Մայիսի 13-ին Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում դիվանագետներին, փորձագետներին, հասարակական կազմակերպությունների անդամներին ու ուսանողներին ներկայացրեց «Հայաստանի 2014-2015 թթ. արտաքին քաղաքականության օրակարգը» ժողովածուն, որն արդեն երրորդն է` 2009-2010 թթ. և 2011-ի ամփոփագրերից հետո:
Վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհանդեսից առաջ հարցրի, թե ո՞րն է եղել ժողովածուն կազմելու նպատակը։
-Ձևավորել հասարակության հետ քաղաքական քննարկումների ավանդույթ Հայաստանում, արձանագրել արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները և ներկայացնել հասարակության քննարկմանը:
-Հասարակության ո՞ր շերտերին է գիրքը հասցեագրված:
-Բոլոր շերտերին: Նախ` ակտիվ քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ու հասարակական գործիչներին, փորձագետներին, հետո նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Գրքի երկրորդ կարևորագույն նպատակն է աշխարհին ասել, որ Հայաստանում կան կենտրոններ, որոնք տարբեր հարցերում ունեն տարբեր տեսակետներ: Վերջերս աշխարհում սկսել է իշխել այն տեսակետը, որ Հայաստանը, իբր, միակողմանի ռուսամետ է, ուստի կարևոր է հիմնավորված ցույց տալ, որ արտաքին քաղաքականության հարցերում կան տարբեր մոտեցումներ:
-Ո՞ր հարցերն են կարևոր այդ տեսակետից:
-Բոլոր հարցերն էլ կարևոր են` սկսած Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններից, Ղարաբաղի խնդրից մինչև անդամակցությունը տարբեր միություններին: Բնական է, որ ամբողջ օրակարգը մի գրքով չի ներկայացվի, թեպետ փորձել ենք ընդգրկել հիմնական ուղղությունները, որ նաև ներքին քաղաքականությունն են պայմանավորում:
-Ինչո՞ւ է գիրքը ռուսերեն ու անգլերեն, բայց ոչ հայերեն:
-Հայերեն առաջիկայում կթարգմանվի ու անպայման կտպագրվի, իսկ ռուսերեն ու անգլերեն է` աշխարհին մեր տեսակետները ներկայացնելու նպատակով:
-Դուք կարծում եք, որ աշխարհն ուզո՞ւմ է լսել Հայաստանի ձայնը:
-Այո, ուզում է: Իհարկե, ամբողջ աշխարհի մասին հավակնոտ կհնչի նման պնդումը, բայց Եվրոպան ուզում է, ԱՄՆ-ը ուզում է, Իրանն ուզում է, Թուրքիան ուզում է: Գրքի հիմնական նպատակը կարծրատիպերը ջարդելն է, շատերն են համարում, որ կան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, այս գրքով մենք ցույց ենք տալիս, որ այդպես չէ: Կան կարծրատիպային մտավախություններ մուսուլմանական աշխարհի հետ կապված, և գրքում օրինակներ են բերվում, որ մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչներն են մեզ աջակցել շատ հարցերում: Մենք ջանացել ենք ոչ թե պատմական էքսկուրսներ անել` դարերի պատմությունը վկայակոչելով, համեմատական վերլուծություններ անել` երկրների ու ժամանակների միջև, այլ պատասխանել այսօրվա ակտուալ հարցերին:
Հակիրճ ներածությունից հետո` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ տպագրված ժողովածուն Հայաստանը ներկայացնում է միջազգային կառույցներում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, անդրադառնում է եվրաինտեգրմանն ու հյուսիսատլանտյան ինտեգրմանը` հարաբերություններին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ (Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավիճակը «Արևելյան հարևանության» ծրագրի շրջանակներում), անվտանգությանը և պաշտպանական քաղաքականությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հարավային Կովկասին, էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցուղիների անվտանգությանը, հարաբերություններին Ռուսաստանի հետ` ինտեգրման գործընթացները հետխորհրդային տարածքում և Եվրասիական միության կտրվածքով, հարաբերություններին ԱՄՆ-ի, Թուրքիայի հետ (հայերի 1915-ի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում), հարաբերություններին Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Մերձավոր Արևելքի և հայկական սփյուռքի, սիրիահայերի խնդիրները: Տրվում են նաև 2014-2015 թթ. քաղաքական օրակարգի գերակայությունները:
Թվարկելով օրակարգային խնդիրները` Ստեփան Գրիգորյանը գրքի նախաբանում նշում է, որ քաղաքական էլիտայից ու իշխանություններից այդ խնդիրները պահանջում են բացառապես ուշադիր վերաբերմունք արտաքին քաղաքականությանը, որը պետք է լինի համակարգային ու հետևողական, այլ ոչ թե ռեֆլեկտոր կամ իմպուլսիվ, և նախաձեռնող: «Մենք որևէ կերպ չենք հավակնում, որ գրքում քննարկված թեմաները սպառում են հարցերի շրջանակը, որ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,- նշում է Ստեփան Գրիգորյանը: Վերլուծական կենտրոնի փորձագետներ Հասմիկ Գրիգորյանից, Ժենյա Գյուլբենկյանից, Վերոնիկա Դանիելյանից, Վրեժ Մակարյանից, Արմեն Գրիգորյանից բացի, գրքի ստեղծմանը մասնակցել են դեսպան Հայդի Թալվիանին` Շվեյցարիայից, դոկտոր Յոհաննա Ֆոմինան և դոկտոր Յացեկ Կուխարչիկը` Լեհաստանից: Տիգրան Զաքարյանին Ստեփան Գրիգորյանը հատուկ շնորհակալություն հայտնեց գրքի լույս աշխարհ գալու համար: «Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք նշեցինք 12 գլխավոր ուղղություններ և փորձեցինք ներկայացնել մեր տեսակետները այդ հարցերում: Կարևորագույն նպատակը կարծրատիպերը ջարդելն է, որ Հայաստանը միակողմանի կողմնորոշված է դեպի մեկ երկիր, Հայաստանում կան կենտրոններ, որ այլ կարծիք ունեն, որոնց շատ ու շատ կանխատեսումներ իրականացել են: Մենք փորձել ենք կարծրատիպերից հեռանալ: Երբ կարդաք հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը, կտեսնեք, որ մենք հեռացել ենք այն կարծրատիպից, որ թուրքերը միշտ սխալ են, հայերը` միշտ ճիշտ: Նույնը մուսուլմանական աշխարհին է վերաբերում, որտեղ մենք շատ բարեկամ երկրներ ունենք, և համագործակցությունը նրանց հետ շատ կարևոր է: Նաև դա է պատճառը, որ մենք կարևոր դեր ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին, հատկապես այսօրվա իրավիճակում, երբ նորմալանում են Իրան-Եվրոպա հարաբերությունները»,- ներկայացնելով գիրքը` մանրամասնեց Ստեփան Գրիգորյանը: «Նույնիսկ եթե իշխանությունները գնում են դեպի Մաքսային միություն, գոնե պետք չէ վազելով գնալ, որովհետև հայտնի չէ` ինչով կավարտվի այս ամենը»,- անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` արձանագրեց Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարը: Մանրամասն ներկայացնելով ժողովածուի նպատակն ու խնդիրները, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց նաև շնորհանդեսի մասնակիցների հարցերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Թեպետ ժողովածուն պաշտոնապես կոչվում է «Հայաստանի 2014-2015 թթ. արտաքին քաղաքականության օրակարգը», ընդգրկում է 21-րդ դարում մեր անցած ժամանակահատվածի արտակարգ հարուստ փաստական նյութ, որ անհրաժեշտություն է նախ յուրաքանչյուր լրագրողի համար, որ ամենօրյա իրադարձությունների մասերի մեջ երբեմն կորցնում է ամբողջականության զգացողությունն ու տեսունակությունը, ապա ցանկացած մտածող մարդու համար, որ սովոր է համադրել փաստերն ու սեփական եզրակացություններն անել: