ճրագամաններ, ծանրոցներ, ջրատար խողովակներ, կավե բրիկետներ, կավե կնիքով սափորներ և այլն:
ՈՒշագրավ էին Վահագն Դայանի աշխատանքները, ով 12 տարի զբաղվում է խեցեգործությամբ, պատրաստում է սպասք, գավաթներ, կժեր, զարդաքանդակներ: Հետաքրքիր է` կավի հետ աշխատանքը ի՞նչ զգացողություն է առաջացնում: «Մտածե՞լ եք, որ առեղծվածային նյութի հետ գործ ունեք,- հարցրի:- Ի վերջո, ըստ Աստվածաշնչի` առաջին մարդու արարումը նույնպես կավից է եղել»:
«Ինչ սկսել եմ աշխատել կավով, բնավորությունս փոխվել է: Կավն ինքն է մարդուն «ստեղծում», փոխում է մարդուն: Կավի հետ աշխատելը մի ուրիշ հաճույք է»,- ասաց խեցեգործը:
Ի դեպ, թանգարանային միջոցառման ամենափոքր մասնակիցը փոքրիկ Արամն էր` Վահագնի վեցամյա տղան: Կավից ծեփված նրա մանկական աշխատանքները յուրովի էին զարդարում ցուցասրահը: Արամը կավին փորձում է ձև տալ դեռ երեք տարեկանից:
Մասնագիտությամբ ինժեներ Դավիթ Գասպարյանը զբաղվում է բնաբուժությամբ` բուժական պրակտիկայում լայնորեն օգտագործելով կավը: Այցելուները հետաքրքրությամբ էին ուսումնասիրում կավի տարատեսակները, կավից պատրաստած սննդային ու բուժական ընտրանին` կավն իբրև սննդային հավելում, կոսմետիկ միջոց, ատամի մածուկ, հականեխիչ և այլն: Բնաբույժը նշեց, որ կավն օժտված է բուժական հատկանիշներով, սպանում է ախտածին մանրէները, կլանում է բոլոր տեսակի թույները, ամրացնում է ոսկրային համակարգը, ատամները: Ի դեպ, մեկ անգամ օգտագործված կավը երկրորդ անգամ չի կարելի գործածել:
Հին Եգիպտոսում կավն օգտագործել են մումիաներ զմռսելիս: Միջնադարում կավն օգտագործել են համաճարակների դեմ, տարբեր տեսակի հեղուկների մաքրման համար: Կավի բուժական հատկանիշներից օգտվում են նաև կենդանիները: Հիվանդանալու դեպքում ուտում են հող, ընդունում են ցեխային լոգանք: Հյուսիսում կավն օգտագործում են որպես սնունդ:
«Ներկայումս մարդիկ սնվում են վերամշակված սննդամթերքով, հյութերով, և օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակի մակրո, միկրո էլեմենտներ, վիտամիններ, բնական այլ նյութեր»,- տեղեկացրեց բնաբույժը և նշեց, որ Մենդելեևի աղյուսակի տարրերի 30-40 տոկոսը առկա է կավի մեջ: Ավելին, կավը պարունակում է սիլիցիումի օքսիդ, որը պաշտոնապես դասվել է կյանքի կարևորագույն էլեմենտների շարքին: Նրա խոսքով` հայկական կանաչ կավի մեջ 60 տոկոս սիլիցիումի օքսիդ կա:
«Կարմիր կավը էքստրասենսի դեր է կատարում,- հավաստիացրեց բնաբույժը:- Կավն օժտված է բնական մագնետիզմով, դաշտային ալիքի երկարությունը 8 մ է, որը հավասար է առողջ մարդու կենսադաշտի ալիքի երկարությանը: Եթե սկսում ենք հիվանդանալ, մեր բջիջների ալիքի երկարությունը սկսում է պակասել: Կավը վերականգնում է մարդու բիոդաշտը»:
Բնաբույժ-ինժեները համաձայն չէ այն վարկածին, որ առաջին մարդը ստեղծվել է կավից, բայց հավատում է, որ կավի գործածումը մաքրում է մարդու հոգին: Ասում է, որ կավի հետ աշխատանքը վերափոխել է նաև իրեն:
Բնաբուժությունից անցում կատարենք արվեստի աշխարհ:
Կավե իրեր պատրաստելիս Հայաստանում հատկապես բարձր է գնահատվել հայ կնոջ կերպարը` նազանի ու սլացիկ: Այդ է պատճառը, որ հայկական բազմաթիվ կավե առարկաներ ունեն կնոջ տեսք:
Լիանա Դանիելյանի «Հայկական աղջիկներ» շարքը ծեփված է կավից, գունային հետաքրքիր լուծումներն արված են ջնարակներով, սպրեյով: Լիանան պատմեց, որ ուսանողական տարիներին է աշխատել այդ գործերի վրա: Թերլեմեզյանի անվան պետական քոլեջն ավարտել է այս տարի, և սա նրա առաջին ցուցադրությունն էր:
«Կավի հետ աշխատելիս հանգստանում ես, այն կարծես կլանում է լարվածությունը, բացասական մտքերը,- ասաց Լիանան:- Կավով աշխատելը ուրիշ հաճույք է»: Բա՞րձր են գնահատվում կավե աշխատանքները` հարցրի: «Երևանում, իհարկե, թանկ չեն: Արվեստը այդքան չի գնահատվում մեզ մոտ»,- ասաց խեցեգործը: Նրա «աղջիկներին»` յուրաքանչյուրին առանձին, գնահատել են 200 եվրո: Չգիտի` մեզ մոտ ինչպես կգնահատվի: Ամեն դեպքում, չի վաճառելու: Երկար ճանապարհ են անցնելու աշխատանքները Հայաստանում և Հայաստանից դուրս:
Հավելենք, որ երկրաբանական թանգարանը բազմամարդ էր, թանգարանային անցուդարձն էլ ավելի հաճելի ու տոնական էր դարձնում «Artvocal» համույթի ելույթը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ