Աստանայում Նուրսուլթան Նազարբաևի բերանով Իլհամ Ալիևի նամակի ընթերցումից հետո ՀՀ իշխանության բոլոր օղակներից հայտարարություններ են հնչում, թե հնարավոր չէ, որ մաքսակետ դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև: Ով չի «ծուլանում»՝ սեփական կարծիքն է ներկայացնում հանրությանը որպես վերջնական ճշմարտություն: Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանն անմիջապես չարձագանքեց դրան, և ինչ կարգավիճակ է ունենալու (եթե ունենալու է) ՄՄ-ում Ղարաբաղը, Հայաստանում տեղյակ են հատուկենտ անձինք:
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նեղ միջավայրում անկեղծացել է, թե այդ մասին կա հստակ պայմանավորվածություն ՌԴ ղեկավարի և Հայաստանի նախագահի միջև, ինչի առնչությամբ ոչ մի տեղեկություն ՀՀ իշխանության ներկայացուցիչները չունեն: Այսօր Սերժ Սարգսյանի քայլերի տրամաբանությունը պետք է դիտարկել այդ տեսանկյունից: Այնպես որ, տարբեր պաշտոնյաների հավաստիացումները Ղարաբաղի առնչությամբ ոչ մի արժեք չունեն, քանի որ դրանք զուտ անձնական կարծիք են՝ զուրկ որևէ հիմքից:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմանավորվածություն կա երկու երկրների նախագահների միջև, երեկվա իրադարձություններից (շփման գծում երկու զինծառայող է զոհվել) ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմական առումով բավականին ակտիվացել է, այլ խոսքով, նրա բոլոր գործողությունների առջև «կանաչ լույս» է վառվել: Այս ամենին Հայաստանը ոչ միայն համարժեք չի պատասխանում, այլև միջազգային բոլոր «խաղերից» իրեն դուրս է դրել:
Հետաքրքիր է, այդ ինչ պայմանավորվածություն է եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, որ միայն մենք ենք վնասներ կրում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ