Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպայի պրոբլեմը Պուտինը չէ, այլ Ռուսաստանը

Եվրոպայի պրոբլեմը Պուտինը չէ, այլ Ռուսաստանը
01.06.2015 | 23:13

Արևմուտքն իրեն այնպես է պահում, ասես Վլադիմիր Պուտինն է իր համար խնդիրներ հարուցում: Բայց խնդիրը Պուտինը չէ, Ռուսաստանն է խնդիրը: Ռուսաստանի նախագահը, ինչպես բոլոր ռուսները, ունեն վաղուց ձևավորված ավանդական աշխարհընկալում: Պուտինի հեռանալը ոչինչ չի փոխի, ցանկացած իրավահաջորդ նախագահի պաշտոնում նույն քաղաքականությունն է վարելու, գուցե միայն պակասի մաչոյականությունը:
Նոր խնդիր չէ, 200 տարի առաջ է ձևավորվել, Նապոլեոնի դարաշրջանի ավարտին, երբ ի հայտ եկավ, ինչպես այսօր ենք ձևակերպում, արժեքների տարբերությունը: 19-րդ դարում Ռուսաստանը շարունակում էր պահպանել ավտորիտար ռեժիմը, իսկ Եվրոպան շարժվում էր լիբերալ դեմոկրատիայի ուղղությամբ: Սակայն Ռուսաստանը մնում էր գերտերություն, բավականին նշանակալից՝ անվտանգության եվրոպական համակարգի համար: Ինչպես պաշտպանել Եվրոպան հզոր հարևանից, որին աշխարհը նայում է իբրև օտարի: Դա պրոբլեմ էր այն ժամանակ, պրոբլեմ է և հիմա: Եվրոպայի պետությունները անվտանգության համակարգը հիմնում են ուժերի հավասարակշռության վրա, Ռուսաստանը՝ իր քաղաքականության ռազմավարության: Այսպիսի դիրքորոշման հիմքում աշխարհագրությունն է: Երկրի տարածքը վիթխարի է, Եվրասիական հարթ տարածաշրջան, որով առանց դժվարության անցել են բանակներ:
Պատմականորեն Ռուսաստանը իր սահմաններն ավելի ու ավելի էր հեռացնում կենտրոնական հատվածից: Ռուսաստանը կանգ չէր առնում նույնիսկ այն տարածքներում, որոնք տեղի բնակչությունը հանգիստ կարող էր պաշտպանել տեղանքի դժվարանցանելիության պատճառով: Նրան կանգնեցնում էր միայն նույնքան վճռականորեն դիմակայելու պատրաստ պետությունը: Այն, ինչ Արևմուտքը համարում էր իմպերիալիզմ, Մոսկվայի համար սեփական պաշտպանունակության ամրապնդում էր:
Ժամանակի հետ Գերմանիայի դիմակայությունը Արևմուտքում, Բրիտանիայի, հետո՝ ԱՄՆ-ի հարավում, Չինաստանն ու Ճապոնիան արևելքում՝ Ռուսաստանին մղեց որոշարկել իր անվտանգության գոտին՝ կենտրոնական Եվրասիայի հյուսիսը, նախկին ԽՍՀՄ տարածքը: Մոսկվան գտնում է, որ իր շահերի գոտում գտնվող պետությունները ոչ թե ընտրության առաջ են՝ անկախության և Ռուսաստանին ներգործության տակ լինելու միջև, այլ Ռուսաստանի ներգործության տակ լինելու, թե Ռուսաստանի թշնամու ներգործության տակ լինելու ընտրության առաջ են: Դիմակայության այդ սցենարն է Կրեմլի կարծիքով խաղարկվում ՈՒկրաինայում:
Բացի այդ՝ իր անվտանգության համար տագնապից Ռուսաստանը դեմ է, որ Եվրոպայում գերակայի մեկ պետություն, և Եվրամիության ընդլայնումից իրեն վատ է զգում: Պատճառը հեշտ է հասկանալ: Ռուսաստանը այսօր կարող է հավասար լինել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային կամ Գերմանային, բայց չի կարող հավասար լինել միավորված Եվրոպային՝ ոչ բնակչության թվով, ոչ բարեկեցությամբ, ոչ հզորությամբ: Այդ չափորոշիչներով Ռուսաստանին գերազանցում է և ԱՄՆ-ը: Սեպ խրելով Եվրոպայի երկրների միջև, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև, Ռուսաստանը, թերևս, փորձում է կանխել իր համար լուրջ սպառնալիքի առաջացումը: Ռուսաստանի տագնապները մեծանում են խոցելիության զգացումից: Տնտեսությունը ստագնացիայի մեջ է, բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացում չկա, իսկ արտաքին ուժերը՝ Չինաստանը, Արևմուտքը, արմատական իսլամիստները մարտահրավեր են նետում նրան ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ: Կոշտ գործելու գայթակղություն է առաջանում՝ քողարկելու համար տագնապները, այդ թվում պարծենալով սեփական միջուկային զենքի հնարավորություններով:
20 տարի առաջ Արևմուտքը հույս ուներ, որ Ռուսաստանը կներքաշվի իր ղեկավարած աշխարհակարգի մեջ, և Ռուսաստանի հետ նորից ծագած պրոբլեմից Արևմուտքը ցնցված է: Բայց այդ սպառնալիքը սահմանափակ է: Ռուսաստանում կա ոչ թե արմատականորեն նոր ուժերի վերելք, այլ դեպի անկում գնացող պետությունը փորձում է վերականգնել իր հզորությունը: Այդ հարցը լուծելի է: Տարբերակներից մեկը Եվրոպական միության նախագիծը կենդանացնելն է: Այլ խոսքով՝ վճռական պայքարել ուժերի հետ, որ ԵՄ-ի նախագծի իրականացմանը դեմ են՝ ժողովրդավարության դեֆիցիտի, արտագաղթի և անհավասարության հետ:
Անկասկած, ՆԱՏՕ-ի ուժերի մուտքը մերձբալթյան երկրներ և հիբրիդային պատերազմի դեպքում մանրամասն մշակված ծրագիր պետք է: Այնուհանդերձ, Արևմուտքը պետք է խուսափի չափազանց միլիտարիստական պատասխանից սպառնալիքներին, որ մեծ հաշվով քաղաքական են: Միաժամանակ պետք է արդյունավետ օգնել ՈՒկրաինայի տնտեսության վերականգնմանը և պետական իշխանության իրավազորությանը: ՈՒկրաինան պատնեշ կլինի Եվրամիության նորմերի և նրա միասնության դեմ ռուսական արշավի առաջ:
Այնուամենայնիվ, զսպման քաղաքականությունը չի աշխատի մեր գլոբալացված և բազմաբևեռ աշխարհում այնպես, ինչպես սառը պատերազմի տարիներին էր: Արևմուտքը չի կարողանա սահմանափակել աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը: Եվ աշխարհաքաղաքական հանցագործություն կլինի չափազանց թուլացնել պետությունը, որ ծայրաստիճան կարևոր է ուժերի հավասարակշռության համար, որը, մենք հույս ունենք, կօգնի սանձահարել ներկա կատաղի ուժերին, հատկապես Ասիայում: Դաժան ճշմարտություն է, որ ՈՒկրաինան չի կարող առանց Ռուսաստանի վերակառուցվել, չափազանց շատ է կախված Ռուսաստանի տնտեսությունից: Եվ Մոսկվան չափից դուրս շատ միջոցներ ունի ՈՒկրաինայի ներսից ներգործելու համար: Զսպման քաղաքականությունը պետք է հավասարակշռվի փոխզիջումներով: Այսօրվա մարտահրավերն է ուժերի ճիշտ հավասարակշռություն գտնելը:
Թոմաս Գրեմ, «The Financial Times»

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Գուցե Թոմաս Գրեմի ինչ-որ տեսակետներ չեն համապատասխանում մեր պատկերացումներին, բայց մի հարցում նա միանշանակ ճիշտ է՝ Ռուսաստանին չպետք է վերաբերվել իբրև արջի, որ անպատեհ է արթնացել քնից: Ռուսաստան-Արևմուտք հակասությունը, թեկուզ և տարբեր է սառը պատերազմի տարիների երկաթե վարագույրով անջատվածությունից ու վարագույրի երկու կողմերում միայն թշնամի տեսնելու մտայնությունից, չի կարող երկար շարունակվել, մինչդեռ հիմա ձնագնդի էֆեկտով նորանոր պատժամիջոցներով է հավելվում: Փոխզիջման հիմքում, սակայն, պիտի լինի փոխըմբռնումը և միմյանց մեջ թշնամի տեսնելու իներցիայի հաղթահարումը: Ոչ միայն բարոյական չէ, այլև արդյունավետ չէ մի կողմից քանդել Ռուսաստանի տնտեսությունը, մյուս կողմից՝ սպասել, որ Ռուսաստանը պիտի համատեղ դիմակայի Ասիայի «կատաղի ուժերին»: Հետխորհրդային տարածքի երկրներն էլ պիտի վերջապես անկախանան՝ թշնամի կամ ենթակա կարգավիճակը չի կարող երկար տևել:

Դիտվել է՝ 886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ