Մարդը չի տեսնում իր ստվերը: Ինձ կառարկեն, որ բավական է հետ նայել, ու ցանկացած մարդ կտեսնի իր ստվերը, եթե, իհարկե, կեսօր չէ: Հայաստանում պաշտոնական մակարդակով ապացուցված է, որ արևը միշտ զենիթում է: Համենայն դեպս, Հանրապետության հրապարակում:
Հրապարակվել է 2014-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2014-ին պետական բյուջե հարկային մուտքերը 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ են՝ նախորդ տարվա համեմատ աճել են 6,2 տոկոսով: Խոշոր 20 հարկատուները 2014-ին պետբյուջե են վճարել 239,7 միլիարդ դրամի հարկեր՝ 2013-ի 238,2 միլիարդ դրամի փոխարեն: Այսինքն՝ ավելացրել են իրենց հարկերը 0,6 տոկոսով: Եթե համեմատեք առաջին ու վերջին քսանյակը, կտեսնեք, որ 1000 հարկատուների ցանկի վերջին 20 հարկատուները 2014-ին վճարել են 2 միլիարդ 109 միլիոն դրամի հարկ՝ 2013 թվականի 1 միլիարդ 977 միլիոն դրամի դիմաց: Այսինքն՝ ավելացրել են իրենց հարկերը 6,6 տոկոսով: Համեմատեք 0,6-ը և 6,6-ը. թվաբանություն չիմացողն էլ կհասկանա՝ որքան խոշոր է հարկատուն, այնքան քիչ է վճարում, որքան փոքր է, այնքան շատ: Դուք դեռ ստվե՞ր եք որոնում: Մի որոնեք, վարչապետն արդեն գտել է՝ փոքր ու միջին բիզնեսում, ոչ միայն գտել է, որոշել է նրանց կյանքը թեթևացնել՝ շրջանառության հարկը նվազեցնելով: Բայց նրան չհասկացան: Օրենքն ընդունվեց, ձեռնարկատերերն ընդվզեցին, օրենքի կիրարկումը հետաձգվեց մինչև փետրվար, ձեռնարկատերերը նորից ընդվզեցին, օրենքի կիրարկումը հետաձգվեց մինչև հուլիս: Շարունակությունն ասե՞մ: Վարչապետը ամբողջ ընթացքում խոշորացույցով որոնում է ստվեր: Նա պաշտոնավարության առաջին օրից է խոստացել՝ գտնելու է, պատժելու է, յուրայիններից է սկսելու ու… անզիջում է լինելու, միայն ժամանակ է պետք: Նախագահն էլ ամենալայն լիազորություններն է տվել՝ գնա, տես, հաղթիր: Կեսարի կարիերան, սակայն, չի ստացվում: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խոշոր հարկատուների ցուցակում 63-րդն է՝ վճարած 2 մլրդ 133 մլն դրամով, պետական համալսարանը՝ 66-րդը՝ 1 մլրդ 956 մլն դրամով: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատը 115-րդ տեղում է, «Արարատ ցեմենտը»՝ 110-րդ, «Կոտայք գարեջրի գործարանը»՝ 338-րդ: Եթե Երևանի պետական համալսարանը վճարել է 1 մլրդ 956 մլն դրամ հարկ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատը՝ 1 մլրդ 164 մլն դրամ: «Օրիֆլեյմ» ընկերությունը խոշոր հարկատուների 100-յակում 96-րդ տեղում է, վճարել է 1 մլրդ 340 մլն դրամ: Գազալցակայանների ոլորտում գործող «Մուլտի լեոնը» և «Մուլտի գազը» 324-րդ և 586-րդ տեղերում են, վճարել են 37 մլն և 18 մլն դրամ: Կասեք՝ Գագիկ Ծառուկյանն այլևս Հովիկ Աբրահամյանի համար յուրային չէ՞, ու նա չէր կարող Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից սկսել ստվերի դեմ պայքարը՝ նրանց հարկային դաշտ բերելով: Լավ, յուրային չէ, ՀՀ քաղաքացի՞ է, Հայաստանո՞ւմ է բիզնես գործունեություն ծավալում, ինչո՞ւ չի հայտնվում հարկային մարմինների ուշադրության դաշտում: Ասենք, ինչպես Հակոբ Հակոբյանը: Կինո չի՞ նկարել: Լավ, կինո չի նկարել՝ չի նկարել, ո՞ւմ համար է գաղտնիք, որ թատրոնը` «Շրջանառության հարկի» անվան տակ, նաև նա է բեմադրել: Թե՞ ինչպես Ազգային ժողովում է անհայտ կորած պատգամավոր, այնպես էլ ՀՀ օրենքների ու ՀՀ պետական գանձարանի համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- ՈՒ ի՞նչ: Չէ՛, ոչինչ, կարևորը, որ նա մեր կողքին է ու հասարակությունից գրպանած միլիարդները, որ այդպես էլ պետական բյուջե չեն մտնում հարկերի տեսքով, տեղ-տեղ իբրև բարեգործություն վերադարձնում է երբեմն հազարների, երբեմն միլիոնների տեսքով: Հայաստանում միշտ ժամը 12-ն է, ստվեր չկա ու չի լինելու: Ժամացույց նվիրեք Հովիկ Աբրահամյանին: ՈՒ ոչ միայն նրան: