Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունները՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունները՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
09.02.2015 | 16:31

Փետրվարի 19-ից «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը: Նախնական տեղեկություններով՝ հանդիսատեսի դատին կհանձնվի նաև Գարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» հոգեբանական թրիլլերը: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը։

«1915»-ի երաժշտությունը մշակել է Սերժ Թանկյանը: Գարին Հովհաննիսյանը նշել է, որ «1915»-ը կլինի ավելին, քան ֆիլմ, «1915»-ն իրենք նկարահանել են ոչ միայն իբրև գեղարվեստական գործ, այլև որպես հակահարված ընդդեմ շարունակական լռության, անտարբերության և ժխտողականության, որոնք սնել են ցեղասպանության մի ամբողջ դարաշրջան:
Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը հակասական տրամադրությունների առիթ է տվել: Թվում է, թե բարձրացվում է ցեղասպանության թեման, իրականում, ինչպես և ռեժիսորն է նշում, այս պատմությունը մնում է ցեղասպանության հետնաբեմում: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է օրեր առաջ: Հանդիսատեսի լայն շրջանակի համար ցուցադրվելու է առաջին անգամ:
Հավելենք, որ փետրվարի 10-ին նախատեսվում էր նաև Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես և ենթադրվում էր, նախկին պատգամավորի ձերբակալությունից հետո ֆիլմի պրեմիերան հետաձգվեց: Կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը նշեց, որ դա իրենցից չի կախված, անգամ չի կարող ասել` առհասարակ կցուցադրվի՞ «Հիշողությունը», թե՞ ոչ:
«Ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկն ու դժգոհությունն իրենց հերթին չե՞ն խոչընդոտի հետագա ցուցադրությանը» հարցին անդրադառնալով՝ ասաց, որ, որպես այդպիսին, ֆիլմը մեծ էկրան դեռ չի բարձրացել․ «Մեզ համար կարևոր է մասնագիտական քննադատությունը, բայց կինոթատրոնը նաև կառույց է, որը հնարավորություն է տալիս կինոարտադրողին իր աշխատանքը ներկայացնելու հանդիսատեսին: Բնականաբար, արձագանքները շատ տարբեր են լինում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ