«Իրատեսի» թիվ 38-րդում հարցազրույց էինք տպագրել ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանի հետ, որը մեր ընթերցողներից ԹՈՎՄԱՍ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ բավականին զայրացրել էր։
Նախկին պաշտոնյայի արտահայտած մտքերը, մեղմ ասած, պարոն Իսկանդարյանի «սրտով» չեն եղել։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես 1995-ին միևնույն ընտրատեղամասում ԱԺ պատգամավորության թեկնածու է եղել Երջանիկ Աբգարյանի հետ, ում, մեր զրուցակցի հավաստմամբ, ոչ ոք այդ ընտրատարածքում չէր ճանաչում, սակայն ժամանակին մաքսային կոմիտեն ղեկավարած Երջանիկ Աբգարյանն ընտրվում է։ Հիշեցնենք, որ այդ ընտրատեղամասն ընդգրկում էր Մեծամոր քաղաքն ու նրա շրջակա գյուղերը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀՇ-ական քաղաքական գործիչը խոստացել է, թե Մարգարայի մաքսատունը բացելու է և մարդկանց ապահովելու է աշխատատեղերով. «Բազմաթիվ այլ բաներ էլ խոստացավ, բայց դրանցից ոչ մեկը չիրականացավ։ Հենց այդ թվականի ընտրությունների ժամանակ հիմք դրվեց ընտրակեղծիքներին։ Շատ լավ հիշում եմ մի դրվագ. Մարգարա գյուղում ընտրատեղամասից մի քաղաքացու ծեծելով դուրս հանեցին, այդ ամենին ականատես էին ոստիկանները, սակայն ոչ մի քայլ չարեցին, քանի որ ժամանակի իշխանությունն այդ «իրավունքը» նրանց տվել էր։ Ոստիկաններին, տեղի իշխանիկներին էլ հրահանգված էր, որ պետք է Երջանիկ Աբգարյանը հաղթի, քանի որ ՀՀՇ-ական է։ Ահավոր կեղտոտ, կեղծված ընտրություններ եղան։ Գումարած այս ամենին, նա բոլոր իր աջակիցներին խոստացել էր պաշտոններ տալ։ Բայց դրանք այդպես էլ խոստում մնացին»։
1995-ի ընտրություններից հետո այսօր Երևանում շինարարությունում աշխատող Թովմաս Իսկանդարյանը հասկացավ, որ Հայաստանն իր տեղը չէ։ Ընտանիքով արտագաղթում է Ռուսաստան։ «Ձեզ տված հարցազրույցում Երջանիկ Աբգարյանն ասում է, թե ՀՀՇ-ի տարիներին արտագաղթ չկար։ Ո՞նց չկար։ Մեկը՝ ես։ Անարդարությունից դրդված ընտանիքիս հետ լքեցի երկիրը։ Կա՛մ պետք է բոլոր կեղծարարների դեմ դուրս գայի ու ինձ բանտ տանեին, կա՛մ պետք է հեռանայի»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ Տեր-Պետրոսյանի ամենամեծ սխալը համարելով կադրային քաղաքականությունը։
Առաջին նախագահի իշխանության տարիներին մեր զրուցակցին բարկացրել են նաև գործող «երկակի» ստանդարտները։ Պատերազմի տարիներին, երբ ամեն ինչ պետք է ուղղվեր ռազմական գործին, ըստ մեր զրուցակցի, իրականացվում էր լիովին այլ քաղաքականություն։
«91-ին, երբ «տրեստի» գլխավոր ինժեներ էի, շաբաթը մեկ-երկու անգամ գալիս էի նախարարություն: Էջմիածնի ճանապարհին տեսնում էի, թե ինչպես են մի հսկայական շենք կառուցում, որի վրա աշխատում են տասնյակ զինվորներ: Հետո իմացա, որ դա գեներալ Մանվելի տունն է: Զարմացա` կռվի ժամանակ էս ի՞նչ շինարարություն է արվում: Եթե Ստալինն իմանար, որ կռվի ժամանակ Ժուկովը, ում ուսերին էր ամբողջ պատերազմը, մի հատ հոլիկ է կառուցում, Ժուկովի հերը կանիծեր: Կռվի տարիներին այդքան զինվոր Ղարաբաղում պետք չէ՞ր: Ես, լինելով «տրեստի» գլխավոր ինժեներ, իմ ամառանոցը չվերակառուցեցի, ամոթ էր, երկրաշարժից հետո գյումրեցին տուն չուներ, պատերազմ էր, ես ամառանոց նորոգեի՞: Լևոնի նկարը իմ գրասենյակի պատին փակցված էր: Լսելով ու տեսնելով, թե ինչ են անում այդ ժամանակվա իշխանությունները, ասացի` սրանք մարդ չեն, ու նկարը պատից պոկեցի»,- հիշում է Թովմաս Իսկանդարյանը` հավելելով, որ եթե Երջանիկ Աբգարյանը խոսում է այսօրվա թալանից, ինչո՞ւ չի նշում, թե ով դրա հիմքը դրեց: «Մարդիկ խավարի մեջ խարխափում էին, իսկ իրենք երկրի հարստությունը դուրս էին հանում, էլեկտրաէներգիայով լիճ էին տաքացնում, որ լողանային: Սա անբարոյականություն է: Լևոնն ընտրվելուց հետո ասաց, որ իր թիմն իրենից գոհ է, բա ժողովո՞ւրդը: Եթե անգամ հինգ մարդ ես ղեկավարում, նախ պիտի մտածես նրանց բարեկեցիկ ապրելու մասին, ոչ թե քամես, ինչ է թե՝ ավելի ճոխ ապրես: Սրանք ոչ մի բան չտեսած, իրենց տունը չղեկավարած, դարձան ղեկավարներ»,- վրդովվում էր մեր զրուցակիցը:
Անդրադառնալով երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների քննադատությանը, Թովմաս Իսկանդարյանը զարմացավ, թե իրենց «աճեցրած» կադրերից ինչո՞ւ են դժգոհում: «Իրենք Վազգեն Սարգսյանի հետ բերեցին, իրենք դրեցին, իրենք աճեցրին»,- ասաց նա, խոսելով նաև ներկայիս վատ բարքերից: «Ի՞նչ թիկնապահ, կենտկոմի քարտուղար Զարուբյանը գնում էր մարզեր միայն իր վարորդի հետ: Էս ի՞նչ լպիրշություն է: Մտավորականների համար էս բարքերը չափազանց խորթ են»,- շեշտեց մեր ընթերցողը` նկատելով, որ անկախության տարիների մեր քաղաքական շատ գործիչներ այդպես էլ պետական մտածելակերպ ձեռք չբերեցին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ