Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահների լավագույն տասնյակն աշխարհում

Նախագահների լավագույն տասնյակն աշխարհում
04.05.2015 | 01:10

Ապրիլի 26-ին վերընտրվեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Սուդանի նախագահ Оմար ալ Բաշիրը՝ ստանալով ընտրողների ձայների համարյա 90 տոկոսը: Բայց նրանք միակը չեն և ունեն մրցակիցներ: Աշխարհի լավագույն նախագահների տասնյակը այս տեսքն ունի.


10. Իդրիս Դեբի (Չադ)՝ 88,7 %
2011-ին Իդրիս Դեբին չորրորդ անգամ վերընտրվեց նախագահ 88,7%-ով: Նախկին ռազմական օդաչուի քաղաքական երկարակեցության գաղտնիքը համարում են բանակը՝ 70 հազար հիանալի զինված մարդիկ՝ Աֆրիկայի ամենաուժեղ բանակներից մեկը: Չադը երբեմն տարածաշրջանի ժանդարմի դեր է կատարում՝ ինչպես Մալիում ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Հաջորդ ընտրությունները 2016-ի ապրիլին են: Իդրիս Դեբին դեռ ոչինչ չի ասում հինգերորդ անգամ նախագահ դառնալու մտադրության մասին:
9. Բաշար Ասադ (Սիրիա)՝ 88,7 %
2014-ի հունիսին, քաղաքացիական պատերազմի ընթացքում, Սիրիայում նախագահական ընտրություններ կազմակերպվեցին: Բաշար Ասադը հաղթեց 88,7 % -ով: Հաֆեզ Ասադի որդին (Սիրիայի նախագահը՝ 1971- 2000) ընդդիմությանը շանսեր չթողեց՝ նրանք միասին ստացան 7,5 %. 2007-ին նրա իրավասությունները հաստատվեցին հանրաքվեով՝ ընտրողների 97 %-ը որոշեց ևս յոթ տարի նրան նախագահ թողնել: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի Բաշար Ասադի ու Սիրիայի հետ 2021-ին:
8. Իսլամ Քարիմով (ՈՒզբեկստան)՝ 90,39 %
Այս տարի Իսլամ Քարիմովն ինքն իրեն գերազանցեց՝ 2007-ին նրան ընտրել էին ընդամենը 88%-ով: 1990-ին նա դարձավ ՈՒզբեկական ԽՍՀ-ի նախագահ, 1991-ին՝ անկախ ՈՒզբեկստանի: Երբ 2015-ին Իսլամ Քարիմովը վերընտրվեց, դիտորդները նրան չներեցին բազում խախտումները, նաև նորից առաջադրվելը՝ Սահմանադրությամբ պետության ղեկավարը կարող է ընտրվել միայն երկու անգամ:
7. Պիեռ Նկուրունզիզա (Բուրունդի)՝ 91,6 %
Ապրիլի 26-ին Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում փողոցային մարտեր սկսվեցին, երեք զոհ եղավ: Պատճառը նախագահ Պիեռ Նկուրունզիզայի երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունն էր: Ընդդիմությունը համարում է, որ դա հակասում է Սահմանադրությանը և Արուշի պայմանագրին, որը վերջ դրեց քաղաքացիական պատերազմին: Իրավիճակի սրումը հարցականի տակ կարող է դնել հունիսի 26-ին նշանակված ընտրությունները:
6. Պոլ Կագամե (Ռուանդա)՝ 93 %
2000-ին փոխնախագահ Պոլ Կագամեն կարողացավ նախագահ դառնալ մի պետության, որի վրա ծանր բեռի պես կախված է թութսիների ցեղասպանության հիշողությունը (Կագամեն թութսի է): Սկզբում նրան նախագահ ընտրեց խորհրդարանը, երեք տարի անց նա ստացավ ձայների 95 %-ը, 2010-ին վերընտրվեց 93 %-ով և կառավարում է Ռուանդան բռունցքի մեջ հավաքած: 2017-ին նա կարող է նորից առաջադրել թեկնածությունը:
5. Оմար ալ Բաշիր (Սուդան)՝ 94,5 %
72-ամյա Օմար ալ Բաշիրը նախագահում է արդեն 26 տարի՝ 1989-ի հեղաշրջումից հետո: Հերթական հաղթանակը նրան շատ հեշտ տրվեց, թեպետ ուներ 13 մրցակից, որ անկապ մարդիկ էին՝ ընդդիմությունը ի նշան բողոքի հրաժարվել էր մասնակցել ընտրություններին: Արևմուտքը ընտրությունները որակեց առանց ժողովրդավարական լինելու գոնե մեկ շանսի: Նա Դարֆուրի կոտորածների մեղսակցության համար միջազգային հետաքննության տակ է:
4. Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո՝ (Հասարակածային Գվինեա)՝ 95,4 %
36 տարում իշխանությունը նրան դեռ չի ձանձրացրել: 2009-ին նրան վերընտրեցին 95,4 %-ով, դա նահանջ էր՝ նախորդ ընտրություններում 97 % ուներ: Առողջական վիճակը ստիպում է մտածել իրավահաջորդի մասին, որ կարող է դառնալ որդին՝ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մանգեն, որ հիմա երկրորդ փոխնախագահն է:
3. Աբդել Ֆատահ աս-Սիսի (Եգիպտոս)՝ 96,9 %
96,9%-ը անկասկած, հարգանք է ներշնչում, բայց 2014-ին «Մուսուլման եղբայրներին» գահընկեց անելուց հետո ընտրատեղամասեր գնացել է եգիպտացիների 46 %-ը: Մարշալ Աբդել Ֆատահ աս-Սիսին կողմ է ժողովրդավարության, «բայց ոչ հիմա»:
2. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով (Թուրքմենստան)՝ 97,14 %
2012-ին նրան վերընտրեցին 97,14%-ով: В 2010-ին նա իրեն պաշտոնապես հռչակեց «արկադաղ»՝ ազգի հովանավոր, 2011-ին՝ բացեց իր պատվին կառուցած նստավայրը 60 հազար խորանարդ մետր տարածքով:
1. Նուրսուլթան Նազարբաև (Ղազախստան)՝ 97,7%
ԽՍՀՄ-ի վերջին տարիներին նա կոմկուսի աշխատակից էր, հետո գլխավորեց անցումային շրջանն ու իշխանությունը պահում է աներեր: Ապրիլի 26-ին նրան համարյա 98 % ձայն տվեց ընտրողների 95 %-ը: 74-ամյա նախագահը խոստացավ սոցիալական կայունություն ու տնտեսական բարգավաճում: 2011-ին նա ստացել էր 95,5 % ընդամենը:
Ֆրանսիական "Slate.fr"-ը վերցրել է տվյալները ElectionGuide-ից:
Տպավորիչ է, չէ՞: Նախկին ԽՍՀՄ և Աֆրիկա: Այսինքն՝ ժողովրդավարությունը գործնականում բացառում է ազգի միակամությունը: Բոլոր այս երկրներում ապրում են մարդիկ, որ մտածում են, երազանքներ ունեն, ծնվում են, սովորում են, աշխատում են, արտագաղթում են, գոհ են ու դժգոհ են, պայքարում են իրենց գաղափարների համար: Եվ՝ ընտրում են, ինչպես տեսնում եք: Եվրոպացիները անգամ ամենակատաղի երազներում այսքան ձայներ չէին երազի: Իսկ գուցե նրանք պարզապես հաշվել չգիտեն, երբ ով ում ձայն տա-չտա, հաշվվում են միայն «ճիշտ» ձայները, պակասեց՝ ավելացվում են: Ո՞վ է ստուգելու: Ստուգողները յուրայիններն են, դատավորները՝ ենթակաները: Այդպես էլ ապրում են: ՈՒմ՝ ինչ գործն է: Ո՞Ւմ են խանգարում: Իրենց երկիրն է՝ իրենց ընտրողները: Իրենք էլ միակն են, որ կարող են նախագահել: Չէ, չեմ հեգնում: Չեմ էլ զարմանում: Արձանագրում եմ ընդամենը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Որևէ մեկը դեռ կարո՞ղ է կասկածի տակ առնել ընտրությունները Հայաստանում՝ ազատ, արդար ու թափանցիկ:

Դիտվել է՝ 951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ