Ազգային ժողովն այս շաբաթ բուռն քննարկեց կառավարության ծրագիրը։ Հիմնական ընդդիմախոսը ՀԱԿ խմբակցությունն էր, բացառությամբ՝ Հրանտ Բագրատյանի։ ՀԱԿ-ը վերստին հիշեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ նրա հետ համագործակցության եզրեր չունի։ Քառյակի մյուս ուժերը բավականին մեղմ էին իրենց բնութագրումներում։ Ակնհայտ էր, որ նոր կառավարությանը, ավելի ստույգ, Հովիկ Աբրահամյանին դեմ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցությունը։
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
(ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ)
-Ինչո՞ւ քառյակից միայն ՀԱԿ-ն էր (Բագրատյանին հանած) սուր քննադատում Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությունը։ Գուցե նրան հաջողվե՞լ է Ձեր գործընկերների հետ համագործակցության եզրեր գտնել, իսկ ՀԱԿ-ի հետ՝ ո՞չ։
-Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, որովհետև խոսքը վերաբերում է մեր գործընկերներին, որոնք տարբեր մոտեցումներ ունեն։ Նրանք պատճառաբանում են դա նրանով, որ պետք է նորանշանակ վարչապետին ժամանակ տալ։ Մեր մոտեցումն այլ է։ Եթե համակարգը պահպանվել է, ինչին մենք մեկ վայրկյան չենք կասկածում, եթե կառավարության կազմում են մարդիկ, ովքեր միշտ հայտնի են եղել իրենց կոռուպցիոն գործունեությամբ, լայնամասշտաբ բիզնես-ծրագրերով, հարկային դաշտից խուսափելու իրենց սովորությամբ, ստացվում է՝ իրավախախտները խրախուսվում են և կառավարություն բերվում։ Այս պարագայում ինչպե՞ս վստահել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Չենք անձնավորում, գուցե Հովիկ Աբրահամյանն ազնիվ մղումներ ունի, բայց եթե այդ կազմն է աշխատելու, իսկ համակարգը պահպանվելու է, այդ մղումներն ի չիք են դառնալու։ Մեթոդները չեն փոխվել։ Ես նաև հարց տալու իրավունքի ժամանակ ասացի նրան, որ եթե նախորդ կառավարության գործունեության սխալները չեք վերլուծել և գնահատականներ չեք տվել, ստացվում է՝ կարելի է գալ, զբաղվել ալան-թալանով, քաղաքական ինչ-ինչ շահերից ելնելով՝ չբավարարել իշխանությանը ու հրաժարակա՞ն տալ։
-Վարչապետն իր ելույթում ասաց, թե ընդդիմադիրները չեն ցանկանում, որ ինքը հաջողի, ստացվում է, ընդդիմությունը դե՞մ է երկրի բարեկեցությանը, ըստ Հովիկ Աբրահամյանի։
-Անհիմն մեղադրանքներ են, որովհետև չկան այնպիսի ընդդիմադիր պատգամավորներ, որոնք այս երկրի բարօրությունը չեն ուզում։ Մեր աշխատանքները միտված չեն ինչ-որ մեկի ծրագրերը ձախողելուն։ Մենք շատ ուրախ կլինենք, որ գեղեցիկ արտահայտություններով ձևակերպված ծրագիրը կյանքի կոչվի, մեր ժողովուրդը մի քիչ ազատ շնչի, արտագաղթը դադարի և այլն։ Բայց մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում, ու հասկանում, որ կառավարությունում ոչ թե տնտեսական թիմ է հավաքվել, այլ մարդիկ են, որոնք ամուր պահելու են այս իշխանությունը, որովհետև ունեն բիզնես շահեր։ Եթե նորից անդրադառնանք Գագիկ Խաչատրյանին, բիզնես շահերն ակնհայտ են դառնում։ Ինչպե՞ս կարելի է նախկին ՊԵԿ-ի նախագահին նշանակել ֆինանսների նախարար, այսինքն՝ երկրի ֆինանսների և՛ մուտքերը, և՛ ելքերը տնօրինողը մեկ մարդ է դառնում։ Էլ ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել։ Այսուհանդերձ, ինչպե՞ս կարելի է անգամ մեղմ ձևակերպումով մեղադրանք ներկայացնել ընդդիմությանը, որը 15 և ավելի տարիներ պայքարում է, որ մեր երկրում օրինականություն և սահմանադրական կարգ հաստատվեն։
-Այս կառավարության հիմնական խոցելի կողմը, ինչպես նշեցիք, օլիգարխների կառավարություն լինելն է։ Միայն սա՞ է կառավարությանը չվստահելու պատճառը, թե՞ այլ հիմքեր էլ կան։
-Հիմնականներից մեկը դա է, բայց ոչ միայն դա։ Բայց երբ օլիգարխն իշխանությունում է, այսինքն, բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են, բնական է, ոչ մի բարեփոխում հնարավոր չէ իրականացնել, որովհետև նրանք սպասարկելու են սեփական շահերը։ Այլ կերպ չի լինելու, որովհետև դա ձևավորված համակարգ է։ Նրանք իշխանության են ձգտում իրենց ունեցածը պահպանելու և բազմապատկելու համար։ Կան այլ հարցեր էլ, որոնք ածանցյալ են այս հիմնական գործոնին։ Նախորդ կառավարությունից փոխանցված ամենաթողությունը դեռևս շարունակվում է։
-Նոր կառավարության ծրագիրը հիմնականում կրկնում է նախորդին։
-Այլ բան չէր էլ ակնկալվում, որովհետև դա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է։ Գեղեցիկ ձևակերպումներով չէ, որ այն պետք է վստահություն ներշնչի։ Բազմաթիվ գեղեցիկ ծրագրեր ենք տեսել, բայց 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն հազիվ հասցրել ենք 3,2-ի։
-Բայց մի հարցում Հովիկ Աբրահամյանը հաստատ հաջողում է՝ կարողանում է պառակտել ընդդիմադիր դաշտը։ Քառյակի օրինակով պիտի ասել, որ վերջինիս ձախողումը նրան է վերագրվում։
-Չեմ ցանկանում մտածել, որ քառյակի գործունեությունը կասեցված է։ Հակառակը, կրկին նիստեր են տեղի ունենում, համատեղ ծրագրեր են մշակվում։ Հույս ունեմ, որ քառյակի մեր գործընկերները մինչև վերջ սկզբունքային կմնան, իսկ մեր համատեղ աշխատանքն էլ որոշակի արդյունք կտա։
-Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանն ունի ընդդիմադիր գործիչներին «գնելու» փայլուն ունակություն։ Փաստորեն, ՀԱԿ-ը չի ուզում «վաճառվել»։
-Չէի ցանկանա այդպիսի ձևակերպում տալ և կասկածել որևէ խմբակցության անդամի։ Մեր առումով պիտի ասեմ՝ մեզ հետ նման գործարքի մեջ մտնելն անիմաստ է։ Կարծում եմ, նրա շատ լավ հասկանում են դա մեր հստակ դիրքորոշումից։ Ավելին, նրանց նույնիսկ այդպիսի հնարավորություն չի տրվել։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ