Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վիգեն Հակոբյան. «Հիմնադիր խորհրդարանը ավելի շատ հասարակական կազմակերպության տպավորություն է թողնում, քան քաղաքական»

Վիգեն Հակոբյան. «Հիմնադիր խորհրդարանը ավելի շատ հասարակական կազմակերպության տպավորություն է թողնում, քան քաղաքական»
06.05.2015 | 11:33

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանին հարցրի «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության և ազատ արձակման պատճառների մասին՝ իրադարձայի՞ն որոշում էր ապրիլի 17-ի ձերբակալությունն ու մայիսի 5-ի ազատ արձակումը, թե՞ այլ խնդիրներ կային:

-Ես կարծում եմ՝ իրադարձային որոշում էր և կապված էր ապրիլի 24-ի միջոցառումների հետ, որոնք պահանջում էին որոշակի անվտանգության արարողակարգեր՝ մասնավորապես կապված գերտերությունների նախագահների Հայաստան այցի հետ, որ անվտանգության ապահովման իր պահանջներն ունի: «Հիմնադիր խորհրդարանը» ասում էր, որ այդ օրը ակցիաներ է անելու: Իհարկե, գործողություններ չէին արվել և գուցե չարվեին էլ, բայց կային հնչեցված հայտարարություններ, քաղաքացիական անհնազանդության կոչեր: Այլ հարց է, որ ձերբակալման զուտ իրավական հիմքերը, մեղմ ասած, կասկածելի էին:
-Ինչո՞վ էր պայմանավորված հենց այդ օրվա ընտրությունը, ակնհայտ էր, որ ամենաանհաջող օրն է՝ հռչակված նպատակի համար, թե՞ ձրի գովազդային հոլովակի տարբերակ էր:
-«Հիմնադիր խորհրդարանի» նպատակներին չեմ ուզում անդրադառնալ, իբրև ընդդիմադիր ուժ, հենց այդպիսի նպատակներ պիտի ունենան: Կարծում եմ՝ օրը ընտրված էր PR առավելագույնս հնչեղություն ստանալու համար, բայց օրվա ընտրությունն իսկապես անընկալելի էր ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի համար, այլև՝ հասարակության: Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում հայտարարված հանրահավաքին բավականին քիչ մարդ գնաց, ակնկալված քաղաքական համախմբումը չեղավ: Իրավիճակը փոխվեց. և բնական էր, որ ինչպես ապրիլին ձերբակալման իրավիճակային որոշում էր ընդունվել, այնպես էլ մայիսին իրավիճակային որոշումով ձերբակալվածներն ազատ արձակվեցին: Հայաստանը քաղբանտարկյալներ պահելու ռեսուրսը չունի՝ մեկ, երկրորդ՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները չէին ձգում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին:
-Իրո՞ք «Հիմնադիր խորհրդարանը» իր կարգախոսներով, անհասկանալի PR քայլերով, ձերբակալությամբ, ազատ արձակմամբ, ընդդիմադիր դաշտ է ձևավորում:
-Գոնե ինձ համար «Հիմնադիր խորհրդարանը» շատ խայտաբղետ կառույց է, իր կառուցվածքով, գործելաոճով ավելի շատ հասարակական կազմակերպության տպավորություն է թողնում, քան՝ քաղաքական: Այդ պատճառով էլ դժվար է ընկալվում քաղաքական դաշտի կողմից, նաև ավանդական կամ հարթակային ընդդիմության կողմից, իշխանության մասին ընդհանրապես չեմ խոսում: Հասարակության համար էլ պարզ չէ՝ ինչ են ուզում: Լավ՝ «100-ամյակն առանց վարչակարգի», հետո՞: Ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է ունենա ընկալելի գաղափարախոսություն և հասկանալի լինի իր գործողությունների մեջ: Միայն ասել՝ իշխանափոխություն ենք ուզում, քիչ է, այդ կարգախոսն արդեն այնքան է մաշվել, որ որևէ ազդեցություն չի թողնում: Շատ դեպքերում անհասկանալի է նաև պահվածքը՝ հայտարարում են հանրահավաք Գյումրիում, հետո չեն գնում, ասում են՝ կրիմինալ ուժերը մեզ քաղաք չթողեցին: Եթե ուզում ես հասարակությանն առաջնորդել, ոչ թե հասարակությունը պիտի քո առաջ ճանապարհ բացի, այլ դու պիտի առաջ տանես: Հասարակությունը այսօր այն ուժի հետևից է գնում, ով ունի գաղափարախոսություն, քիչ թե շատ հասկանալի մարտավարություն և վստահություն է ներշնչում, որ կես ճանապարհին կրիմինալից, քաղաքական գործիչներից կամ օլիգարխներից չի վախենում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ