Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Շատ կարևոր է մարդկանց գիտակցությանը հասցնել, որ ջուրը ևս արժեք է»

«Շատ կարևոր է մարդկանց գիտակցությանը հասցնել, որ ջուրը ևս արժեք է»
28.04.2015 | 00:03

Բնապահպանական խնդիրները գնալով աշխարհում ավելի ու ավելի են խորանում: Եվ որքան արագանում է տեխնիկական առաջընթացը, այնքան մեծանում են բնապահպանական խնդիրները: Եվ քանի որ Հայաստանը երկրագնդից դուրս չէ, ուրեմն նույնպես զերծ չէ բնապահպանական մարտահրավերներից: Եվ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում պատկան մարմինները կոչված են լուծելու առկա խնդիրները: Նաև փաստենք՝ արդեն մեկ տարի է, ինչ բնապահպանության նախարարի պորտֆելը ստանձնել է ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: «Իրատես»-ը փորձեց պարզել, թե ինչ ձեռքբերումներ են գրանցվել այս ժամանակահատվածում:

-Կարծում եմ, ամբողջական աշխատանքներն ամփոփելու համար վաղ է, սակայն կարող եմ ասել՝ որոշակի ձեռքբերումներ ունենք,- նշեց պարոն նախարարը։- Այս պաշտոնը ստանձնելիս ՀՀ նախագահի կողմից հստակ հանձնարարական տրվեց՝ Արարատի մարզում ապահովել ջրի խնայողություն և ջրերի ապօրինի օգտագործման կասեցում: Սա առաջին հերթին ընդգրկում է ձկնաբուծությունն օրինական դաշտ բերելու անհրաժեշտությունը: Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը բնապահպանական ոլորտում գերակա խնդիր է և ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ նախագահի առաջադրանքը, կարծում եմ, կարողացանք կատարել: Իրականացված աշխատանքների արդյունքում կատարվել է տարեկան շուրջ 1 մլրդ 300 մլն խմ ջրի խնայողություն: Սա այն ծավալն է, որը թույլ կտա Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարի կանոնավոր վերականգնում և ջրային հորիզոնի բարձրացում: Կատարված աշխատանքի արդյունքը տեսանելի է ոչ միայն բնապահպանության նախարարության աշխատակիցներին, այլև տարածաշրջանի բնակչությանը, ձկնաբույծներին և ջրօգտագործողների ընկերություններին: Ի դեպ, դրական տեղաշարժ և ըստ այդմ դրական արձագանքներ ջրային հորիզոնի բարձրացման վերաբերյալ արդեն իսկ կան: Օրինակ` Ակնալճում ջրի մակարդակն ավելացել է 70 սմ-ով, Կապույտ լճում` 50 սմ-ով, տարբեր բնակավայրերի հորերում` 10-40 սմ-ով: Այսօր հստակ կարող ենք ասել, որ ունենք ստորջրյա հորիզոնի բարձրացում` միջինը 12 սմ-ով: Կատարված աշխատանքներից հետո մենք պարբերաբար իրականացնում ենք վերահսկողություն և մշտադիտարկումներ: Եվ եթե նախկինում ձկնաբույծները թերահավատորեն էին տրամադրված այս գործընթացի նկատմամբ, այսօր անձամբ են փաստում, որ իրենց համար ՋՕԸ-ի կողմից հատկացվող ջրի քանակը տեսանելի է և բավարար:
-Իսկ ջրաքանակի ավելացման դեպքում ինչպե՞ս է իրականացվում կարգավորման գործընթացը:
-Ձկնաբուծական տնտեսություններում ստուգումներ պետք է իրականացնենք յուրաքանչյուր ամիս` ջրի ավելցուկի դեպքում գերածախսից զերծ մնալու համար: Այդ նպատակով մեր աշխատակիցները տեղերում չափումներ են իրականացնում և փաստացի օգտագործվող ջուրը համապատասխանեցնում ջրի թույլտվության (ՋԹ) սահմանված չափերին: Ի դեպ, առաջացած իրավիճակը մեզ թելադրեց, որ ՀՀ կառավարությունն ընդուներ սակավաջրության մասին որոշումը, որի արդյունքում ձկնաբույծներին, ջուր օգտագործողներին ծանուցում ուղարկվեց ՋԹ-ները վերանայելու և նոր ՋԹ տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում նվազեց ՋԹ-ի չափը, սահմանվեց հստակ չափ: Վերոնշյալ միջոցառումների արդյունքում այսօր փաստացի խնայվել է 1 մլրդ 9 մլն խմ ջուր: Սա հնարավորություն կտա խուսափելու սակավաջրությունից:
-Ինչ խոսք, խնդրի կարգավորումը վաղուց պահանջված անհրաժեշտություն է, բայց, անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես եք այն լուծել, քանի որ հատկապես Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվում են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և օլիգարխիկ պատգամավորներ: Խնդիրը կարգավորելու ընթացքում չի բացառվում, որ ստացած լինեք բարեկամա-խնամիական զանգեր ջրի քանակն ավելացնելու համար:
-Իհարկե, եղան դժվարություններ, լուրջ խնդիրներ առաջացան, մեր հասցեին շատ բողոքներ հնչեցին, սակայն մեզ հաջողվեց փոխել մարդկանց մտածողությունը: Ճիշտ է, դրա համար պահանջվեց լուրջ աշխատանք: Ի վերջո, մենք կարողացանք ապացուցել ձկնաբույծներին, որ այսօրվա մեր քաղաքականությունը կարևոր է թե՛ իրենց՝ ձկնաբույծների, թե՛ բնապահպանության և թե՛ գյուղատնտեսության ոլորտների զարգացման համար: Շատ կարևոր է մարդկանց գիտակցությանը հասցնել, որ ջուրը ևս արժեք է և կենսական անհրաժեշտություն, որին պետք է խնայողաբար մոտենալ: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ջուրն անսպառ աղբյուր չէ: Այս համատեքստում արդեն ազգական-բարեկամ կապերը չեն կարող աշխատել: Եվ եթե մենք համահավասար մոտեցում չկիրառեինք բոլորի նկատմամբ, հաջողության չէինք հասնի: Այսօր բոլոր ջուրօգտագործողները գտնվում են օրենքի դաշտում, և ՋԹ-ներով սահմանված է ջրի օգտագործման չափը: Ասեմ մեկ այլ բան ևս. նախկինում ՋՕԸ-ները ջուրն օգտագործում էին առանց սեզոնային սահմանափակումների: Մենք հասանք նրան, որ ջրի հորերը ձմռանը փականային ռեժիմի են բերվում, իսկ գարնանը ՋՕԸ-ի հայտերի հիման վրա, ըստ տարածքների, կրկին բացվում են` ոռոգման նպատակով: Այնպես որ, կարելի է արձանագրել, որ ջրային ոլորտում մենք ձեռքբերում ունենք: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ բնապահպանական այլ ոլորտներում կան որոշ խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել:
-Ո՞ր թերությունների մասին է խոսքը:
-Բացեր կան աղբահանության ոլորտում, ինչի մասին ահազանգում են և՛ քաղաքացիները, և՛ լրատվամիջոցները: Քանի որ այս ոլորտը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ է, մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք անցկացնում ՏԻՄ ղեկավարների հետ: Ինչ խոսք, որ ոլորտն ինքը բարդ է և ամբողջությամբ դեռևս կարգավորված չէ, փաստ է. ՀՀ-ում որևէ աղբավայր լիցենզավորված չէ: Ճիշտ է` որոշ տարածքներում կատարվում է աղբահանություն, տեսակավորվում է աղբը, և կարող ենք ասել, որ աշխատանքները նորմալ են ընթանում, սակայն միևնույն ժամանակ պետք է այս ոլորտն ամբողջությամբ բերվի օրինական դաշտ, և մարդիկ պետք է հասկանան, որ աղբահանությունը ևս բիզնես է: Այս ոլորտում մենք իրականացնում ենք տեսչական ստուգումներ և փորձում ենք հնարավորինս մարդկանց օգտակար լինել խորհրդատվությամբ, թե որն է իրենց պատասխանատվությունը օրենքի առջև: Հաջորդ կարևոր խնդիրը ձկնագողությունն է, որը նույնպես փորձում ենք կարգավորել: Օրենքով մեր տեսուչները չեն կարող ոչաշխատանքային և տոնական օրերին Սևանա լճում ստուգումներ անցկացնել: Այս բացը թույլ է տալիս որսագողերին օգտվել առիթից: Կարծում եմ՝ օրենսդրական այս բացը պետք է կարգավորել: Սրա հետ մեկտեղ ամենակարևորը մարդկանց մտածողության փոփոխությունն է: Մարդը պետք է հասկանա, որ չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա ինքը նստած է: Նրանք պետք է հասկանան, որ որսն արգելելու շրջանը բխում է իրենց իսկ շահերից: Մեր ցանկությունն է հնարավորինս մեծացնել Սևանա լճում ձկան պաշարները, որպեսզի մոտ ապագայում հնարավորություն ստեղծվի նաև արդյունաբերական որսի համար:
-Դուք՝ որպես նախարար, բնապահպանության ոլորտում ձևավորեցիք նախարար-ՀԿ-ներ համագործակցության ինստիտուտը: Այսօր ՀԿ-ները շատ են բողոքում ընդերք շահագործողներից, հատկապես նկատի ունենալով պոչամբարները: Ճիշտ է, հանքարդյունաբերության ոլորտը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ է, սակայն խնդիրն ուղղակիորեն առնչվում է բնապահպանությանը: Ի՞նչ եք անում բնությունը պահպանելու հարցում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համագործակցության արդյունքում:
-Հետաքրքիր հարց է: Առաջին հերթին յուրաքանչյուր ընդերքօգտագործող պետք է պարկեշտ լինի բնության, օրենքի և տարածքի բնակչության առջև: Այդ դեպքում շատ հարցեր կլուծվեն: Որոշ ընդերքօգտագործողների հանքավայրերի շահագործման նախագծեր, անցնելով բնապահպանական փորձաքննություն, ստանում են դրական եզրակացություն, սակայն շահագործման ընթացքում թույլ են տալիս նախագծային շեղումներ, ինչի պատճառով ունենում ենք բնապահպանական խնդիրներով լի իրավիճակներ: Այո, ինչպես ճիշտ նկատեցիք, հանքարդյունաբերությունը մեր նախարարության ենթակայության ներքո չէ, սակայն այս ոլորտում բնապահպանական մասով ևս մենք իրականացնում ենք տեսչական աշխատանքներ: Ըստ օրենքի` ընդերքօգտագործողները հանքավայրի շահագործման ընթացքում դրամագլխին գումարներ են հատկացնում հետագայում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար: Փաստերը վկայում են, որ որոշ ընդերքօգտագործողներ առանց այդ աշխատանքներն իրականացնելու ավարտել են իրենց գործունեությունը, լուծարվել, իսկ հանքերը մնացել են լքված: Այս խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ շահագործումից առաջ անհրաժեշտ գումարները չեն գանձվել: Խնդիրը լուծելու նպատակով նախարարությունն իրականացնում է օրենսդրական փոփոխություններ՝ եղած գումարների հաշվին լքված հանքերի ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու համար: Սա դեռևս փորձնական ծրագիր է, որն առաջին անգամ է իրականացվելու: Միևնույն ժամանակ գանձվում են բնօգտագործման վճարներ: Այս պահին մենք հետաքրքրված ենք, որպեսզի այդ բնօգտագործման վճարները տեղերում ուղղվեն բնապահպանական և տվյալ տարածքի բնակչության առողջապահական խնդիրների լուծմանը: Ի դեպ, այս հարցը կարևորում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա այո, ես կարևորում եմ նրանց աշխատանքը և մեծ հարգանք եմ տածում նրանց գործունեության նկատմամբ: Վերջիններս, տեսնելով չարաշահումներ, բարձրաձայնում են խնդիրը: Մենք մեր հերթին ականջալուր ենք լինում և փորձում հնարավորինս նվազեցնել դրանք: Որքան է մեզ հաջողվում՝ կյանքը ցույց կտա: Վստահ եմ` այս թիմային աշխատանքը հանրօգուտ արդյունք է ունենալու:
-Պարոն նախարար, չէ՞ որ հանքարդյունաբերողների հետ մինչև հանքի շահագործումը կնքվում է պայմանագիր: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու ռեկուլտիվացիոն աշխատանքներն ամրագրված չեն պայմանագրի մեջ, որը թույլ կտա մեր պետությանն իր լծակներով ստիպել գործարարին իրականացնել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:
-Խնդիրն այս է. այն հանքերը, որոնց մասին խոսում ենք, տարիներ առաջ լուծարվել են, և փաստացի դրանց շահագործողները չկան: Թողնել այդ հանքերը բաց բնապահպանական տեսանկյունից անթույլատրելի է: Իհարկե, սրանք բնապահպանական խնդիրներ են, և մենք ընդերքօգտագործողների հետ փորձում ենք ոչ միայն այս, այլև շատ այլ հարցեր քննարկել: Մեր պահանջն է, որ ընդերքօգտագործողները հաշվի առնեն տարածքի բնապահպանական և բնակչության շահերը: Դրա համար նրանք պետք է փորձեն բնությանը հասցվող վնասը հասցնել նվազագույնի, փոխհատուցել այդ վնասները, պետք է պարտադիր լուծեն տվյալ տարածքի բնակչության սոցիալական և առողջապահական խնդիրները:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ