Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Քաղաքական բառապաշարը Հայաստանում վաղուց է արժեզրկված»

«Քաղաքական բառապաշարը  Հայաստանում վաղուց է արժեզրկված»
23.05.2014 | 01:01

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Հայաստանում վարչապետ ու կառավարություն են փոխվել, Ձեր կարծիքով` զգացվո՞ւմ է այդ փոփոխությունը:
-Երբ Հովիկ Աբրահամյանը նոր էր նշանակվել վարչապետ, ես ասել եմ` որոշակի փոփոխություններ կլինեն` իհարկե ո՛չ արմատական ծրագրային, ո՛չ գլոբալ, բայց կլինեն և, հավանաբար, չեն վերաբերի միայն տնտեսության զարգացման ռազմավարական գծին, որը զարկ կտար արդյունաբերության զարգացմանը: Շատ երկրներում դա եղել է, երբ փորձել են մի տնտեսական զարգացման լիգայից անցնել մյուս լիգա` ազգայնացման կամ սեփականաշնորհման միջոցով: Օրինակ, Մեծ Բրիտանիան քանիցս իր տնտեսության ռազմավարական ոլորտները կամ սեփականաշնորհել է, կամ ազգայնացրել` նայած ինչ խնդիր էր լուծում զարգացման այդ փուլում: Հայաստանում դեռ ռազմավարական փոփոխությունների ցանկություն չի երևում, ես կարծում եմ` Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք կգործի (գոնե կփորձեն) եղած ռեսուրսների ավելի արդյունավետ և օպերատիվ կառավարման մեթոդը: Հովիկ Աբրահամյանն օլիգարխիկ համակարգի արդյունք է` վառ ներկայացուցիչ ու կարևոր դեմքերից մեկը, լավ պատկերացնում է ներքին մեխանիզմները, որպեսզի իր ստորագրած որոշումը կյանքի կոչի, նրան, ինչպես իր նախորդին, պետք չէ այս ու այն անձի հետ պայմանավորվել, համաձայնեցնել, միջնորդներ գտնել: Նախորդ կառավարության օրոք եղած ռեսուրսները այսօր չեն ավելացել, փոխվել է կառավարման մեխանիզմը:
-Այդ փոփոխությունն ի՞նչ կտա արդյունավետության տեսակետից:
-Ինչ-որ փուլում, կարծում եմ, ռեսուրսներն ավելի արդյունավետ կկառավարվեն և ինչ-ինչ արդյունքներ կլինեն: Տնտեսության մեջ այնպիսի վիճակ է և երկրում այնպիսի մթնոլորտ է, որ խաղի նոր կանոններ պետք է լինեն այսուհետ:
-Գործարարների հետ հանդիպումը նոր կանոններ սահմանելու նպատակ ունե՞ր:
-Այո, խաղի նոր կանոնների սահմանման փորձ էր` ճգնաժամային իրավիճակում` օլիգարխիկ համակարգը չփոխելով եղած ռեսուրսներից առավելագույնը ստանալու նպատակով: ՀՀ նախագահը նոր վարչապետին նշանակելիս ասաց, որ բյուջեն անձեռնմխելի է, կոռուպցիան բացառվում է: Մեր կառավարությունը 70-80 տոկոսով բավականին հարուստ մարդկանցից է կազմված, մեկ-երկու բացառությամբ` բոլոր նախարարները խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են: Նախագահի բանաձևը հավանաբար նշանակում է` ինչ-որ փուլում պետք է փորձել բյուջեին ձեռք չտալ, այլ հարց է, որ լուրջ վարչական լծակներ ունենալով` փորձեն իրենց բիզնեսը էլ ավելի զարգացնել: Այդ տիրույթում էր և Հովիկ Աբրահամյանի հանդիպումը 100 խոշոր բիզնեսմենների հետ, որտեղ խաղի նոր կանոնները հայտարարվեցին ու ժամկետներ նշվեցին:
-ԵՄ-ն նախկին ծավալներով Հայաստանին չի ֆինանսավորի, մի քանի դրամաշնորհ լինի-չլինի, ՌԴ-ն հնարավորություն չունի` պատժամիջոցների, տնտեսության ռեցեսիայի պատճառով, Հայաստանն ինքն իր հետ մենակ է մնացել ու ինքն իրեն պիտի պահի՞։
-Ներքին հարցերը լուծելու տարբերակ է, որի պատճառը, բացի ներքին խնդիրներից, նաև արտաքին խնդիրներն են, այն պայմանները, որ ստեղծված են տարածաշրջանում ու աշխարհում: Բացի բյուջեի հավաքագրումից, կա նաև բյուջեի դեֆիցիտ, որը լրացվում է դրամաշնորհներով կամ վարկերով: Թերևս, վերլուծությունները բերել են այն եզրակացության, որ աստիճանաբար արտաքին ռեսուրսները նվազելու են, արդեն նվազել են: Հայաստանի տնտեսությունը պետք է մոբիլիզացիոն մոդելի անցնի, պետք է բարձրացվի կատարողական կարգապահությունը, մեծանան բյուջեի մուտքերը` դուրս բերելով ստվերից: Մինչև հուլիսի 1-ը տրված ժամկետում նաև անհատական աշխատանք է կատարվելու, յուրաքանչյուրի հետ կոնկրետ պայմանավորվելու են` ով ինչքան է ավելացնելու: Մեր երկրում գրեթե պաշտոնապես նշվում է, որ տնտեսության 40 տոկոսը ստվերում է, այսինքն` բոլորը գիտեն ստվերի տեղը: Խնդիրը ստվերը հնարավորինս կրճատելն է: Բոլոր խոշոր գործատուները գոյատևում են այդ համակարգում և իրենց հասկացրել են, որ եթե համառեն, համակարգը կփլուզվի, և բոլորն էլ փլատակների տակ կմնան:
-Երկու ներհակ խնդիրներ են ծագում: Առաջին` կփոխվի՞ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը: Երկրորդ` իսկ եթե գործարարները որոշեն իրենց կապիտալը երկրից հանե՞լ:
-Վտանգ կա, բայց նման ֆինանսական հոսքեր շատերը կարող են ունենալ թերևս միայն մեզ մոտ գործող օլիգարխիկ համակարգում: Մինչև կապիտալը երկրից հանելը, պիտի գտնեն` որտե՞ղ կարող են աշխատել:
-Շատերը դրսում արդեն ունեն իրենց բիզնեսն ու ներդրումները:
-Ինչ-որ անհատներ գուցե փորձեն, բայց հազիվ թե խաղի նոր կանոններն այնքան անտանելի լինեն բոլորի համար, որ կապիտալի զանգվածային արտահոսք լինի: Չեմ կարծում, թե խոշորագույն հարկատուների ցուցակը մեծ փոփոխություններ ունենա:
-Դեմքերը կփոխվե՞ն:
-Եթե չհամաձայնեն, նշանակում է` իշխանությունը համապետական քայլեր պիտի ձեռնարկի: Ես չեմ հավատում, որ լրջորեն ընդդիմացողներ կլինեն, մանավանդ հիմա մեծ PR է կազմակերպվել, որ նոր կառավարությունը նոր քաղաքականություն է վարում ստվերը կրճատելու համար: Ովքեր կուզեն մնալ ստվերում, նրանց դեմ կգործի և համապատասխան հասարակական կարծիքը:
-Չի՞ ստացվում, որ ակամայից իշխանությունն ինքն իր դեմ է դուրս գալիս:
-Հարկադրված, որովհետև վիճակը բավականին բարդ է: Մեր իշխանությունները տասնամյակներ շարունակ չեն պատրաստվել այս իրավիճակին, երկրի նկատմամբ եղել է սպառողական վերաբերմունք, հիմա այն պահն է, որ երկիրը պետք է իր հաշվին ապրի: Աշխարհաքաղաքական պորտաբույծի կարգավիճակն այլևս անհնար է` ոչ ոք չի ուզում Հայաստանում ներդրումներ անել, ոչ ոք չի ուզում տնտեսությունը վարկավորել, բոլորը հասկանում են, որ գումարը նպատակին չի հասնում: Այս կառավարությունն այժմ հայտարարություններ է անում` ծրագրի թիրախը մարդն է, կանգնում ենք գործարարի կողքին և այլն, պաթետիկ, պոպուլիստական ձևակերպումներ, որ գեղեցիկ են գուցե, բայց կոնկրետ մեխանիզմներ գրեթե չեն նշվում այդ հայտարարությունները կյանքի կոչելու համար: Ինչպե՞ս են աշխատատեղեր ստեղծվելու, որ մարդիկ չշարունակեն երկրից հեռանալ: Իշխանությունը ստիպված է մոբիլիզացնել ներքին օլիգարխիկ ռեսուրսները, որովհետև արդեն տեսնում են, որ ՌԴ-ում պատժամիջոցների պատճառով կրճատվում են տրանսֆերտները: Երբ տրանսֆերտները կտրվում են, Հայաստանում սկսվում է ֆինանսատնտեսական ճգնաժամ:
-Ինչո՞վ եք բացատրում, որ լինելով Հայաստանի պոտենցիալ, բայց ոչ իրական թիվ 1 հարկատուն` Գագիկ Ծառուկյանը վարչապետի առաջարկներին տվեց ոչ տնտեսական, այլ քաղաքական պատասխան` երկրորդ անգամ «Կենտրոնի» եթերից հաստատելով, որ հաղթանակն անցնելու է Իսակովի պողոտայով:
-Այն պահից, երբ որևէ խոշոր հարկատու հրապարակավ խոստանա այսուհետ հարկեր վճարել, վերածվում է քրեական հանցագործի: Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ի ստեղծման պահից, լինելով ԲՀԿ նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, պետք է քաղաքական պատասխան տար, ոչ թե որպես գործարար հանդես գար: Քաղաքական բառապաշար օգտագործելով ավելի հեշտ է տնտեսական հարցերին պատասխանելը:
-Քաղաքական բառապաշարը չի՞ արժեզրկվում:
-Քաղաքական բառապաշարը Հայաստանում շատ վաղուց է արժեզրկված: Նույն Հովիկ Աբրահամյանն ասում էր, որ քաղաքական գործչին խելք պետք չէ: Մեր քաղաքական գործիչներն այն են, ինչ կան:
-Ինչո՞ւ անդուլ քննադատելով` ԲՀԿ-ն սպասում է հերթական ընտրություններին, ինչո՞ւ չեն նախաձեռնում արտահերթ գործընթաց այդքան քննադատվող իրավիճակը փոխելու համար: Ի վերջո, երբ Գագիկ Ծառուկյանն ասում է ԲՀԿ, իրե՞ն է պատկերացնում: Բոլոր ծրագրային ելույթներում շեշտելը, որ ցանկացած պահի ինքը կարող է հեռանալ, նշանակում է, որ ինքը կհեռանա, Ռոբերտ Քոչարյա՞նը կգա:
-Երբ չկան հերթական ընտրություններ, իսկ դու ուզում ես փոփոխություն, պետք է կամ արտահերթ ընտրություններ սկսելու ուժ ունենաս, կամ փողոց դուրս գաս, սկսելով հեղափոխական գործընթացներ: ԲՀԿ-ն մինչև այսօր իրեն նույնիսկ ընդդիմադիր չի հայտարարել, այլընտրանքը, կարծում եմ, աբսուրդ է քաղաքագիտության տեսակետից: Մի ուժ, որ իրեն նույնիսկ ընդդիմադիր չի համարում, ինչպե՞ս պահանջես, որ փողոց դուրս գա: Ես դժվար եմ պատկերացնում ամենախոշոր օլիգարխներից մեկին փողոց դուրս եկած ընդդիմության առաջնորդ, որ իշխանության դեմ գործողություններ է ձեռնարկում, բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնում:
-Փաստացի Գագիկ Ծառուկյանն իրեն չի պատկերացնում իր քաղաքական ուժի իրական ղեկավար: Այդ ղեկավարը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, կարող է լինել դրսից: Բրյուսելում նա ծանրակշիռ ու վճռական քաղաքական գործչի ընկալում չգտավ, մնաց Մոսկվան: Այդպե՞ս է:
-Գագիկ Ծառուկյանն իրեն այլընտրանք էր համարում, ու մեծ հույսեր էին նրա հետ կապվում նախագահական ընտրություններում, բայց նա չառաջադրվեց: Կտրուկ հայտարարություններ բազմիցս լսել ենք, պաթետիկ` նույնպես, բայց վճռորոշ պահին խոսքը գործ չի եղել: Այս անգամ նա հայտարարեց, որ համապետական ընտրություններին ինքնուրույն մասնակցելու են: 2017-2018-ին իրավիճակն այլ է լինելու 2012-2013-ի համեմատությամբ: Ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության փուլը, տրամաբանական է, որ թե՛ այլընտրանքը, թե՛ ոչիշխանությունը սեփական թեկնածուներով ընտրություններին մասնակցեն: Դժվար է ասել` այդ ժամանակ ո՞վ կլինի այլընտրանքի թեկնածուն` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը: Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էլ հովհարային է` մեկ կա, մեկ չկա: Նրա առաջադրվել-չառաջադրվելը հիմնականում կախված է նաև Ռուսաստանից, բայց այնտեղ առայժմ հստակություն չկա, այդ պատճառով էլ նա մեկ ակտիվ է, մեկ պասիվանում է: Բոլորս էլ լավ գիտենք, որ նա մեծ ազդեցություն ունի թե՛ ԲՀԿ-ի վրա, թե՛ նույնիսկ ՀՀԿ-ի մի որոշակի մասի: Սովորաբար իշխանության կուսակցությունն ու բիզնեսը արագ են որսում քամու փոփոխությունը, և Սերժ Սարգսյանը շատ արագ կարող է կորցնել իր թվացյալ հենարանը: Ես դժվարանում եմ ասել, թե Ռոբերտ Քոչարյանը 2017-ին կամ 2018-ին ինչ դերակատարություն կունենա, որովհետև առայսօր ոչինչ պարզ չէ Ռուսաստանում: Առաջիկայում Ռուսաստանը բոլորովին այլ խնդիրներ է լուծելու և իրեն առայժմ լիովին բավարարում է Սերժ Սարգսյանի տարբերակը:
-Հովիկ Աբրահամյանը մինչև վարչապետությունը չէր որոշակիացնում` ինքը գործում է Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի դաշտում, գերադասելով կապող օղակի դերը: Վարչապետ դառնալով նա կապող օղակ լինելուց չի՞ դադարում ու դեպի նախագահություն գնալու հայտ չի՞ ներկայացնում:
-Հովիկ Աբրահամյանը իշխանության կոնֆիգուրացիայում, անկասկած, Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությամբ` կատարում էր այդ դերը, ես քեզ հետ եմ, բայց կարող եմ, լինելով քոնը, կամուրջ լինել Գագիկ Ծառուկյանի հետ էլ, ու մասամբ նաև Ռոբերտ Քոչարյանի էլ:
-Բայց Գագիկ Ծառուկյանի մասով այլևս կամուրջը փլվեց:
-Ինչո՞ւ, լավ էլ գործում է:
-ԲՀԿ-ն կոալիցիա կազմե՞ց:
-Կարծում եմ` այդ խնդիրը կոշտ դրված չէր, կարևոր պահերին Հովիկ Աբրահամյանն իր դերը կատարել է` նույն 2013-ին, 2012-ին, երբ ՀՀԿ-ն լուրջ հաղթանակ տարավ ԲՀԿ-ի նկատմամբ: ԲՀԿ-ն դժգոհելով հանդերձ հետընտրական ոչ մի գործընթաց չձեռնարկեց: Այդ կամուրջը հիմա էլ կա. Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ ընտրության քվեարկությունը` վերջին ապացույց: ԲՀԿ-ի համար հիմա իրոք դժվար է, որովհետև և պետք է իր պարտավորությունները կատարի` կառավարության ձևավորման փուլում իշխանության հետ կայացած պայմանավորվածությունները պահի, և իմիջային կորուստներ չունենա: Առայժմ ԲՀԿ-ի ամենաընդդիմադիր քայլը ինչ-որ քվեարկություն բոյկոտելն է եղել: Ես կարծում եմ` Հովիկ Աբրահամյանը, այո՛, նախագահական հայտ ներկայացնում է, բայց նա մեծ ռիսկի է գնում: Եթե արտահերթ սցենարներ չկան, որոնք կարող են առաջանալ Սահմանադրության փոփոխությունների հետևանքով, Հայաստանում վարչապետը լավագույն թիրախն է բոլոր ձախողումների համար քավության նոխազ դառնալու: Երկու տարում ինչ ասես կարող է լինել, և փաստ չէ, որ մեկ կամ երկու տարի հետո Հովիկ Աբրահամյանը գոնե այսօրվա վարկանիշը կպահպանի: Այն տպավորությունն է, որ նրան ասել են` գնա, աշխատիր, հետո կերևա, տակից դուրս կգաս` կխոսենք: Շատ բնական է, որ գործող վարչապետը նախագահական ընտրությունների նախօրեին նախագահական հավակնություններ ունենա: Մանավանդ էլիտաները իր թեկնածության վերաբերյալ կարող են պայմանավորվել` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի…
-Ռոբերտ Քոչարյանը կների՞ իրեն կանխելը:
-Իր հարցազրույցում նա Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատեց և լինելով առավել քան պրագմատիկ` կարող է հաշվարկել ու համաձայնել: Հավակնություններ Հովիկ Աբրահամյանը կարող է ունենալ, բայց մեծ հարց է` էլիտաները ինչպե՞ս կգնահատեն նրան համապատասխան պահին:
-Թերևս` լավ, որովհետև նա երաշխիքներ կտա, որ իրենց համար էլ լավ կլինի:
-Եթե Հովիկ Աբրահամյանին նշանակեին վարչապետ 2016-ին, միանշանակ կասեի, որ սկսվում է «Ժառանգորդ» օպերացիան: Հիմա ես վստահ չեմ, որովհետև ոչ միայն ժամկետն է երկար, այլև մեկնարկային իրավիճակն է ծանր: Հիմա նա զբաղված է պոպուլիստական քայլերով` փորձելով որոշակի հասարակական աջակցություն ստանալ, ցույց տալու, որ ինքը գործի մարդ է, եկել է փոփոխություններ անելու` ի տարբերություն նախորդի: Եղած ռեսուրսները կարող ես քամել, բայց դրանք էլ կվերջանան, մի 10 տոկոս կարող ես ստվերից հանել, բայց եթե տնտեսություն չես զարգացնում, դա իրավիճակ չի փոխի:
-Ճգնաժամային կառավարումը ենթադրում է ելքեր, որ նախկինում չեն էլ քննարկվել: Հնարավո՞ր է, որ ճգնաժամային կառավարման մեջ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնի մեծ արդյունաբերության վերականգնումը:
-Ցանկություն կարող է ունենալ, բայց դա հսկայական ներդրումներ է պահանջում` պետությունը նման ծրագրերում համաֆինանսավորող է, հնարավոր է ելքեր գտնել, բայց առայժմ ներկայացված ծրագրերում նման մտադրություններ համարյա չկան կամ շատ թույլ են արտահայտված: Մեծ արդյունաբերություն ստեղծելու խնդիր Հովիկ Աբրահամյանը չի բարձրացնում, նա փորձում է հիմա առկա ռեսուրսներն արդյունավետ կառավարել, իսկ մեր երկիրը` առանց վերևից հեղափոխական համակարգային փոփոխությունների տնտեսության մեջ, դժվար որևէ հաջողության հասնի:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ