Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետն այցելեց Մայր բուհ

Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետն այցելեց Մայր բուհ
14.10.2014 | 12:22

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հետ:

Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին ուղեկցում էին Տրիպոլիի և Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբան, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհը, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ Խուրին, Հայր Կարլոս Բաբին և Հայր Ջոզեֆ Բալին:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Մայր բուհ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար: «Ողջունում եմ Նորին Սրբությանը, մաղթում առողջություն, երկար տարիների կյանք և տոկունություն իր շատ դժվարին, սակայն շատ պատվաբեր և անհրաժեշտ ծառայության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց նաև Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի կենսագրական որոշ տվյալներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետն ուրախությամբ ընդգծեց, որ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է, և ուրախ է, որ այն կատարել է հենց Հայաստան, քանի որ տարիներ շարունակ վայելել է հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու բարեկամությունն ու աջակցությունը:
Այնուհետև անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում տևական ճգնաժամի և ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրադրությանը՝ Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետը նշեց, որ այդ իրավիճակը որպես սեփական ցավ է ընդունվում ինչպես հայ, այնպես էլ ասորի ժողովուրդների կողմից: «Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է: Ցավով պետք է նշեմ, որ այսօր Սիրիայի հայկական և ասորական համայնքներն այդ երկրի ժողովրդի հետ շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը։
Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետը նշեց նաև, որ հայ և ասորի քույր եկեղեցիները հիմնված են միևնույն քրիստոսաբանության ու սրբազան ավանդության վրա և դարեր շարունակ գործել են կողք կողքի՝ իրենց նպաստը բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:
Ելույթից հետո համալսարանականները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին, ինչից հետո Արամ Սիմոնյանն Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետին հանձնեց ԵՊՀ հուշամեդալ, հայ նկարիչ Շմավոն Շմավոյանի գործերի ալբոմը և այլ հուշանվերներ:
Հավելենք, որ եռօրյա այցի շրջանակներում Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը և պատվիրակության մյուս անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ