«Մեծամորը» Հրանտ Մաթևոսյանը գրել է 1969 թվականին՝ 45 տարի առաջ: Գրել է՝ ցավ ի սիրտ, խորապես համոզված, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը չի կարող ու չպիտի գեղարվեստական գիրք դառնա, բայց՝ գրել է ու դարձրել է: «Մեծամորը», կրկնեմ, գրվել է 45 տարի առաջ, այսօր՝ 2014-ին բացեք գիրքը և կարդացեք: ՈՒ կարդալուց հետո փորձեք հասկանալ՝ 45 տարի հետո ունե՞նք պատասխաններն այն հարցերի, որ տրվել են 1969 թվականին: 2015-ին կլրանա 100 տարին Հայոց ցեղասպանության: Մենք դեռ հարցնում ենք՝ ե՞րբ է Թուրքիան ճանաչելու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: 100 տարի հետո մեր բոլոր պատասխանները կենտրոնացած են թուրքերի հանցագործության և այդ հանցագործությունը չընդունելու հանցանքի վրա:
«-Լավ գիր է,- տխրեց Վռամշապուհը,- գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզնից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա ներամփոփ, խոհուն և իր խորին եզրահանգումն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրը և միայն Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է»:
«Ամենայն ուրախությամբ դարձյալ կգայի Խորհրդային Միություն, բայց անելիք շատ ունեմ: Մեր վիպասանները ֆրանսացի հրատարակիչների համար փնտրված հեղինակներ են: Պետք է,- հրաժեշտ տալով ասաց թուրք առաջադեմ գրողը (նա հակաամերիկյան թրքական շարժման գործուն մասնակիցներից է),- վերջացնեմ ձեռքիս գործը և սկսեմ աշխատանքը վաղուց մտածված մի գրքի վրա, որ լինելու է 20-ական թվականներին իմ ժողովրդի վարած ազգային ազատագրական պատերազմի մասին»:
«Քսան թվականներին նրա ազգային-ազատագրական բանակը Շիրակում ոչնչացրեց 200000 հայ: Միլիոնատիրոջ որդի է, ուժեղ երկրի ներկայացուցիչ է, Թուրքիայի հետամնացությունը այս արագ 20-րդ դարում այսօր-վաղը լուծվող հարց է. 33 միլիոն են և աճում են, 50 միլիոն են,- ի՞նչ է ասելու այս Նեֆզատ ՈՒստյունը իր ազգային-ազատագրական բանակի վայրագության մասին, ասելու է «200000 զավթի՞չ ոչնչացրին, մեկ միլիոնից 200 հազարս զինվո՞ր էինք: Ասելու է՝ «չենք ոչնչացրել, իրե՞նք են մեզ ոչնչացրել», ասելու է՝ «լա՞վ ենք արել»:
«Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենու ծառից, որ մետաղի կարծրություն ունի… Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆոր գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի, թե մարդու… Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու…»։
«Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: ՈՒրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի անես այն, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը:
Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը… -Ոչ, մի պարծեցիր:
Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու… -Մի նվնվա»:
«Տանջված քերականը ողողվեց երանությամբ: Նրա թափանցիկ մաշկի տակ երևում էր սիրտը, երևում էր հանգչող թոքը, նա ներսից լուսավորված էր իմաստության խաղաղ լույսով, մեզ համար թողնելով ոչ թե գետերի ու լճերի, հովիտների ու լեռների վերուվարումների մի քիչ տարածություն, այլ Երկրի ամբողջ կորությունը գրքի մեջ»:
«Համաշխարհային մեծ խառնակությունը պարզվել էր, օվկիանոսները հին խաղաղ շեշտով ծեծում էին իրենց ափերը, Գերմանիան գոց աչքերով մարսում էր պարտությունը, ռուսական սոցիալիզմի գոյությունը հանդարտ ներծծվում էր աշխարհի գիտակցությանը, նոր սահմանների մազութված սյուները խամրում էին ու բուրում անսկիզբ մշտականության պատրանք, հաշմանդամները արևի ու հուշերի երանության մեջ զրուցում էին, թե ինչքան գեղեցիկ կերպով եկավ ռումբը, ինչպես տարավ իրենց ոտքը, իրենք ինչպես…-Մուստաֆա Քեմալի մեծ աղջիկը խորքի դահլիճներում մի տեղ Շոպեն էր նվագում, խավոտ վարագույրները զով էին պահում արձակ սենյակները, երկու ըմպանակ սուրճը հանգչում էր փոքրիկ սեղանին, Քեմալի աղջիկը կրթվել էր Եվրոպայում, Քեմալը լուռ մտքերի միջից եկավ, ասաց Մեծ Հարևանի հարգելի դեսպան Արալովին. «Այո… մենք հայերի հետ տմարդի վարվեցինք»: Խորքի դահլիճներում Շոպեն էին նվագում, բազկաթոռի մեջ Արալովը լուռ էր, Երկիրն ու Սֆինքսը մի քիչ էլ ծերացան, Քեմալը թարթեց աչքերը և ասաց, և երևաց, որ մտածում է նույն մտքի վրա. «Այո, բայց մենք ուրիշ ելք չունեինք»: Վերքն ուրիշի էր, դատելով տեսքից՝ խոր վերք էր, բայց եղածն արդեն եղած էր: -Այո…-Ասաց Արալովը»:
«Այս ժողովրդի եղեռնը ինչո՞ւ էր լինելու 1915-ին երեկ մորթելու, վառելու, մոխիրը ծովերին տալու, տեղը բանջարանոց ցանելու ժամանակ չգտա՞ք 1315-ին, 815-ին, 15-ին»:
«Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞Ւր է խարիսխդ: Խարիսխդ…»:
«Նա կերկրպագի հայերից մաքրված տարածությունների ամայի հզորությունը և առնական կորով կցանկանա թուրք յուրաքանչյուր տղամարդու մեջքի՝ այդ ամայությունը լցնելու թուրք մանչուկներով: Եվ նոր միայն… և նոր միայն իր հայրենիքի դիվանագետներին նա կհուշի խոսք բացել հայերին պատճառված վնասի մասին և վեհանձնաբար հանձն առնել վնասի հատուցումը՝ մի երկու կամ մի երկու հազար ոսկի, թող գնան ձենները կտրեն: Միայն թե… Թուրքիան ո՞ւմ է հատուցելու վնասը՝ դաշնակցականների՞ն, ռամկավարների՞ն, հնչակյանների՞ն, ընդհանուր բարեգործականի՞ն, Էջմիածնի կաթողիկոսարանի՞ն, Անթիլիասի՞ կաթողիկոսարանին, համայնավարների՞ն, թե՞ միավորված ազգերի կազմակերպությանը: Թող հայերն իրենց մեջ վճռեն այդ խնդիրը՝ Թուրքիան պատրաստ է վեհանձնաբար հատուցելու իր պատճառած վնասը, որ այնքան էլ ինքը չէր պատճառել, այլ դժբախտ հանգամանքները, և հանգամանքների դժբախտացմանը նպաստել էր իրենց հայերի վարքը»:
«Հաղթած բանակների գեներալները պարտված բանակների գեներալներին չեն կախում, այլ նստում են նրանց հետ հացի և որովհետև բանակային օրապահիկը չի բավականացնի խնջույքին՝ հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին»:
1969 թվականին՝ 45 տարի առաջ գրված «Մեծամորը» և մենք բոլորս 2014-ի կապույտ երկնքի տակ ու 2015-ին սպասելու միջակայքում: Ի՞նչ է փոխվել: Դադարե՞լ ենք պարծենալ ու նվնվալ, ձևակերպե՞լ ենք պահանջատիրության մեր բանաձևը՝ ի՞նչ ենք ուզում և ումից, հասկացե՞լ ենք՝ ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել ու հիմա ի՞նչ ենք անում: Թե՝ շարունակում ենք սպասել՝ ո՞վ կճանաչի՝ ում շնորհակալ լինենք: Սրտանց ու երախտագետ: «Դարավոր ոսոխի», որ առանց կրակոցի Կարսի բերդ էր վերցնում ու Վան ավերում, ու ժամանակակից Թուրքիայի միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ ենք, թե՞ թուրքը մնում է թուրք, իսկ մենք՝ հայ: Այսինքն՝ այնքան ենք բարդույթավորվել, որ հայ-թուրք հարաբերությունը միայն երրորդ-չորրորդ-տասներորդ կողմերի մասնակցությամբ ենք տեսնում: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պահում ենք խորհրդարանի օրակարգում մի ձեռքով, մյուս ձեռքով օրումեջ պահանջում ենք արձանագրությունը հետ կանչել ու մեզ երևակայում ենք, թե ճկուն քաղաքականություն ենք վարում: Խրվել-խորացել ենք մեր մեջ այնքան, որ մեզնից դուրս միայն Ռուսաստան ենք տեսնում, իսկ Ռուսաստանը, ինչպես բոլոր ժամանակներում, Թուրքիայի հետ իր շահերն ունի՝ երեկ, երբ Բրեստի, հետո Մոսկվայի ու Կարսի պայմանագրեր էր կնքում ու հերթով հանձնում Կարսը, Սարիղամիշը, Արդահանը, փոխանցում Նախիջևանը, Ղարաբաղը, այսօր՝ երբ տարածաշրջանում բիզնես ծրագրեր է իրականացնում Ադրբեջանի հետ ու փակում Իրանի գազի ճանապարհը Հայաստան, Թուրքիայի հետ էլ ռազմավարական հարաբերություններ ունի: Ի տարբերություն ռազմավարական դաշնակից Հայաստանի՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները փոխշահավետ են: Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր էլ անգլիական տանկերը հայոց լեռները չեն բարձրանում, Սևրի դաշնագիրն էլ Վուդրո Վիլսոնի մեծ նվերն էր հայերին, որ ընծայվեց ու տեղ չհասավ: Իսկ Հայաստանը օրեցօր ավելի ու ավելի շատ դառնում է հեռավոր ու մերձավոր երկրներ էժան աշխատուժ արտահանող երկիր, որ մնացած ամեն ինչ ներկրում է: ՈՒ եթե Թուրքիան վաղը, կամ մի քսանհինգ տարի հետո ճանաչի հայոց ցեղասպանությունն ու վերադարձնի հայոց պատմական հայրենիքը, այդ հողերում ո՞վ է ապրելու՝ վարձակալության ենք տալու քրդերի՞ն, թե՞ սփյուռքն է Հայ դատի հաղթանակը Հայոց հողում ապրելով տոնելու: Սասունը, Մուշը, Էրզրումը, Վանը, Աղթամարը, Շապին Գարահիսարը, Ադանան ու էլի, ու էլի, ու էլի, մե՞րն են դառնալու, թե՞ մեր սերունդը հաջորդ սերնդին, հաջորդ սերունդն էլ իր հաջորդին է ժառանգելու դարավոր ոսոխի զգայացունց պատմությունը, որին 100, գուցե նաև 200 տարի ոչինչ հակադրել չսովորեցինք, չկարողացանք, չցանկացանք, որովհետև մեր բոլոր հարցերի լուծումները տեսնում ենք աշխարհում ամենքի ու ամեն ինչի մեջ, բայց ոչ երբեք՝ մեր: Որովհետև Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու հողի վրա ապրելով հող պահելու իմաստնությունը միայն մեր գրքերում է ապրում, իսկ հաղթող բանակների գեներալներն առաջինը գնդակահարում են իրենց բանակների բանաստեղծներին: Որովհետև ամենաանպաշտպանը բառն է, մնացած ամեն ինչ զինված է ու կրակում է, երբ վտանգվում է: Մենք դարձել ենք բառ-ժողովուրդ, այնքան հատվածական, որ նույնիսկ իր հանճարեղ բառերից խոսք կազմել չի զորում: Որովհետև վախենում է իր խոսքն ասել, որովհետև իր խոսքը ասելուց հետո ոչինչ չի անելու: Բացի այլոց գնահատականին սպասելուց, իսկ այլք այդ սպասումն օգտագործում են իրենց խոսքի մեջ մեր բառերը սպանելու համար: Թշնամու համար լավագույն զինվորը մեռած զինվորն է: Նույնիսկ եթե կարծում ես, որ բարեկամներ ունես, որոնք քո թշնամիների թշնամին կդառնան քեզ համար: Ծիծեռնակաբերդում վառվող կրակի ու շուրջբոլորը շարված ծաղիկների մեջ ի՞նչ ընդհանրություն կա: Վշտի՞ հավերժությունը, հիշատակի՞, որ վերադարձի դուռ է բացելու, թե՞ ջուր է դարձել մեր հիշողությունը, որ մի օր կմարի կրակն էլ, կչորացնի ծաղիկներն էլ: Միայն գրողնե՞րն են բացելու Մհերի դուռը մեր առաջ, թե՞ մենք հասկանալու ենք վերջապես, որ Մհերը մեզնից յուրաքանչյուրն է և յուրաքանչյուրն իր տուն գնալու իրավունքն ունի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Այո, այդպես է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգուն շերտով մինչև վերջին թիզը չի ծանրացել այս ցնորական երկրի կավին: Եվ ինձ վրա: Եվ ձեզ վրա»: Այսպես է վերջանում «Մեծամորը», ու հիմա հարցը մեկն է՝ կա՞վը, թե՞ բետոնը, ո՞րն է գերակշռելու մեր մեջ: