«Իրատես»-ի հյուրն է ՀՀՇ վարչության նախկին անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ:
-Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամենահուզող հարցն էլեկտրաէներգիայի թանկացումն է: Այն խնդիրները, որ ստեղծվել են ՀԷՑ-ում, բնականաբար, մեկ-երկու տարում չեն կուտակվել: Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ էներգիա ստեղծող երկրում տարին մեկ անգամ սակագին է բարձրացվում:
-Այո՛, համաձայն եմ, ՀԷՑ-ի այս խնդիրները մեկ-երկու տարում չեն կուտակվել և ձևակերպվել որպես պահանջներ: Իրականում դա արվել է մի քանի ամսում՝ նախորդ տարվա թալանի օրինականացման անհրաժեշտության պատճառով: Դե, սա ՀԷՑ-ի համար արդեն դարձել է ավանդական տարեկան միջոցառում: Սա, կարծեմ, 2007-ից հետո արդեն չորրորդն է, չէ՞։ Լրջանանք՝ նախ փորձենք հասկանալ, թե մեր այսօրվա իրականությունում ո՞ւմ և ինչի՞ հետ գործ ունենք: Հայերը միշտ երազել են անկախ երկիր ունենալ, բայց պարզվում է, որ անկախ երկիրը նրանց ձեռքին կրակն է ընկնում: Մեր դժբախտությունն է, որ ժողովրդի պետական սեփականությունը հանդիսացող կարևորագույն տնտեսական համակարգերն ու այլևայլ պետական ունեցվածքները դարձան ռուսական պետական սեփականություն: Հայաստանի այն բոլոր ձեռնարկությունները, որոնք վերջին 15 տարիներին հայտնվել են ռուսների ձեռքում, կա՛մ խայտառակ կառավարման օբյեկտներ են դարձել, կա՛մ օգտագործվում են այլևայլ նպատակներով, ընդհուպ՝ որպես ռուսական գործակալական ցանցի գործունեության ծրագրավորման ու իրականացման գրասենյակներ: Ռուսների հայաստանյան ռազմաքաղաքական և «տնտեսական» գործունեության հատկանշական բաղադրիչներն են ՀՀ օրենսդրությանը չենթարկվելը, ՀՀ պետական որևէ գերակա մարմնի առջև հաշվետու չլինելը, ՀՀ վերահսկողական և դատաիրավական մարմինների լիազորությունների շրջանակներից փաստացիորեն դուրս լինելը, համատարած կոռումպացվածությունը՝ ֆինանսական աճպարարությունները, կեղծումները, զեղծումները, յուրացումները և բացահայտ անզուսպ թալանը: Երբ աշխատում ենք հասկանալ ռուսների այսպիսի գործունեություն վարելու հիմքերը, բախվում ենք ո՛չ միայն Ռուսաստանի ագրեսիվ պետական շահերին, այլև ռուսների ազգային հոգեբանական դրսևորումներին՝ ռուսական մեծապետական լպիրշ մեծամտությանն ու ռուսների հանդեպ հայերի ավանդական ողորմելի ստրկամտությանը: Սա արդեն զգացողություն չէ, սա այսօր «փաստաթղթավորված» ու պետականորեն վավերացված գործելակերպ է: Բացեք հայ-ռուսական միջպետական հարաբերություններին վերաբերող պայմանավորվածությունների որևէ փաստաթուղթ՝ պայմանագիր, համաձայնագիր, արձանագրություն և այլն, և պարզ կդառնա, թե ինչու են ռուսներն այսքան ազատ պահում իրենց Հայաստանում: Կարճ ասած, համաձայն այդ փաստաթղթերի, ռուսները Հայաստանում ստացել են գործունեության հայտնի ու գաղտնի այնպիսի արտառոց առավելություններ և արտոնություններ, որպիսիք երբևիցե չեն ունեցել և չունեն որևէ այլ երկրում: Նրանք արդեն հոգեբանորեն և գործնականորեն իրենց համարում են ո՛չ միայն մեր երկրի, այլև մեր տերերը: Այս իրողությունն էլ, ի շարս նրանց բնորոշ ազգային բացասական այլևայլ հատկանիշների՝ օտարատյացության, կայսերապաշտության, շովինիզմի ու նացիզմի հակվածության, պայմանավորում է հայերի հանդեպ ռուսների արհամարհական, նենգ ու դավադիր վարքագիծը: Վերոհիշյալ իրողությունը ձևավորվեց բացառապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կամքով ու թողտվությամբ: Դա կատարվեց ՀՀ Սահմանադրական դատարանի և տվյալ իրողության հանդեպ ԱԺ-ի «տարօրինակ» անհաղորդությամբ: Կատարվեց պետական բյուրոկրատիայի բարձրաստիճան չինովնիկների և ուժային ու դատաիրավական գերատեսչությունների ղեկավարների լռելյայն համաձայնությամբ: Կատարվեց Հայաստանի մտավորական վերնախավի աչքի առջև: Կատարվեց ողջ հայ ժողովրդի առջև: ՈՒ ոչ մի ծպտուն, թե «տղե՛րք, էս ինչ եք անում»: Միայն հատուկենտ ՀՀՇ-ականներ փորձեցին ժողովրդին հասկացնել, թե սա «պետական դավաճանություն է», բայց նրանց խոսքը հնչեց որպես «ձայն բարբառո հանապատի»:
Ռուսները Հայաստան եկան դատարկ ձեռքերով ու գրպաններով, պայմանագրերում խոսք չկար իրենց տնօրինմանը հանձնված ձեռնարկությունների արդիականացման, լուրջ պարտավորությունների ստանձնման, հետևաբար, համակարգային բարեփոխումներ կատարելու ներդրումային որևէ ծրագրի մասին: Հարց՝ եթե վաճառված համակարգի նոր տերերը գալիս են միայն դա շահագործելով շահույթ ստանալու համար և թեկուզ հենց այդ նպատակով չեն ուզում մի կոպեկ ծախսել համակարգի զարգացման վրա, այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդել ՀՀ կառավարությունը այդ ռազմավարական համակարգը օտարելով: Թե՞ հայտնի Գլադունչիկը Մեղրիի նոր տրանսֆորմատորն ավելի լավ էր կարողանում օգտագործել` այն տեղափոխելով մեկ այլ վայր, որտեղ իր հայրենակիցներն էին ծառայում, իսկ մեղրեցիներին վերադարձնում նրանց հին ու շարքից դուրս եկած տրանսֆորմատորը:
Անցած 15 տարիներին ռուսներն իրենց դրածոների միջոցով ամեն ինչ արել են Հայաստանի էներգետիկան տարածաշրջանային և միջազգային էներգահամակարգերից մեկուսացնելու, նրա անկախության բոլոր ատրիբուտները և զարգացման հնարավորությունները քայքայելու և հեռանկարից զրկելու համար: Իսկ այ թալանի առումով… Պարզվեց, որ նրանց համար Հայաստանն իսկապես «երկիր դրախտավայր» է լինելու: Այդպիսի գործերում ռուսները մերոնցից երբևէ «ոչ» բառը չեն լսել: Եվ ես վստահ եմ, ինչպես ՀԷՑ-ի նախորդ պահանջների դեպքում է եղել, այս անգամ էլ կընդառաջեն ռուսներին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում, որի նվազագույնը, չեմ կարծում, թե կարող է պակաս լինել 10 դրամից:
Ահա այսպիսի խայտառակ իրողությունների վրա ձևավորված հայ-ռուսական «համագործակցության» պայմաններում ԲԷՑ-ի կառավարիչներն այսօր լկտիաբար որոշել են նախ և առաջ իրենց թալանը ձևակերպել որպես ՀՀ «պետական պարտք», ապա և երկրում էլեկտրաէներգիայի սակագինն էլ, որը աշխարհի ամենաբարձրերից մեկն է, բարձրացնել համարյա 40 %-ով: Դրա համար մենք ռուսներին մեղադրել չենք կարող, նրանք ուղղակի կպատասխանեն. «Մենք դիմում ենք՝ դուք էլ տալիս եք, ի՞նչ է, չվերցնե՞նք»: Իսկ դուք հարցնում եք, թե ինչու է տարին մեկ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվում:
-Օրերս «Իրատեսի» հետ զրույցում նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ողջ կապիտալը Հրանտ Բագրատյանի կառավարությունը փոշիացրեց, զրոյացրեց, ցաքուցրիվ արեց: Դուք էլ Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին էիք պաշտոնյա, փաստորեն այս մեղադրանքը նաև Ձեզ է ուղղված: Չե՞ք կարծում, որ այսօրվա տնտեսության անմխիթար վիճակը նաև պայմանավորված է Տեր-Պետրոսյանի կառավարության սխալ տնտեսական քաղաքականությամբ:
-Ձախողակ «քաղաքական գործիչ» Խոսրովի ասածներին չարժե լուրջ մոտենալ, առավել ևս՝ նրա կարգի մարդկանց դատողություններն ու մեղադրանքները մեկնաբանել, որովհետև դրանք փուչ ու քարթու են իրենց էությամբ և իրականության հետ առնչություն չունեն: Այդպիսիների լեզուն, ինչի մասին էլ նրանք խոսեն, միշտ պտտվում է իրենց «հացի խնդրի» շուրջը: Դրանով են պայմանավորված իշխանության միջանցքներում ու հեռուստաէկրաններին նրա երեկվա և այսօրվա հաճախակի կրկնվող դատարկաբանություններն ու սուտ վկայությունները: Եվ ես զարմանում եմ, որ Դուք այդ կարգի մարդու խոսքերի վրա հիմնված սադրիչ «հարց» եք ձևակերպում: Ակնհայտ է, որ Դուք շատ մշուշոտ պատկերացում ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակների պետական առաջնահերթությունների մասին և անհասկանալի տրամաբանություն, երբ Հայաստանի տնտեսության այսօրվա «անմխիթար վիճակը» կապում եք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության «սխալ տնտեսական քաղաքականության» հետ: Իսկ իրականում 1993-1996 թվականները եղել են Հայաստանի տնտեսության ոտքի կանգնելու տարիներ՝ երկրի տնտեսական-օրենսդրական դաշտի ձևավորում, պետական կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարելավում, սեփականաշնորհման ոլորտների ընդլայնում, էներգետիկ ճգնաժամի հաղթահարում, առևտրական կապիտալի ներգրավում արտադրական ոլորտներ, արտագաղթի դադար և այլն, և այլն: Այդ ժամանակամիջոցից հետո երկրի տնտեսությունը նախ թևակոխեց իներցիոն զարգացման մի կարճ փուլ, որին հաջորդեց սեփականաշնորհման նենգափոխումը պետական ունեցվածքի վաճառքով, միաժամանակ ներդրվեց և իր «կատարելությանը» հասցվեց կոռուպցիոն համակարգը, այնուհետև վրա հասան ռուսական կեղտոտ փողերի լվացման տարիները, որոնց հետքն այսօրվա Երևանի աղճատված կենտրոնն է և… Քոչարյանի միլիարդատեր դառնալը: 2007-ից հետո երկրի տնտեսությունը հայտնվեց խոր ճգնաժամի ճիրաններում, իսկ վերջին տարիներին ամբողջապես քարուքանդ է լինում բոլորի աչքի առջև և կորցնում զարգացման որևէ հեռանկար։ Հիմա հարց եմ տալիս՝ այս ակնառու իրողություններին ի տես բարոյակա՞ն են Ձեր հարցի իշխանահաճո ձևակերպումը և քոչարյանասարգսյանական իշխանության մոտ 16-ամյա հանցագործ գործունեությունում կապ տեսնելը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիների հետ: Էլ չեմ ուզում մանրամասն խոսել այն մասին, որ տնտեսական նույնիսկ իսկապես սխալ քաղաքականության ուղղումը երկար ժամանակ չի պահանջում երևակվելու համար՝ մի վեց ամիս հետո երևում են դրա ազդեցության նախնական դրական հետքերը, իսկ մեկ տարի անց ժողովուրդն իր կենցաղի վրա արդեն զգում է թեկուզ չնչին, բայց դրական տեղաշարժ: Դա մեր ժողովուրդն էլ է իր կաշվի վրա զգացել 90-ականների առաջին կեսին, Խոսրովից հետո, դա տեսանք Վրաստանում՝ Սաակաշվիլու իշխանության օրոք և այլն:
-Հանրությունը, ապավինելով սեփական պայքարի մեթոդներին, բողոքի ակցիաներ է անցկացնում հերթական թանկացման դեմ: Քաղաքական դաշտից ընդդիմությունը կարծես վերացել է: Ձեր դիտարկմամբ, ի՞նչ է կատարվում քաղաքական այս բևեռում, եթե անգամ հանրությանը հուզող նման կարևոր խնդիրների ժամանակ ոչ միայն ընդդիմադիր ուժերի համախմբում չկա, այլև համատեղ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվում:
-Այսօրվա Հայաստանի իրական քաղաքական ընդդիմության հարաբերական պասիվությունը հայ հանրության շահերը շոշափող հասարակական նոր անցուդարձերում ես ինձ թույլ եմ տալիս համարել քաղաքականապես հիմնավորված:
1. Հայաստանում հասարակական դժգոհության նոր ալիքները բարձրանում են գործող իշխանության դեմ մեկական, բայց ողջ ժողովրդի զգայուն կոնկրետ շահը շոշափող հարցով, ինչը չնայած ծավալվում է հասարակական հակադրության ոլորտում, բայց չկարգավորման պարագայում անխուսափելիորեն կտեղափոխվի քաղաքական դաշտ:
2. Տվյալ դեպքում, երբ որպես շարժման առաջացման կատալիզատոր հանդես է գալիս Հայաստանում գործող ռուսական ընկերությունը, Սերժ Սարգսյանն անկարող է լինելու հարցը լուծել «սիրուն չէ՛, Բիբին ջան» ասելով: Այս հանգամանքը ևս, ի վերջո, հասարակական շարժումը կհրի դեպի քաղաքական դաշտ:
3. Շարժման պահանջի բացահայտ արդարացի բնույթն ու նրա կազմակերպական հեղհեղուկությունը` մի կողմից, և ռուսների պահանջների արտառոց անօրինականությունն ու լկտիությունը` մյուս կողմից, ինքնըստինքյան կբացառեն փոխզիջումային որևէ տարբերակ: ՈՒրեմն սա ևս հասարակական պայքարող զանգվածի համար ուղի է դեպի քաղաքական դաշտ: Ավելացնենք, որ սովորաբար հասարակական լուրջ շարժումները որոշակի փուլերում, ըստ պայքարի արդյունքի, կա՛մ ինքնաքայքայվում են, կամ քաղաքական պատճառներ հղանում: Ահա, կարծում եմ, նաև վերոհիշյալ տրամաբանության թելադրանքով են ղեկավարվում հայաստանյան քաղաքական ընդդիմադիր լուրջ ուժերը, որոնք չեն ուզում անպոչ գդալի պես անժամանակ մեջ ընկնել այնտեղ, որտեղ իրենց դեռ չեն սպասում: Բացի այդ, կարծում եմ, տվյալ իրադրությունում դա, անտարակույս, ակնհայտ մարտավարական սխալ կլինի:
-Ակնհայտ է, որ ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի, և ամեն մեկն իր «գլխի ճարն» է տեսնում: Չե՞ք կարծում, որ ընդդիմության հենց այսպիսի թողտվության պատճառով է, որ իշխանության «ձեռքերը» երկարում են, գործողություններին էլ` ազատություն տրվում:
-Քաղաքական օրակարգի մասին Ձեր հարցը պետք է ուղղեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է Հայաստանում «գլխի ճարը տեսնող» քաղաքական ուժերին և անհատներին, ապա նրանց բացահայտումը երբևէ խնդիր չի ներկայացրել, այնպես որ, կարիք չկա անորոշ կասկածամտությունը տարածել ամբողջ ընդդիմության վրա: Այժմ իշխանության «ձեռքերի երկարանալու և իր գործողություններին ազատություն տալու» մասին: Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի ձեռքերի երկարացվածությունը և արյունոտվածությունը կապ չունեն ընդդիմության «թողտվության» կամ պասիվության հետ: Այդ երկար ձեռքերը նա իր շրջապատով հանդերձ օժիտ է ստացել իր խորհրդային անցյալից։ Քանի՞ սպանված մարդու նշենք, որ ոչ մի առնչություն չեն ունեցել երկրի քաղաքական կյանքի հետ: Լա՛վ, բա ինչո՞ւ Քոչարյանի Կուկուն հրաման ստացավ վերադառնալու «Առագաստ» և զուգարանակոնքին խփելով ջնջխեց էն խեղճ դաշնակ Պողոս Պողոսյանի գանգը: Մի՞թե միայն նրա համար, որ ցույց տա, թե Հայաստանում միակ տղամարդն է, որը պատրաստ է անմիջապես ի կատար ածելու մարդկանց «արտաքնոցում շանսատակ անելու» Պուտինի պատվիրանը: Իսկ Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին սպանե՞լը, որը, ռուսական մամուլի վկայությամբ, պատվիրել էր հենց Քոչարյանը: Իսկ հայաստանյան բարձրաստիճան պետական գործիչների հերթական սպանություննե՞րը: Իսկ նրա երկարամյա պահապան Գրիշա Սարգսյանի անժամանակ «մա՞հը»: Չէ՛, բան չեմ ասում, միայն հարցնում եմ. իսկ ո՞ւմ շահերին ծառայեց հոկտեմբերի 27-ի սպանդը: ՈՒզում եմ ասել, որ որոշակի մարդկանց պարանոյիկ վարքագիծը պետք չէ կապել միայն ընդդիմության ժամանակավոր որևէ պասիվության հետ, ուրիշ հաշիվներն ավելի շատ են: Բայց և այնպես, ես ըմբռնումով եմ մոտենում Ձեր անհանգստությանը:
-Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը. Դուք ԵԱՏՄ-ի անդամակցության դեմ խոսող քաղաքական գործիչներից եք, այս օրերին իշխանությունները կարծես նորից վերադառնում են նախկին մոտեցմանը, ինչպես նրանք են նշում, բազմավեկտոր քաղաքականության: Դուք ողջունո՞ւմ եք այդ փորձերը:
-Իհա՛րկե, կապկպված ոտ ու ձեռքով պարահանդեսին մասնակցելն իմ երազանքն է: Իսկ ավելի լուրջ՝ դա իշխանության բազմավեկտոր խաբեություններից հերթականն է, դա քաղաքական ներկայացում է: ՈՒղղակի ժողովրդի միտքը պղտորելու և էլի ժամանակ շահելու փորձ են անում: Որոշ ժամանակ անց դա էլ կմոռացվի, ինչպես աշխարհի երկրների Ռուսաստան մուտք գործելու համար շրջափակված Հայաստանը «դուռ ու լուսամուտ» ներկայացնելու ծիծաղելի ջանքերը և այլն, և այլն:
-Անկախության այս տարիներին Հայաստանին հաջողվե՞լ է երբևէ «և-և»-ի քաղաքականություն վարել, թե մշտապես «կամ-կամ»-ի «միջակայքում» ենք:
-Այդ ո՞ր օրվանից են քաղաքական տգիտությունը, անճարակությունը, մոլորվածությունը և գործակալական աշխատակերպը դարձել տերմինավորված «քաղաքականություն», որ մենք էլ լրջորեն փորձենք պարզել դրանց հաջողվածությունն ու փոխհարաբերվածությունը: Իրականում այդպիսի արտաքին քաղաքական ուղեգիծ գոյություն չունի և ունենալ չի կարող: Կա «չեզոքություն», որն այլ հասկացություն է, և նրան խորթ են կողմնորոշված «և-և»-երը: Իսկ ընդհանրապես, մեր տարածաշրջանում շահեր հետապնդող աշխարհաքաղաքական բոլոր ուժերի համար այդ կողմնորոշված «և-և»-ն անընդունելի է: Իրականում ղարաբաղյան կլանի պարագլուխների «հայտնագործած» այդ «և-և»-ը արտաքին քաղաքական գործունեության իմիտացիայի գործիք է՝ ներքին օգտագործման համար: Իսկ իմիտացիայից, այսինքն, բառախաղերով անգործությունը զարդարելուց, հաջողություն ակնկալելն անհեթեթություն է: Այդ անգործությունն էլ իր հերթին «ակտիվ արտաքին քաղաքականություն» վարելու «տեսլական»-ի զուգորդմամբ ծառայում է «ժամանակ շահելու» գավառական քաղաքական մտայնությանը: Այստեղ ամենաողբալին այն է, որ հայկական քաղաքական շրջանակները հիմնականում չեն նկատում այդ «կամ-կամ»-երի ու «և-և»-երի բացասական լուրջ հետևանքները: Ավելի ճիշտ, չեն ուզում տեսնել, չեն ուզում զգալ, որ իրենց երկրի վզին աստիճանաբար փաթաթվում է նաև երկրորդ՝ միջազգային քաղաքական շրջափակման պարանը: Չխաբվենք Եղեռնի 100-րդ տարելիցի հաջողված հարայ-հրոցով: Գալիս են իրենց պետականությունը ձախողած ժողովուրդների «անկախ» գոյության անհրաժեշտությունը կասկածի տակ դնելու ժամանակները:
-Դուք մշտապես գործող իշխանություններից ազատվելու մասին եք խոսում: Այսօր կա՞ այն նոր ուժը կամ անհատը, որին տեսնում եք որպես ապագա իշխանություն և երկրի ղեկավար:
-Ընդհանրապես ես կողմնակից եմ Նապոլեոնի «Սկսենք, հետո կտեսնենք» կարգախոսին, չնայած ունեմ երկրի ղեկավարի իմ նախընտրելի թեկնածուն: Այսօրվա Հայաստանը երկրի ղեկավարի թեկնածուից պահանջում է ունենալ հատկապես երկու առանձնահատուկ հատկանիշ՝ քաղաքական գրագիտություն և քաղաքական պատվախնդրություն: Այս հատկանիշներով օժտված իմ թեկնածուն եղել ու մնում է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ