Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ հատվում են զուգահեռները

Երբ հատվում են զուգահեռները
12.06.2015 | 00:46

Որքան էլ տարօրինակ է՝ այս տարի ոչ ոք չէր խոսում թեժ ամռան մասին, աշխարհացունց հանրահավաքներ ու համաժողովրդական շարժումներ չէր խոստանում: Քաղաքական ուժերը ավելի շատ զբաղված են ինքնակարգավորմամբ և դաշտում իրենց տեղը հեռանկարում ամրապնդելու գործով, որ հանդարտ ու ավելի շատ գրասենյակային, քան փողոցային աշխատանք է: Անկախ նրանցից, ամառը թեժ է ստացվում ու թեժ է ստացվում հենց փողոցում: Առայժմ լոկալ հարցերով՝ «Նաիրիտ»-ի, որի վերաբերյալ որոշվեց աշխատակիցների աշխատավարձերը մեկ ամսում վճարել, իսկ վերագործարկումը հայտարարվեց օրակարգային խնդիր: ՀԷՑ-երի հարցը ևս մնում է օրակարգում, ավելի ճիշտ՝ էլեկտրաէներգիայի թանկացման: ՀԷՑ-երի հարցը շատ ավելի խորքային է, և եթե սեփականատիրոջ փոփոխություն ունի հիմքում, դեռ չի բարձրաձայնվում պաշտոնապես: Իսկ էլեկտրաէներգիան կթանկանա յոթ դրամով՝ ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն է ասում: Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են նույն հարցով: «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում շարունակել պայքարը և ոչ թե թանկացումը կանխելու, այլ էժանացման խնդիր է դնում: Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի և ՈՒշի գյուղերի բնակիչները մի քանի օր առաջ Օհանավանում հանրահավաք էին անում ու պատրաստվում մեծ խմբով հասնել Երևան՝ իրենց բողոքի ձայնը մայրաքաղաքում բարձրացնելու։ Այդպես էլ մնում է անհասկանալի՝ եղե՞լ են չարաշահումներ ՀԷՑ-երում, թալան եղե՞լ է, վատ կառավարում եղե՞լ է: Եվգենի Բիբինը եկավ խորհրդարան, և պատգամավորների հետ նրա հանդիպումից պարզ դարձավ, որ փոխադարձ մեղադրանքներ են հնչել, ու Ռոբերտ Նազարյանն է հիմնական առարկությունները ներկայացրել: Ի՞նչ է ասել Բիբինը, որ այդպես էլ իրավական գնահատական չի տրվում ՀԷՑ-երի իրավիճակին՝ հակառակ էներգետիկայի նախարարի ասուլիսում արված հայտարարության, հակառակ մամուլում համարյա ամեն օր արվող բացահայտումների: Պետական որևէ կառույց այս հարցում չկա, որովհետև չկա քաղաքական որոշում: Իսկ քաղաքական որոշում չկա ու չի լինելու հայտնի պատճառներով: Արդեն իսկ քաղաքական հանդգնություն ու դեմարշ է, որ էլեկտրաէնեգիայի թանկացման դեմ քաղաքացիական ուժերի բողոքները չեն ճնշվում:
Խորհրդարանում էլ արշալույսները խաղաղ չեն: Գարնանային նստաշրջանն ավարտվեց, բայց հունիսի 15-ին կառավարության առաջարկով արտահերթ նստաշրջան կգումարվի: Գլխավոր դատախազի զեկույցի ու բյուջեի կատարողականի, Հանրաքվեի մասին օրինագծի քննարկումները գտնված թեմա էին՝ քննադատության և իրավիճակի միմյանց պարզաբանման համար: Քննադատեցին, վիճեցին ու վիրավորեցին իրար օրակարգի բոլոր հարցերով: Նորությունն այն էր, որ ընդդիմություն-իշխանություն լեզվակռիվը տեղը զիջել է ընդդիմություն-ընդդիմություն լեզվակռվին: Հայաստանը Թուրքիա չէ, խորհրդարանական ընտրություններում հայկական քաղաքական ուժերը հույս չունեն, որ իրենց ներկայությունը Ազգային ժողովում կարող են մեծացնել ՀՀԿ-ի հաշվին, ինչպես եղավ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններում, ուստի իշխանությանը թողած՝ միմյանց հետ են փորձում մրցակցել: Իսկ իշխանությունը ընդհանրական պատասխան տվեց ընդդիմությանը և հասարակությանը ՏԻՄ ընտրություններով, որոնց ժամանակ պարզվեց, որ որոշակի բնակավայրերում անչափահաս բնակչություն չկա՝ ինչքան մարդ կա՝ այնքան ընտրող: Բայց ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, բոլորն ամեն ինչ գիտեն ու բոլորն ամեն ինչ հասկանում են: ՈՒ դեմ չեն, փաստորեն:
Էլմաուում կայացավ G-7 սամմիթը: Առանց Ռուսաստանի ու Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցները վերացնելու հարց չեղավ, եղավ խստացնելու հարց: Սամմիթի նախօրեին կողմերը միմյանց մեղադրեցին ՈՒկրաինայում իրավիճակը սրելու մեջ:
Ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերը և ուկրաինական զորքերը պարբերաբար խախտեցին հրադադարը, նոր զոհեր եղան: «Մենք չենք վերադարձել սառը պատերազմին, բայց մենք չունենք և այն ռազմավարական գործընկերությունը, որ ջանում էինք հաստատել»՝ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Մինսկյան համաձայնագրի կատարումը մնում է երկկողմանի պահանջ, որ երկու կողմն էլ չեն կատարում՝ մեղադրելով միմյանց: Ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարում են, որ Ղրիմի պես ցանկանում են միանալ Ռուսաստանին, Ռուսաստանը պահանջում է Մինսկի համաձայնագրի կատարում: Արևմուտքն այն կարծիքին է, որ ՌԴ նախագահի բուն նպատակը ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները խարխլելն է, Ռուսաստանը համոզված է, որ ՈՒկրաինան առիթ էր, Արևմուտքի նպատակը Ռուսաստանի աճող ներգործությունը աշխարհում կանխելն է: Եվ այս համապատկերում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները համարվում են անհրաժեշտ՝ կանխելու ՌԴ-ի հնարավոր առավել ագրեսիվ գործողությունները: ԱՄՆ-ի համար առանցքայինը ոչ միայն պատժամիջոցների պահպանումն է, այլև աշխարհաքաղաքական անորոշությունը տարածաշրջանում, որի հետևանք է դառնում մասնավոր ներդրողների հեռացումը Ռուսաստանից: Թվում է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շահագրգռված են ՈՒկրաինայի ճգնաժամի խորացման մեջ: Ռուսաստանն ուզում է թուլացնել ՈՒկրաինան, նույնիսկ պատժամիջոցների ճնշման տակ աշխարհին ցույց տալ իր ուժը և սպասել, թե երբ ճեղքեր կտա արևմտյան ալյանսը: ԱՄՆ-ը կարծում է, որ շարունակվող կոնֆլիկտը թույլ կտա պահպանել պատժամիջոցները և ավելացնել ՈՒկրաինայում զոհվող ռուս զինվորների քանակը, ու աշխարհաքաղաքական սրված իրավիճակում Պուտինի համար դժվար կդառնա ներքին կայունության պահպանումը՝ հավելած տնտեսության վիճակը: Փաստորեն՝ կոնֆլիկտը և ճգնաժամը դառնում են կայուն հավասարակշռության վիճակ:
ՈՒ դա շատ է հիշեցնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ Բիշքեկի հրադադարի համաձայնագրից մինչև այսօր: Բաքու մեկնելուց առաջ Երևան էր եկել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Մենակ, առանց մյուս համանախագահների, փոխված էր նաև հանդիպումների ձևաչափը՝ ոչ միայն նախագահի ու արտաքին գործերի նախարարի, այլև պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նաև հարցազրույցների առատությամբ էր նրա այցը առանձնանում: Իհարկե, սենսացիոն լուրեր չկան, բայց միայն ԱՄՆ-ի համանախագահի այցը Երևան, հետո նաև Բաքու, ինքնին խոսուն է, հատկապես եթե համադրենք ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հայտարարության հետ, որ Բաքուն բանակցային ձևաչափի փոփոխման խնդիր է դնում՝ Մինսկի ձևաչափում ուզում է տեսնել Թուրքիային ու Գերմանիային: Երևանը, բնականաբար, դեմ է: Ջեյմս ՈՒոռլիքի այցից հայտնի դարձավ, որ նա իր օրակարգում ունի երկու նախագահների հանդիպման կազմակերպումը՝ ժամկետներ նախանշելը և քննարկվելիք հարցերի շրջանակը ձևակերպելը:
Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության հարցին նա, իբրև դիվանագետ, բնականաբար, տվեց հույժ դիվանագիտական պատասխան. «Գոյություն ունեցող ձևաչափը ընդունել են կողմերը, և մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափում: Եթե կողմերը որոշեն փոխել ձևաչափը, մենք կհարգենք նրանց որոշումը: Սակայն առայժմ մենք կշարունակենք մեր աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Խնդիրը բանակցությունների ձևաչափը չէ, ի վերջո սա մի հակամարտություն է, որի վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն երկու երկրների նախագահներն ու ժողովուրդները: Երբ նրանք որոշեն, որ եկել է խաղաղության, բանակցված կարգավորման ժամանակը, մենք պատրաստ կլինենք միջնորդել, նպաստել այդ կարգավորմանը: Սա ձևաչափի հարց չէ, սա քաղաքական կամքի հարց է»: Վերջին ձևակերպումը՝ քաղաքական կամքի մասին, թարգմանաբար նշանակում է, որ հարցը բնավ էլ ձևաչափը կամ ձևաչափի արդյունավետությունը չէ: Եթե ընդունվի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու որոշում, կլուծվի: Իսկ որ հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբում տարբեր են տեսնում՝ ակնհայտ է դառնում ավելի ու ավելի: «Միջազգային եվրասիական շարժման» նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, որ Կրեմլի խոսափողի համբավ ունի, նորից ակտիվացել է: Նա հայտարարում է, որ եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, Ղարաբաղի թեման այլ նշանակություն կստանա, կլինի միջոց՝ ղարաբաղյան հարցում ռեալ առաջընթացի համար: «Այսօր ամբողջ խնդիրն այն է, որ հենց Ռուսաստանը մոտենում է կողմերից մեկին, միանգամից Արևմուտքը սկսում է աջակցել մյուսին, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Ղարաբաղը աշխարհաքաղաքական այս մեծ հարցում տարադրամ է դառնում և տուժում է: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը նույն Եվրասիական տնտեսական միության մեջ լինեն, այդ ռիսկը և ընդհանրապես ապակայունացման վտանգը կարող ենք բացառել»: Դուգինը նաև գծում է ՌԴ-ի նախատեսած ճանապարհը. «Ադրբեջանի կողմից այնքան էլ ճիշտ չէ պայման դնել՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորեք, նոր կդառնանք ԵԱՏՄ անդամ: Լրիվ հակառակը՝ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է պայման լինել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այսինքն՝ հաջորդականությունն է տարբեր. մտնում են ԵԱՏՄ, ղարաբաղյան հարցը լուծվում է»: Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին համարվում է «ռուսական դիվանագիտության մեծ հաղթանակ»: Ի՞նչ գնով: Ալեքսանդր Դուգինը, որպես տեսաբան, նաև այդ հարցի պատասխանն ունի. «Ղարաբաղյան հակամարտության խնդիրը տեսականորեն չի կարող լուծվել միայն Հայաստանի կամ միայն Ադրբեջանի օգտին: Այդ հակամարտությունը պետք է լուծվի միայն հօգուտ Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն սուբյեկտի: Ռեալիստական չէ փորձել լուծել ղարաբաղյան հակամարտությունը միայն մի կողմի օգտին. դա նշանակում է հրաժարվել լուծման հեռանկարներից ընդհանրապես: Լուծման հեռանկարներ կան: Դա, իհարկե, կլինի փոխզիջումային տարբերակ. ամեն երկիր ստիպված կլինի զոհել մի բան: Եթե գործընթացը տեղափոխվի եվրասիական հարթակ, գոնե արտաքին ապակայունացնող գործոն լինել չի կարող: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտության լուծման միակ տարբերակը եվրասիական հարթակ տեղափոխելն է: Եթե ստացվի, դժվար, բայց հնարավոր երկխոսություն կլինի: Եթե չստացվի, ղարաբաղյան հակամարտությունն ընդհանրապես չի լուծվի, կլինի նոր արյունահեղություն, նոր պատերազմ»: Չհամարենք, որ Դուգինը մարգարե է, բայց բանակցությունների տեղապտույտի ու զարգացման տարբերակներից մեկը նա լիովին կարող է ուրվագծել: Տասնյակ առարկություններ Դուգինի տեսակետներին առանց մտածելու են ծագում, իսկ մտածելու դեպքում՝ նրա հայտարարություններին չարժի ուշադրություն դարձնել՝ տեսական-ընդհանրական բնույթի և բանակցային գործընթացի մանրամասներին չտիրապետելու պատճառով: Բայց փաստը մնում է փաստ. Մոսկվան տևական ժամանակ է՝ փորձում է սեփականաշնորհել բանակցությունների և վճիռ կայացնելու իրավունքը: Եվ հարցը ԵԱՀԿ-ից ԵԱՏՄ հարթակ տեղափոխելը ամենավտանգավոր զարգացումն է, որ այս փուլում քննարկվում է՝ անգամ անկախ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ կդառնա, թե չի դառնա: Հազար տարի ԵԱՏՄ-ն Բաքվին պետք չէ, Բաքվին պետք է ԵԱՏՄ-ի միջոցով Ղարաբաղի հարցը լուծել իր պատկերացրած տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ու՝ վերջ: Եթե անդամակցի էլ, իրեն կարող է անկանխատեսելի ու անկառավարելի պահել՝ Ղազախստանից ու Բելառուսից ոչ պակաս: Մոսկվային պետք է Ադրբեջանն ունենալ ԵԱՏՄ-ում՝ սահմանափակելու Արևմուտքի հետ նրա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը, և վերջ: ՈՒ երբ հատվում են զուգահեռները, ստացվում է պատկեր, որ երկրաչափությանը հայտնի չէ, բայց քաղաքականության մեջ հնարավոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ ես այնքան ուզում էի գրել Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ու այն ընտրության մասին, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պիտի կատարի՝ Թուրքիայի և իր անձնական ճակատագրում: Փաստորեն՝ չստացվեց:

Դիտվել է՝ 1357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ