Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արարատ, «հուպ տուր»

Արարատ, «հուպ տուր»
14.06.2015 | 16:07

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:3 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից՝ պաշտոնական տեղեկատվությունը, սակայն, ինչպես միշտ չի փոխանցում ոչ խաղի, ոչ մարզադաշտի, ոչ նույնիսկ հաշվի պատկերը: Պորտուգալիայի ազգային հավաքականը ուժեղ թիմ է, մարզիչ Սուարեսը նույնիսկ խնդիր է դրել Եվրոպայի չեմպիոն դառնալ: Երեկվա խաղն ապացուցեց, որ մարզիչը ունի նման հավակնությունների իրավունք: Ճիշտ այնքան, որքան մնացած 23 թիմերը: Գուցե մի քիչ ավելի, եթե հավաքականում է Ռոնալդուն: Կրիշտիանու Ռոնալդուն երեկ երեք գոլ խփեց, ճիշտ է՝ առաջինը 11-մետրանոցով, բայց հաջորդ երկու գոլերը բնավորության ու վարպետության դասընթաց էին: Ինչո՞ւ է Հայաստանի հավաքականը դաշտում հերիքում առաջին կես ժամը, հետո արդեն մեր սքանչելի ֆուտբոլիստները սկսում են խաղալ այն խաղը, որը թույլ է տալիս մրցակիցը: Որպես կանոն՝ առաջինը գոլ խփելուց հետո մերոնք պարտվում են: Մարզական բախտը կապ չունի: Կապ ունի հոգեբանական կաշկանդվածությունը և խմբային վարպետության պակասը: Թիմն ունի անհատական բարձր վարպետությամբ, ուժեղ և խաղային փայլուն որակներով ֆուտբոլիստներ, ունի միջին մակարդակի հուսալի ֆուտբոլիստներ, հոգնած դարպասապահ և հաղթանակ երազող մարզիչ, բայց այդ միաձուլումը քիչ է դաշտում հաջողության հասնելու համար: Թիմը որպես այդպիսին չի կարող կայանալ հանդիպումից մի քանի օր առաջ հավաքվելով: Դա բոլոր հավաքականների խնդիրն է՝ ժամանակ է պետք ոչ միայն համատեղ մարզվելու, այլև միմյանց շփվելու, միմյանց խաղային առանձնահատկությունները սովորելու, առանց թիմակցին նայելու՝ իմանալու համար՝ նա ինչ կանի, պարզապես դաշտում միմյանց զգալու ու լրացնելու համար: 14-րդ րոպեին Մարկոս Պիզելիի փայլուն գոլը հաստատում է, որ ներուժ կա, բայց այնքան խոր է թաքնված, որ որևէ մարզիչ չի հասցնում հավաքել հաղթանակի խճանկարը: 72-րդ րոպեին Հրայր Մկոյանի գնդակը կարող էր վերջինը չլինել, եթե Հենրիկ Մխիթարյանը ոչ թե խաղընկերներին գնդակ մատակարեր ու փորձեր խաղը դաշտի կենտրոնից հավաքել-հասցնել մրցակցի դարպաս, այլ ինքը հարվածեր: Նույնիսկ եթե մարզիչը այլ խնդիր է դնում, խաղն է թելադրում, թե ֆուտբոլիստը ինչ կարող է անել: Եթե լիներ երրորդ խաղակես, ի՞նչ կփոխվեր: Կհավասարեցնեի՞ն մերոնք հաշիվը, թե պորտուգալացիները կմեծացնեին հաշվի տարբերությունը: ՈՒզում եմ հավատալ, որ մերոնք կխփեին, բայց գիտեմ, որ Պորտուգալիայի հավաքականը այդքան հեշտ խաղը չէր հանձնի: Պորտուգալիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է I խմբի ընտրական մրցաշարային աղյուսակը, Հայաստանը 1 միավորով՝ եզրափակում։ Սա է այսօրվա մեր մրցաշարային վիճակի պատկերը, այսինքն՝ ոչ մի վիճակ էլ չունենք, Եվրոպայի հերթական առաջնությունը մեզ չի վերաբերվելու հավաքականի տեսակետից, մենք նորից լինելու ենք ֆուտբոլասեր՝ անանձնական հետաքրքրություններով: Բայց խաղի առաջին կես ժամի որակն ու ֆուտբոլիստների որակը հույսեր տալիս են, որ Եվրո-2016-ը չէ, բայց գոնե 2020-ը ավելի ուրախ կանցնի: Իսկ 13-րդ խաղացողը այլևս հարկադրված չի լինի վանկարկել «Արարատ, հուպ տուր», թեպետ ադ նոստալգիկ ու հուժկու վանկարկումը այսօրվա ֆուտբոլասերներին ոչինչ չի ասում, բայց պահպանել է իր մոգական ուժը անցյալ դարի 70 -ական թվականներից: ՈՒ «Արարատ, հուպ տուրը» գուցե նաև «Սեզամ, բացվիր» է նոր հաջողությունների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մարկոսի հրաշալի գոլը, Ռոնալդուի հեթ տրիկը ու Շահեն Հարությունյանի վազքը մարզադաշտի երկայնքով՝ երեկվա ֆուտբոլի հիշողություններն են: Մինչև Սերբիայի հավաքականի հետ խաղը: Մեզ պակասում է ֆուտբոլային խելահեղությունը, փորձում ենք ճիշտ խաղալ ու սխալվում ենք, իսկ բարձրագույն մակարդակով «անճիշտ» խաղի դուխ դեռ չունենք:

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ