«2014-ին Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիր, որը վավերացրին երեք երկրների խորհրդարանները: Սկզբում ծրագրվում էր, որ հունվարից կողմերը կսկսեն համաձայնագրի կատարումը: Սկզբունքորեն՝ ԵԱՏՄ-ն ստեղծվել է Եվրասիական մաքսային միության հիմքով, որի սկզբնաքարը դրվեց 2007-ի հոկտեմբերին: Մինչ այդ երեք երկրները արդեն միմյանց հետ պայմանավորվել էին մի շարք հարցերում, ներառյալ արտասահմանյան ապրանքների մաքսատուրքերի չափը և որոշ մաքսային ընթացակարգեր: 2009-ի սեպտեմբերին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը հանգեցին միասնական մաքսատուրքերի, նոյեմբերի 27-ին Մինսկի գագաթնաժողովում այդ համաձայնագիրը ստորագրեցին նախագահները: Ըստ համաձայնագրի՝ Մաքսային միությունը ստեղծվում էր 2010-ի հունվարի 1-ից, իսկ մաքսային ստուգումը վերացվում էր հուլիսի 1-ից: Կառույցի կազմավորումը սկսվեց «Եվրասիական Մաքսային միության ստեղծման ծրագրից», որ հաստատեցին երեք պետությունների նախագահները: ԵԱՏՄ-ն միավորում է 170- միլիոնանոց տարածք, որի 84 %-ը ռուս է: Երկու տրիլիոն դոլար ՀՆԱ-ի 88 %-ը ՌԴ-ինն է:
Կազմակերպության աշխատանքները սկսելուց քիչ առաջ ԵԱՏՄ կազմի մեջ մտավ Հայաստանը: Երևանի որոշման վրա նշանակալից ազդեցություն գործեց Մոսկվան: Այս մայիսին ԵԱՏՄ պետք է մտնի և Ղրղզստանը, համաձայնագիրը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերին:
Եթե ուշադիր դիտարկեք այս կազմակերպության անդամների կազմը, ակնհայտ է դառնում, որ մեծ մասը կախված է Ռուսաստանից: Հայաստանն ու Ղրղզստանը իրենց մասնակցությունը միությանը պայմանավորում են սեփական ազգային շահերով: Հայաստանը, մասնավորապես, ռուսական գազի սուր կարիք ունի, որի գինը նշանակալից չափով որոշարկվում է՝ տվյալ երկիրը ԵԱՏՄ անդամ է, թե ոչ չափանիշով: Ղրղզստանը չափազանց մեծ կախում ունի ռուսական շուկայից, և այդ պատճառով՝ պատրաստ է ցանկացած պահի աջակցություն հայտնել Մոսկվայի քաղաքականությանը: Ղազախստանը և Բելառուսը ռուսական ռուբլու անկումից հետո սկսեցին իրենց համար նոր արտոնություններ պահանջել: Ամենասկզբից Ղազախստանը շեշտում էր, որ միության ցանկացած անդամ իր տեսակետների փոփոխության դեպքում ցանկացած պահի ազատ է միությունից դուրս գալ: ԵԱՏՄ անդամների կարճառոտ բնութագիրը թույլ է տալիս հասկանալ, որ հաշվի առնելով Արևմուտքի պատժամիջոցները և նավթի գնանկումը՝ այդ միությունը հազիվ թե կարողանա լուրջ հաջողություններ ունենալ: Ռուս-իրանական առևտրի ոլորտում հարաբերությունների զարգացման խոչընդոտներից մեկը ՌԴ-ի անդամակցությունն է նախ Մաքսային միությանը, ապա՝ ԵԱՏՄ-ին: Այդ միության անդամները որոշ հարցերում չեն կիսում Ռուսաստանի տեսակետները, լուրջ հակասություններ կան նաև Ռուսաստանում: ՈՒկրաինական իրադարձություններին Ռուսաստանի միջամտությունից և Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո ԵԱՏՄ պետությունները զգուշանում են ՈՒկրաինայի ճակատագրին արժանանալուց:
Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին
Կանխատեսումներ անելով՝ ԵԱՏՄ գործունեությունը արդյունավետ կլինի, թե ոչ, անհրաժեշտ է համադրել որոշ գործոններ: Առաջին հերթին՝ պետք է պարզել, թե որ երկրները կդառնան միության հիմնական առևտրական գործընկերներ: Օրինակ՝ կգլխավորի՞ Չինաստանը նրանց հետ տնտեսական համագործակցությունը, թե՞ նրան երկրորդական դեր է հատկացվելու: ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար Չինաստանը ևս կարող է անդամակցել այդ կառույցին: ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարները մթագնելու ևս մեկ գործոն կարող է դառնալ փաստը, որ միության անդամ երկրները ի զորու չեն ամբողջովին ապահովել միմյանց կարիքները: Միության անդամների միմյանց հետ առևտրի վերլուծությունը վկայում է, որ ԵԱՏՄ-ի հետ Ռուսաստանի առևտրական գործարքների նշանակալից մասը էներգառեսուրսներին են վերաբերում: Եթե լավատեսական կանխատեսում արվի միությանը Իրանի մասնակցության մասին, հաշվի առնելով Իրանի հավերժական կտրվածությունը ԱՊՀ երկրների շուկաներից, անդամակցությունը կարող է Իրանի համար բավականին շահավետ լինել: Սակայն դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Ռուսաստանը հրաժարվի առաջնորդի իր հավակնություններից և նպատակ դարձնի միության բոլոր անդամների շահերի ապահովումը: Իրանը նավթով հարուստ երկիր է. և Ռուսաստանի ու Չինաստանի հետ, որը, հնարավոր է, նույնպես դառնա ԵԱՏՄ անդամ, կարող է դառնալ առանցքային տնտեսական ուժ: Ակնհայտ է, որ եթե այս կամ այն միության ներսում անդամների շահերը չեն պաշտպանվում, կառույցն արագ տրոհվում է: Այդ պատճառով նման դժվարությունները կանխել կարող է միայն ԵԱՏՄ-ի համագործակցությունը տարածաշրջանի տնտեսական տերությունների հետ: Իրանը, որ բացառիկ շահավետ դիրք ունի տարածաշրջանում իբրև տարանցիկ երկիր, կարող է ԵԱՏՄ անդամներին հիանալի հնարավորություններ տրամադրել իրենց ապրանքների տարանցման համար: Իրանի հյուսիսում Կասպից ծովն է, իսկ հարավում Պարսից ծոցը: Իրանի մյուս կարևոր առանձնահատկությունն է, որ բառացիորեն միացնում է Արևելքն ու Արևմուտքը, այդ պատճառով Իրանի պես անդամ ունենալը ԵԱՏՄ-ին բացառիկ հնարավորություններ կտա իբրև տարանցիկ երկիր: ԵԱՏՄ անդամների ազգային շուկաները ևս կարող են սպառման շուկա լինել իրանական արտադրանքի համար: Եթե ԵԱՏՄ պետությունները ամբողջությամբ վերացնեն մաքսատուրքերը կառույցի ներսում, դա նրանց միջև առևտուրը զարգացնելու վիթխարի խթան է»:
Հոդվածի հեղինակը Սառա Ռավան է, հրապարակումը «Iras»-ից է, իսկ թարգմանաբար ներկայացնում եմ ընթերցողին, որովհետև մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ և ԵԱՏՄ-ին վերաբերող ցանկացած զարգացում վերաբերում է նաև մեզ: Բնականաբար Սառա Ռավան հարցը դիտարկում է Իրանի տեսակետից, իսկ ի՞նչ կտա ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը Հայաստանին: Սա հարց է, որ ունի և դրական, և բացասական պատասխաններ: Բոլոր դեպքերում՝ իրադարձությունների զարգացումներին պատրաստ լինելը կարևոր է վնասները նվազեցնելու և օգուտները մեծացնելու տեսակետից: Միանշանակ է, որ Իրանի ապրանքները շատ ավելի էժան են և հայկական շուկա մուտք գործելով՝ տեղական արտադրանքը չի դիմանալու մրցունակությանը, մյուս կողմից՝ Իրանի, գուցե նաև Չինաստանի անդամակցությունը կառույցին, ամբողջովին կփոխի ԵԱՏՄ-ի կառուցվածքն ու գործունեության տրամաբանությունը՝ վերադարձնելով մասնակից պետություների որոշումների կայացման հավասարության սկզբունքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրանում ոչինչ հենց այնպես երբեք չեն ասում: Եվ՝ չեն մոռանում երբևէ ասածները: Արևելյան դիվանագիտության առանձնահատկությունն է: